ԱԳ նախարար. «Տարածաշրջանը պայթիւնավտանգ վիճակում է. Իրանը ձգտում է խաղաղութեան, բայց պատրաստ է ցանկացած պատերազմի»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբաս Արաղչին ահազանգել է տարածաշրջանի խիստ փխրուն եւ պայթիւնավտանգ իրավիճակի մասին: Նա կրկին հաւաստիացրել է, որ Իրանը դէմ է տարածաշրջանում լարւածութեան աճին եւ ձգտում է խաղաղութեան, միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտութեան դէպքում, պատրաստ է ցանկացած պատերազմի:
Այս մասին նա յայտարարել է երէկ՝ հոկտեմբերի 13-ին Բաղդադում, իր իրաքցի գործընկերոջ՝ Ֆուադ Հոսէյնի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք ցանկացած հանգամանքների։ Մենք պատրաստ ենք ե՛ւ պատերազմի, ե՛ւ խաղաղութեան։ Մենք հանդէս ենք գալիս յօգուտ խաղաղութեան եւ փորձում ենք խաղաղութեան հասնել Գազայում եւ Լիբանանում»,- ասել է նա:
Յիշեցներով տարածաշրջանի առջեւ ծառացած լուրջ մարտահրաւէրների եւ զգուշացնելով տարածաշրջանում տագնապալի իրավիճակի մասին՝ Արաղչին ընդգծել է դաշնակից երկրների միջեւ աւելի սերտ խորհրդակցութիւնների անհրաժեշտութիւնը։
«Տարածաշրջանը տագնապային վիճակում է, եւ բախումների բռնկման հաւանականութիւնը շատ մեծ է, ինչը կապւած է Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների հետ»,- ասել է նա՝ զգուշացնելով տարածաշրջանի այլ երկրներում ճգնաժամի տարածման մասին։
Արաղչին նշել է, որ անհրաժեշտ է պայքարել Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դէմ, որպէսզի դադարեցւի Գազայի եւ Լիբանանի բնակիչներին պարտադրւած պատերազմը:
«Սիոնիստական յանցագործութիւններին պէտք է վերջ դրւի, եւ պէտք է հրադադար հաստատւի։ Մենք որոշեցինք այդ հարցով խորհրդակցութիւններ անցկացնել Իրաքի հետ եւ հասնել հրադադարի (Գազայում)»,- ասել է նա՝ անդրադառնալով իր իրաքցի գործընկերոջ հետ բանակցութիւնների արդիւնքներին:
Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ դրւատանքի խօսքեր է ուղղել Իրաքին, այն յայտարարութեան համար, որ վերջինս թոյլ չի տայ իր օդային տարածքն օգտագործել Իրանի վրայ յարձակւելու համար:
Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսէյնն էլ իր հերթին Գազայի եւ Լիբանանի դէմ Իսրայէլի սանձազերծած պատերազմը դադարեցնելու նպատակով հաւաքական գործողութիւնների կոչ է արել։ Դատապարտելով Իրանի եւ Իրաքի դէմ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները՝ Հուսէյնն ընդգծել է, որ Իրաքը չի վերածւի մարտադաշտի։ Նա շեշտել է, որ Իրաքի օդային տարածքը բացառւած կը լինի ցանկացած հնարաւոր պատերազմից։ «Տարածաշրջանում պատերազմի բռնկումը կը յանգեցնի անկայունութեան եւ խաղաղութեան բացակայութեան»,- յայտարարել է նա։
Ֆուադ Հուսէյնը զգուշացրել է, որ պատերազմը կը յանգեցնի քաոսի եւ թոյլ կը տայ այնպիսի խմբաւորումներին, ինչպիսին ԴԱԷՇ-ն է, վերսկսել ահաբեկչական գրոհները:
Նշենք, որ Բաղդադում Սէյէդ Աբբաս Արաղչին բանակցութիւններ է ունեցել Իրաքի բարձրաստիճան ղեկավարութեան հետ: Նա հանդիպել է Իրաքի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւել են տարածաշրջանային վերջին իրադարձութիւնները եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը: