ԽմբագրականՀայաստան - ԱրցախՔաղաքական

ԱԿՆԱՐԿ. Անվտանգութի՞ւն, թէ՞ յիշողութիւն

ՀԱՏԻՍ

Նախորդ ակնարկում փորձել էինք խօսել այն մասին, թէ ինչ ենք կորցնում, երբ պարտութիւնից յետոյ սկսում ենք լռել մեր անցեալի մասին։ Արցախի պատմական յիշողութեան մասին հարցը թողել էինք բաց. ի՞նչ ենք ուզում պահպանել, եւ ի՞նչ կը լինի, եթէ մեր անցեալն սկսենք վերանայել այսօրւայ քաղաքական իրողութիւններին յարմարւելով։

Այս անգամ արժէ հարցին նայել նաեւ միւս կողմից։

Եթէ Արցախի մասին մեր խօսոյթը պէտք է փոխւի՝ յանուն «խաղաղութեան ու անվտանգութեան», ապա յստակ պարզել է պէտք, թէ որտե՞ղ է գծւած անհրաժեշտ զգուշաւորութեան եւ սեփական պատմութիւնը լռեցնելու սահմանը։

Արցախի պատմութիւնը միայն պատերազմի կամ տարածքի պատմութիւնը չէ։ Այն իր հայկական էութեամբ մի ամբողջ կեանքի ու մշակոյթի հետքն է՝ պատմամշակութային կոթողների ու մշակոյթի ճարտարապետութեան, անունների ու մարդկանց կեանքի հետքը։ Քաղաքական իրողութիւնը կարող է փոխւել։ Մէկ է այդ հետքը դրանով չի վերանում։

Անվտանգութիւնը պէտք է պաշտպանի մեզ իրական վտանգներից, ոչ թէ մեր սեփական յիշողութիւնից։ Որովհետեւ երբ ժողովուրդը սկսում է թաքցնել իր անցեալը միայն այն պատճառով, որ այն կարող է դուր չգալ հակառակորդին, նա աստիճանաբար տեղ է բացում նաեւ այն նարէյտիւի համար, որը նկրտումներով հաւակնում է նաեւ քո սեփական պատմութեան տեղն զբաղեցնել։

Պատմութիւնը փոխելն, իհարկէ, հեշտ բան չէ․ տեղի ունեցածն այլեւս չես փոխի։ Բայց փոխել այն, ինչ մարդիկ տարիների ընթացքում գիտեն ու յիշում են, դժւար չէ։ Բաւական է որոշ էջեր ու իրողութիւններ, պետական մակարդակով  դուրս թողնել, որոշների մասին լռել, միւսներն այլ կերպ ներկայացնել եւ նոյնը կրկնել ու շարունակել այդպէս։ Ժամանակի ընթացքում «նոր պատմութիւնը» կարող է այնքան սովորական դառնալ, որ մարդիկ այլեւս չկասկածեն

Այդպիսի նախագծերը սովորաբար չեն սկսւում պատմութեան դասագրքերից։ Երբեմն դրանք սկսւում են շատ աւելի պարզ տեղից՝ մի հրապարակային ելոյթից, մի վստահ ձայնով ասւող պնդումից, որը վաղը կարող է դառնալ «բոլորի իմացած ճշմարտութիւնը»։

Դրա վառ օրինակներից է Փաշինեանի նախընտրական ելոյթներից մէկի ժամանակ նրա հնչեցրա յայտարարութիւնը։ Մեքենայի թափքին կանգնած, բարձրախօսը ձեռքին, արձագանքելով Արցախի ու Սիւնիքի մասին բարձրացւած հարցերին՝ նա յայտարարում էր, թէ «երբեւէ այստեղ հայկական իշխանութիւն ձեւաւորւած չի եղել»։

Գուցէ այդ տեսարանը շատերին ծիծաղելի էր թւում։ Բայց պատմութեան հետ կապւած հարցերում ծիծաղը երկար չի տեւում։ Երբ իշխանութեան բերանից հնչած պնդումը դառնում է պետական խօսքի մաս, այն այլեւս միայն մէկ մարդու նախընտրական ճառ չէ։

Այստեղ է, որ պետական մտածողութիւնը հանդիպում է ժողովրդի մշակութային ազդեցութեան իրական սահմաններին։ Ժողովուրդները միշտ չէ, որ իրենց ներկայութիւնը պահել են միայն ժամանակի պետական սահմաններով։ Մշակոյթը շատ աւելի երկար ճանապարհ է անցնում։ Եկեղեցին, լեզուն, գիրը, երաժշտութիւնը, ճարտարապետութիւնը կարող են մնալ այնտեղ, որտեղից պետական սահմանը ժամանակի թելադրանքով այլեւս տեղափոխւել է։

Գուցէ հէնց դրա համար էլ մշակութային ժառանգութիւնը պահպանելն անցեալի նկատմամբ յարգանքի հարց լինելուց աւելի մեծ նշանակութիւն ունի։ Դա նաեւ ինքնութեան պահպանման ձեւ է՝ քարին դաջւած եւ անհերքելի ինքնութեան շառաւիղն ու սահմանագիծը։

Մենք կարող ենք վիճել Արցախի քաղաքական ճանապարհի, մեր սխալների եւ պարտութեան պատճառների շուրջ։ Պէտք է վիճենք։ Պէտք է նաեւ կարողանանք ընդունել այն սխալները, որոնք մեզ հասցրել են այստեղ:  Բայց այդ բանավէճը չպէտք է հասնի այն կէտին, որտեղ սկսենք  կասկածի տակ դնել մեր իսկ ապրած պատմութիւնը։

Յիշել չի նշանակում ապրել անցեալի մէջ։ Յիշել նշանակում է իմանալ, թէ որտեղից ենք գալիս, որպէսզի հասկանանք, թէ որ կողմ գնալ է պէտք։

Եթէ մենք մեր պատմութիւնը մե՛նք՝ ինքներս չպատմենք, ուրիշները կը պատմեն այն մեր փոխարէն։ Եւ այստեղ ամենավտանգաւորը միայն փաստերի կորուստը չէ։

Մի գեղեցիկ օր գալիք սերունդներն իրենց իսկ հողի վրայ իրենց պիտի զգան հիւրի կարգավիճակում։

Related Articles

Back to top button