Հոկտեմբերի 6-ը Վարանգաթաղը ազատագրած դաշնակցական հերոսների յիշատակի օրն է

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 6-ը 44-օրեայ պատերազմի ընթացքում Վարանգաթաղը ազատագրած ու պաշտպանած ՀՅԴ կամաւորական ջոկատի զոհւած հերոսների յիշատակի օրն է: Այդ առիթով, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել:
Նա գրել է.
«2020 թւական պատերազմական հերթական օրն էր… 24-ժամեայ ռեժիմով «Երկիր մեդիայի» պատերազմական հերթական օրը…
Լուրերի տեղատարափ, ու յանկարծ կէսօրին մեր տնօրէն Դաւիթը այլայլւած առանձնանում է հետս… տղերքից վատ լուրեր կան, զոհեր ունենք։ Ովքե՞ր… դեռ անունները պարզ չեն։ Խառնակ հոգով, ոչինչ ցոյց չտալով շարունակում եմ գործս, կռիւ է, պատերազմ… կարճ ժամանակով գնացի ՀՅԴ Սիմոն Վրացեան կենտրոն…ու պարզւեց՝ 2020 թւականի հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի (Լուլասազ, Յակոբ Կամարի) բարձունքում զոհւել են ՀՅԴ 2-րդ վաշտից 22 եւ 1-ին վաշտից 2 մարտիկներ։
Դէպքից ժամեր անց, նոյն վաշտի տղերքի եւ բանակի 2 յատուկ ջոկատայինների ջանքերով ազատագրւեց Վարանգաթաղը։ Սա Արցախում 2020 թւականի պատերազմում հայկական կողմի այն բացառիկ յաջողութիւններից էր, երբ ոչ միայն ազատագրւեց թշնամու կողմից գրաււած տարածքը, այլ նաեւ պահւեց՝ մինչեւ պատերազմի աւարտը։
Յետոյ նիկոլական քարոզչամեքենայի գեբբելսը դիֆերամբներ էր հիւսելու մեր տղերքի մասին ու յետոյ այդ ամէնը մոռանալու էր։
Այդ ժամանակ որոշեցինք լուրերով շատ մանրամասներ չհրապարակել։ Անվտանգային հարց էր՝ թշնամին շատ կը կենտրոնանար մերոնց ուղղութեամբ, ի վերջոյ իրենց աչքի փուշ Դաշնակցութեան գումարտակն էր… յետոյ…
Յաւերժ փառք տղերքին»։
Յիշենք նրանց անուն առ անուն.
ՄՀԵՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ, ԳԷՈՐԳ ՀԱՋԵԱՆ, ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱՐԹԻՆ, ՎԻԳԷՆ ՄՈՒՐԱԴԵԱՆ, ԵՐՒԱՆԴ ԹԱԴԷՈՍԵԱՆ, ՄԱՆՈՒԿ ԹՈՐՈՍԵԱՆ, ԴԱՆԻԷԼ ԹՈՎՄԱՍԵԱՆ, ԿԱՐԷՆ ԲԱԴԱԼԵԱՆ, ԱՐՇԱԿ ՄԵԼԻՔԵԱՆ, ՏԱՒՐՈՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿԵԱՆ, ԱԲՐԱՀԱՄ ԲԱՐՆՋԵԱՆ, ՄԱՆՈՒԿ ՄԱՐԳԱՐԵԱՆ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ, ԳՈՌ ՍԱՐԳՍԵԱՆ, ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ, ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏԵԱՆ, ԱՐԱՅԻԿ ՄԿՐՏՉԵԱՆ, ՍՈՒՐԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ, ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉԵԱՆ, ՍՈՒՐԷՆ ՎԱՆՑԵԱՆ, ԱՐԿԱԴԻ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ, ԱՐԿԱԴԻ ՄԻՍԿԱՐԵԱՆ, ՏԻԳՐԱՆ ԱՍԱՏՐԵԱՆ: