Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դիւանագէտների Համահայկական խորհուրդ. «Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացւած գիշերային կապիտուլեացիոն գործարքը»

«ԱԼԻՔ» – Դիւանագէտների Համահայկական խորհուրդը հանդէս է եկել յայտարարութեամբ, դատապարտելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման եւ սահմանագծման անօրինական գործընթացը:

«Երէկ եւ այսօր որպէս դիւանագիտական մեծ ձեռքբերում ներկայացւած սահմանազատման եւ սահմանագծման այսպես կոչւած գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։ Չնայած իշխանութիւնների կողմից թմբկայարւող անյոդաբաշխ արձանագրումներին, արդէն կասկածից վեր է, որ այս հակաիրաւական գործընթացը լրջագոյն հարւած  է Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը։

Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է, որ գործընթացի շրջանակներում ստեղծւում է ոչ թէ նոր սահման, այլ վերականգնւում է գոյութիւն ունեցող սահմանը՝ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի։ Եւս մէկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման եւ սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որեւէ քարտէզային նկարագիր։ Փոխարէնը, օրւայ իշխանութիւնները համառօրէն շարունակում են անտեսել միակ իրաւական հիմք ունեցող երկու գործընթացները.

Առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետութիւնների Գերագոյն խորհուրդների որոշումներով վաւերացւած քարտէզն է,

Երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրայ երկու խորհրդային հանրապետութիւնների միջեւ ձեւաւորւած յանձնաժողովների կատարած աշխատանքների եւ վերջնական ճշգրտումների աւարտին ստորագրւած 182 արձանագրութիւնները՝ մանրամասն նկարագրերով։ Դրա արդիւնքում փաստացի սահմանագծւել է հայ-ադրբեջանական 975 կմ երկայնքով ողջ սահմանը (ներառեալ Նախիջեւանը)։ Արձանագրութիւնների բնօրինակն ի պահ է յանձնւել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գէոդեզիայի եւ քարտէզագրութեան ինստիտուտին եւ մեկական օրինակ ուղարկւել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին։ Արձանագրութիւնների հիման վրայ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողութեամբ 1988 թ. հրատարկւել է պաշտօնական քարտէզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին։

Այս ապօրինի գործընթացի արդիւնքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթէ դրան գումարւում են ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողութեան տակ գտնւող Բերքաբերի ջրամբարն ու յարակից տարածքներն, ապա միայն այս հատւածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք։

Դիւանագէտների համահայկական խորհուրդը խստագոյնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացւած գիշերային կապիտուլեացիոն գործարքը եւ ահազանգում է, որ նման կործանարար գործընթացի շարունակութեան պարագայում Հայաստանի Հանրապետութիւնը կրելու է կենսական եւ ռազմավարական նշանակութեան նոր կորուստներ։ Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատւութիւնն ընկնում է ներկայիս վարչախմբի՝ այդ թւում յանձնաժողովի հայկական կողմի վրայ։

16 մայիսի, 2024 թ.

ք. Երեւան»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button