Դաւիթ Բաբայեանի որդին. «Յոյսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել»
«ԱԼԻՔ» – Բաքւում շարունակւում է հայ գերիների ու պատանդների, այսպէս կոչւած, «դատավարութիւնը»։ Ադրբեջանի դատախազութիւնն Արցախի նախկին պաշտօնեաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչութիւնից մինչեւ ապօրինի զինւած խմբաւորումների կազմաւորում։
Եւ քանի որ «դատավարութիւնն» ընթացել է «բաց ռեժիմով», այդ երկրի լրատւամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որոնցում հանրութիւնը տեսաւ Արցախի նախկին նախագահներին, նախկին պետնախարար, գործարար Ռուբէն Վարդանեանին եւ ադրբեջանական բանտերում ապօրինի պահւող Արցախի միւս գերեվարւած նախկին պաշտօնեաներին։
«Դատավարութեան» ընթացքին ուշի ուշով յետեւում են նաեւ գերեվարւածների հարազատները։ Նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի որդին՝ Տիգրանը, MediaHub-ին ասել է, որ այլ մանրամասների չի տիրապետում, բացի այն ամէնից, ինչ հրապարակւում է թշնամի երկրի լրատւամիջոցներում։
«Յունւարի 17-ին նախապատրաստական դատական նիստում տրամադրւել են փաստաբաններ եւ թարգմանիչներ։ Ընդհանրապէս, ինչպէս հայրս, այնպէս էլ միւսներն ունեն իրենց փաստաբանները։ Յունւարի 17-ից յետոյ չենք խօսել, այլ մանրամասներից տեղեակ չեմ, միայն լրատւականներից իմացել եմ, որ հօրս վրայ յարուցւած մեղադրանքներն աւելի թեթեւ են։ Ուստի, սպասենք դատավարութեան աւարտին, տեսնենք՝ ինչ կը լինի։ Ամէն դէպքում յոյսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել»,- ասել է Տիգրան Բաբայեանը։
Յիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահւում, այդ թւում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրայ 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական յարձակման հետեւանքով գերեվարւած 16 անձինք։ Միւսները Բաքւի բանտում են յայտնւել 2020 թւականի պատերազմի եւ 2022-ից յետոյ՝ Արցախի շրջափակման ժամանակահատւածում։