Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպանին
Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը փետրւարի 9-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնդրիւ Թըրների հետ։ Տէր-Խաչատուրեանը շնորհաւորել է 2023 թ․ հոկտեմբերին Երեւանում կանադական դեսպանատան բացման առթիւ, ինչը նպաստելու է Կանադա-Հայաստան յարաբերութիւնների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի կողմից բարձրացւած հիմնական հարցերը վերաբերում էին Կանադայից առկայ ակնկալիքներին՝ նկատի ունենալով Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների միջոցով Արցախի էթնիկ զտումը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցութիւնները, յատկապէս ադրբեջանական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան տարածք փաստացի ներխուժումն ու օկուպացիան եւ այլն։ Մտահոգութիւններ են հնչել նաեւ Կանադայի կառավարութեան՝ Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու մասին վերջին որոշման վերաբերեալ։ 2020 թ․ հոկտեմբերի սկզբին Օտտաւան կասեցրել էր դէպի Թուրքիա ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման թոյլտւութիւնները՝ մասնաւորապէս օպտիկական սարքաւորումները, որոնք Թուրքիան օգտագործում էր իր անօդաչու թռչող սարքերի մէջ, որոնք էլ այնուհետեւ ուղարկւում էին դէպի Ադրբեջան եւ օգտագործւում 2020 թ․ 44-օրեայ պատերազմի ժամանակ հայերին թիրախաւորելու համար։
Դեսպան Թըրները վերահաստատել է իր կառավարութեան դիրքորոշումն առ այն, որ պէտք է յարգւի Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը, եւ որ Կանադան վճռականօրէն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականութեանը, ինչի վկայութիւնն է ԵՄ մոնիտորինգային առաքելութեանը մասնակցելու իր որոշումը՝ ի պատասխան Հայաստանի իշխանութիւնների պաշտօնական խնդրանքի։ ԵՄ մոնիտորինգային առաքելութիւնը տեղակայւել է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում 2022 թ․ հոկտեմբերից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչութեան եւ, հնարաւորութեան դէպքում, նրանց իշխանութիւնների միջեւ վստահութեան ամրապնդմանը։
Մինչ այժմ Կանադան միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը տեղում մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելութեանը:
Կանադայի դեսպանը նաեւ վերահաստատել է, որ կանադացի արտահանողներին ծանուցւել է առ այն, որ նոր պաշտպանական արտահանման համար դիմումները պահանջում են հաւաստացիումներ Թուրքիայից, որտեղ նշւում է, թէ արդեօք տրամադրւած տեխնոլոգիաները վերաարտահանւելու են երրորդ կամ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ, եւ արդեօք դրանք ներառւելու են սպառազինութեան մէջ: Կանադան պարտաւոր է ներպետական օրէնսդրութեան եւ զէնքի առեւտրի համաշխարհային պայմանագրի համաձայն՝ կանխելու, յայտնաբերելու եւ դադարեցնելու ռազմական ապրանքների ուղարկումը դէպի այլ չնախատեսւած շահառուների:
90 րոպէ տեւողութեամբ հանդիպումն աւարտւեց երկուստեք պատրաստակամութեամբ՝ շարունակել նման հանդիպումները ապագայում եւ հնարաւորութեան դէպքում համագործակցել փոխշահաւէտ նախաձեռնութիւններով՝ տարբեր ոլորտներում ամրապնդելու Կանադա-Հայաստան յարաբերութիւնները։
Հանդիպմանը ներկայ էին նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը եւ Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդական Ահարոն Քոուն։