Ջէյմզ Վորլիք. «Երկու երկրների շահերից է բխում ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար»
«ԱԼԻՔ» – ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջէյմզ Վորլիքը լաւատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կը կարողանան հանգել խաղաղութեան համաձայնագրին։
Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ ամերիկացի դիւանագէտը նման կարծիք է յայտնել Վաշինգտոնում՝ «Ատլանտեան խորհրդի» Եւրասիական կենտրոնի կողմից կազմակերպւած առցանց քննարկմանը:
«Թւում է՝ մօտենում ենք վերջնակէտին։ Կարելի է ասել նաեւ, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մօտեցել ենք վերջնագծին, բայց այդպէս էլ չի յաջողւել անցնել վերջնագիծը»,- ասել է Վորլիքը:
Յիշատակելով նախորդ շաբաթներին Տաւուշի ուղղութեամբ ադրբեջանական գիւղերի վերադարձնելը Բաքւին՝ ամերիկացի դիւանագէտը նշել է, թէ բանակցութիւններում մի քանի առանցքային կէտ է մնացել:
«Սահմանագծումը, թւում էր, դիւրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդւելով խորհրդային քարտէզներով, բայց, կարծես, դա երկար ժամանակ է պահանջելու»,- նշել է Վորլիքը՝ յաւելելով, թէ միւս խնդիրը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութեան հարցն է։
«Կարծում եմ՝ երկու երկրների շահերից է բխում ոչ միայն լուծել այդ հարցը, այլեւ ճանապարհ գտնել այդ միջանցքը («Զանգեզուրի միջանցք»-ԽՄԲ.) ստեղծելու համար: Ադրբեջանը, կարծես, նախընտրում է երկաթուղային ճանապարհը, եւ, անկեղծ ասած, Հայաստանն էլ պէտք է ողջունի այս տարբերակը, քանի որ այն բացում է սահմանը եւ տրանսպորտային ու առեւտրային նոր ճանապարհների հնարաւորութիւն տալիս»,- ասել է Վորլիքը։