Հրանտ Միքայէլեան. «Փաշինեանին դեռ յաջողւում է ընդդիմախօսների հակափիառի հաշւին ինչ-որ ռէյտինգ պահպանել, սակայն դա բաւարար չէ, որ նա ընտրւի»

«ԱԼԻՔ» – «Մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւններում ժողովուրդը Հայաստանի կառավարման` մեզ տւած մանդատը երկարացնելու է, որովհետեւ խաղաղութեան օրակարգը, որ մենք վարում ենք, այդ քաղաքականութեան հեղինակը ժողովուրդն է»,- ստրասբուրգեան ճեպազրոյցում, ի թիւս այլնի, այս վստահ յայտարարութիւնն է արել Նիկոլ Փաշինեանը։
Ո՞րն է Նիկոլ Փաշինեանի ինքնավստահութեան պատճառը, արդեօ՞ք իշխող ուժը 2026 թւականին ունի վերընտրւելու շանսեր՝ 168.am-ը հետաքրքրւել է քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանից։
Ի պատասխան՝ Հրանտ Միքայէլեանը նախ յիշեցրել է, որ Փաշինեանը 2021 թ. մանդատ չի ստացել այն ամենի համար, ինչն ինքն իրականացրել է յաջորդիւ, ապա նաեւ նկատեց, որ ժողովրդից մանդատ ստացող անձը չի կարող ամէն ինչում մեղադրել ժողովրդին։
«Այն քարոզարշաւը, առաջարկները, ծրագիրը, որը ներկայացրել է այդ ժամանակ, ամբողջութեամբ տարբերւում է դրանից յետոյ իրագործւած ծրագրից։ Փաշինեանն այդ քւէները ստացել էր ոչ թէ որպէս անձ, այլ քաղաքականութիւն վարող, իսկ այդ քաղաքականութիւնն ինքը փոխել է ընտրւելուց յետոյ։ Այսինքն՝ Փաշինեանն ընտրողներին խաբել է,- նշեց Հրանտ Միքայէլեանը, ապա յաւելեց,- արդեօ՞ք ժողովուրդը նրան մանդատ տւել է. նախ՝ մենք տեսնում ենք՝ իր բոլոր ելոյթներում նա փորձում է ասել, որ ժողովուրդը սխալ է, իսկ միւս կողմից՝ եթէ մենք նայենք, թէ ինչպէս է ժողովուրդը վերաբերւում իշխանութեան վարած քաղաքականութեան առանձին դրւագներին, ապա տեսնում ենք բացասական վերաբերմունք՝ սկսած Արցախի յանձնումից, վերջացրած՝ Թուրքիայի հետ բանակցութեամբ այս ձեւաչափով, կամ՝ դասագրքերում, այսպէս կոչւած, բարեփոխումներով»։
Ամէն դէպքում, քաղաքագէտը նկատել է, որ Նիկոլ Փաշինեանին դեռեւս յաջողւում է ընդդիմախօսների հակափիառի ու սեփական փիառի հաշւին ինչ-որ չափով ռէյտինգը պահպանել, սակայն այդ ռէյտինգը բաւարար չէ, որպէսզի նա ընտրւի։
«Ու հէնց աստեղ արդէն փորձ է կատարւում լռեցնել քննադատութիւնը բռնաճնշումներով, ինչի ականատեսն ենք մենք։
Այսինքն՝ խօսել այն մասին, որ Հայաստանում մարդիկ ընտրում են, բացարձակապէս սուտ է, քանի որ արդէն ամիսներով ձերբակալւած են առաջնորդներ, օրինակ՝ Բագրատ Գալստանեանը՝ այս տարիներին ամենամեծ փողոցային պայքարի առաջնորդը, բանտարկւած է նաեւ Սամուէլ Կարապետեանը՝ ամենախոշոր հայ գործարարը՝ ինչ-որ արտայայտութեան համար, եւ այլն։
Ի՞նչ ընտրութիւնների մասին է խօսքը։ Փաշինեանը վրդովւել է ու թերեւս յոյս ունի, որ եթէ Մոլդովայում կեղծւլ են ընտրութիւնները, ապա ինքն էլ կը կարողանայ, այդքան բան»,- պարզաբանել է նա։
