Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը յայտարարեցին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Իրանի միջուկային հարցի աւարտի մասին

«ԱԼԻՔ» – Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախագահին եւ Կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերէշին յղած համատեղ նամակում յայտարարել են, որ 2231 թիւը կրող բանաձեւի գործողութիւնը 2025 թւականի հոկտեմբերի 18-ին աւարտւել է։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նամակում նշւում է, որ բանաձեւի 8-րդ գործնական կէտի համաձայն՝ բոլոր դրոյթներն ուժը կորցնում են նշւած ամսաթւից յետոյ, ինչն էլ նշանակում է Իրանի միջուկային հարցի քննարկման աւարտը Անվտանգութեան խորհրդում։
«Այս քայլը կուժեղացնի խորհրդի հեղինակութիւնն ու բազմակողմ դիւանագիտութեան վաւերականութիւնը»,- ասւած է նամակում։
Համատեղ նամակը յղել են ՄԱԿ-ում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի մշտական ներկայացուցիչները՝ յղում անելով երեք երկրների արտաքին գործերի նախարարների օգոստոսի 28-ի համատեղ գրութեանը, որը տարածւել էր Անվտանգութեան խորհրդում եւ Գլխաւոր ասամբլեայում։ Այդ գրութեամբ երեք պետութիւնները ներկայացրել էին իրենց միասնական դիրքորոշումը Snapback մեխանիզի ակտիւացմանն ուղղւած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի վերջին գործողութիւնների վերաբերեալ։
Թեհրանը, Մոսկւան եւ Պեկինը կրկին ընդգծել են, որ եւրոպական երեք պետութիւնների փորձերը՝ ակտիւացնելու այսպէս կոչւած Snapback մեխանիզմը, իրաւական առումով անհիմն եւ անընդունելի են։ Նրանց յիշեցմամբ՝ հէնց այդ երկրներն են խուսափել կատարել իրենց պարտաւորութիւնները ինչպէս 2015 թւականի Համատեղ համապարփակ գործողութիւնների ծրագրի (ՀՀԳԾ), այնպէս էլ 2231 բանաձեւի շրջանակում։
Իրանն, Ռուսաստանն ու Չինաստանը նաեւ կոչ են արել բոլոր կողմերին խուսափել միակողմանի պատժամիջոցներից, ուժի սպառնալիքներից եւ լարւածութիւնը սրող քայլերից, եւ փոխարէնը շարունակել քաղաքական երկխօսութիւնը՝ փոխադարձ յարգանքի եւ դիւանագիտական մեխանիզմների հիման վրայ։
Նրանք պահանջել են, որպէսզի նամակը պաշտօնապէս գրանցւի որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի փաստաթուղթ։
Նշենք, որ Իրանի արտգործնախարարութիւնը եււ հաստատել է, որ Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի 10-ամեայ ժամկէտը լրացել է 2025 թւականի հոկտեմբերի 18-ին, ինչի արդիւնքում վերանում են Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումներն ու վերահսկման մեխանիզմները։
ԱԳՆ-ի յայտարարութեամբ՝ այսուհետ Իրանի միջուկային ծրագիրը պէտք է դիտարկւի նոյն կարգով, ինչ միւս ոչ միջուկային պետութիւնների՝ որոնք հանդիսանում են Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի անդամներ։



