Միջազգային

ԱՄՆ-ում կայացել է Բայդէն-Թրամփ առաջին հեռուստաբանավէճը. ըստ CNN-ի հարցման՝ յաղթել է Թրամփը

«ԱԼԻՔ» – Յունիսի 28-ին, ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջօ Բայդէնի եւ Դոնալդ Թրամփի միջեւ կայացել է առաջին հեռուստաբանավէճը: Համաձայն CNN-ի հարցման արդիւնքների՝ հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին:

Ըստ արդիւնքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջօ Բայդէնն աւելի լաւ է հանդէս եկել, քան իր մրցակիցը։

CNN-ը նշում է, որ հարցման արդիւնքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը եւ նրա լսարանը համարւում են Դեմոկրատական կուսակցութեան համակիրներ։

Հեռուստաալիքի տւեալներով՝ բանավէճից առաջ ընտրողները (55% ընդդէմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը աւելի լաւ հանդէս կը գայ, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։

Նշենք, որ Բայդէն-Թրամփ հեռուստաբանավէճի ընթացքում հնչել են մի շարք սուր յայտարարութիւններ:

«Ցանկանո՞ւմ էք երրորդ աշխարհամարտը սկսւի, ուրեմն՝ թոյլ տւէք Թրամփին յաղթել ընտրութիւններում», – ասել է Բայդէնը:

Մինչդեռ Թրամփը հակադարձել է, որ «եթէ Բայդէնը վերընտրւի, ԱՄՆ-ից, որպէս երկիր, ոչինչ չի մնայ»: Ըստ նրա՝ Բայդէնն ԱՄՆ պատմութեան մէջ վատագոյն նախագահն է:

«Մեր ուժը դաշինքի մէջ է, իսկ Թրամփը ցանկանում է մեզ ՆԱՏՕ-ից հանել»,- շարունակել է Բայդէնը:

Թրամփն էլ ասել է, որ եթէ ԱՄՆ-ը ունենար իսկական նախագահ, նախագահ, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կը յարգէր, նա երբեք չէր ներխուժի Ուկրաինա:

Related Articles

Back to top button