Հրանտ Միքայէլեանն անդրադառնալով արդէն խաղաղութեան օրակարգի մասին Փաշինեանի դիտարկումներին՝ շեշտել է, որ այդ օրակարգն ի սկզբանէ եւ ամբողջութեամբ սուտ է։
«Սկզբում խօսում էր արժանապատիւ խաղաղութեան մասին, յետոյ պարզւեց, որ պէտք է Արցախը յանձնել, որպէսզի խաղաղութիւնը լինի, յետոյ պարզւեց, որ «միջանցքը» պէտք է բացւի, իսկ յաջորդ քայլն ակնյայտօրէն լինելու է արդէն ադրբեջանցիների տեղափոխումը Հայաստան։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ իրականացւում է ադրբեջանական ծրագիր»,- ասել է քաղաքագէտը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինեանը չի նշում «միջանցք» եզրոյթի մասին, որ դա ճանապարհ է, որը կոչել են TRIPP, մասնագէտն արձագանքեց, որ դա արւում է ժողովրդի վրայ այն ինչ-որ կերպ վաճառելու համար։
«Այսինքն՝ ինքը նոյնիսկ չբացառեց, որ այդ ճանապարհով Ադրբեջանը զէնքեր է տեղափոխելու»,- մանրամասնել է նա։
Յստակեցմանը, որ ասւել է, որ Հայաստանն էլ կարող է տեղափոխել, Հրանտ Միքայէլեանն արձագանքել է. «Որտեղի՞ց, Նռնաձորից դէպի Մեղրի՞, թէ՞ Ագարակ…»։
Ըստ նրա՝ ապագայում այդ ճանապարհով տեղափոխւող զէնքերը նաեւ Թուրքիայի համար են, «որպէսզի զինի Միջին Ասիան՝ Ռուսաստանի դէմ, եւ այդտեղ նոր պատերազմ սկսւի»։
Առհասարակ, քաղաքագէտը խաղաղութեան պայմանագիրը համարում է կապիտուլիացիոն փաստաթուղթ՝ միակողմանի զիջումներով, իսկ դրա այլընտրանքը համարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական զսպումը։
«Դրա համար պէտք է օգտագործել բոլոր հնարաւոր գործընկերների աջակցութիւնը, այդ թւում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսկաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Արաբական երկրների։ Այլ տարբերակ չկայ. միայն ստորագրութիւններով խաղաղութիւնը չի հաստատւում։ Խաղաղութիւնն այն մեխանիզմն է, որը խաղաղութիւնն ապահովում է, այսինքն, այն, օրինակ, վախը կամ այն բարձր գինը, որը հակառակորդը կը վճարի, եթէ յարձակւի։
Իսկ այն, որ Փաշինեանը բոլորին ասում է, թէ եթէ, օրինակ, լաւ յարաբերութիւններ լինեն, ապա ոչ ոք չի ուզենայ յարձակւել, ինքն ամէն ինչը մեխանիզմներից, ինստիտուտներից, անվտանգային ճարտարապետութիւնը տեղափոխում է դէպի Ադրբեջանի ցանկութիւնը։ Նա ասում է՝ մենք պէտք է այնպիսի վիճակ ստեղծենք, որ Ադրբեջանը չուզենայ Հայաստանի վրայ յարձակւել։
Նախ՝ Ադրբեջանի ուզենալ-չուզենալը Հայաստանի ձեռքում չէ, երկրորդ՝ եթէ Հայաստանն ամէն տեսանկիւնից սխալ է անում (իսկ Փաշինեանը հէնց դա է անում. արդէն նախորդ բոլոր նախագահներին ռազմական յանցագործ է հռչակել, Ադրբեջանի համար հող է ստեղծում, որպէսզի Ադրբեջանը պահանջի նաեւ տնտեսական փոխհատուցումները, որոնք, ըստ թշնամական կողմի հաշւարկների՝ հարիւրաւոր միլիարդներ են), ապա մտածել, որ նման պայմաններում խաղաղութիւն կը լինի, հիմարութիւն է»,- ամփոփել է Հրանտ Միքայէլեանը։
Զրոյցը՝ ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆԵԱՆԻ