Սիւնիքը կարող է կրկնել Ուկրաինական տարածքների ճակատագիրը
Ուկրաինայի օրինակը դաս չդարձաւ Փաշինեանի համար

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Նիկոլ Փաշինեանը չի հանել «Զանգեզուրի միջանցք»-ը աճուրդի, նա հրապարակայնօրէն յայտնել է այն շահագրգիռ կողմերին պարզապէս յանձնելու պատրաստակամութիւնը։ Մամուլի ասուլիսն անհրաժեշտ էր, որպէսզի Նիկոլ Փաշինեանը հրապարակայնօրէն ընդունէր Թուրքիային եւ ԱՄՆ-ին Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու պատրաստակամութիւնը։
Այս միջանցքը հիմա քօղարկւում է «աութսորս» բառով։
Սա Ռուսաստանը չէ եւ ոչ էլ Վլադիմիր Պուտինը, որը ոչ միայն կանգնեցրեց 2020 թւականի պատերազմը, այլեւ թոյլ տւեց Փաշինեանին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել ոչ ուղիղ եթերում։ Փաշինեանը հրապարակայնօրէն չի յայտարարել, որ միշտ հետեւելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառին։ Ի թիւս այլնի, սա ի վերջոյ յանգեցրեց նրան, որ Փաշինեանի կողմից 2020 թւականի փաստաթղթի սուբիեկտիւ մեկնաբանութիւնները ոչ միայն Արցախն ու Հայաստանը հասցրին ազգային ողբերգութեան, այլեւ այս իրավիճակը դարձաւ դաս Անկարայի, Բաքւի եւ Վաշինգտոնի համար, հետեւաբար, նրանք ցանկանում են, որ Փաշինեանը հրապարակային յայտարարութիւններ անի տեսախցիկի առջեւ:
Մինչ այս պահն ամէն ինչ քօղարկւում է «աութսորս» բառով եւ «համատեղ ձեռնարկութիւն» բառակապակցութեամբ։ «Ի՞նչ մոդելներ կարող են լինել։ Օրինակ, կարող է լինել Հայաստան-ԱՄՆ համատեղ ձեռնարկութիւն»,- յայտարարել է Փաշինեանը։
«Համատեղ կառավարման» թեման նորութիւն չէ յետխորհրդային տարածքի համար։ Բոլորովին վերջերս մենք տեսանք, թէ ինչպէս Կիեւը եւ Վաշինգտոնը ստորագրեցին օգտակար հանածոների համատեղ արդիւնահանման եւ Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին համաձայնագիր։ ԱՄՆ ֆինանսների նախարարութեան կայքում հրապարակւած մամուլի հաղորդագրութեան մէջ ասւում էր, որ պայմանագիրը կնքւել է «ի գիտութիւն այն զգալի ֆինանսական եւ նիւթական աջակցութեան, որը ԱՄՆ ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանութեան համար ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր»։ Հիմնադրամի էութիւնը կայանում է նրանում, որ Ուկրաինայից ստանայ այն ամբողջ գումարը, որը Վաշինգտոնը որպէս օգնութիւն ուղղել է երկրին պատերազմի սկզբից։ Պատերազմ, որի յետեւում հէնց Վաշինգտոնն էր կանգնած։
Ուկրաինական իշխանութիւնները ապրիլին ստորագրւած համաձայնագիրը ներկայացրել են որպէս երկրի անվտանգութեան համակարգի կարեւոր տարր։ Հիմնական քարոզչական թէզը կայանում էր նրանում, որ ամերիկեան բիզնեսն արդէն անվտանգութեան երաշխիք է։ Աւելի պարզ ասած՝ Ռուսաստանը չի յարձակւի այն ամէնի վրայ, ինչը փոխանցւել է ամերիկացիներին։ Սակայն, օրինակ, յունիսին ռուսական զօրքերը վերահսկողութեան տակ վերցրին ԴԺՀ-ի արեւմտեան հատւածում գտնւող Շեւչենկօ աւանը, ինչի պատճառով Ուկրաինան կորցրեց լիթիումի կարեւոր հանքավայրը, որն ապրիլեան համաձայնագրով ԱՄՆ-ի հետ անցել էր Վաշինգտոնին։
Սա վառ օրինակ է այն բանի, որ ոչ մի բիզնես չի կարող լինել անվտանգութեան հարիւր տոկոսանոց երաշխիք։ Ոչ Ուկրաինայում, ոչ էլ Հայաստանի Սիւնիքի մարզում։ Բացի այդ, չկայ երաշխիք, որ Բաքւի եւ Անկարայի կողմից պոտենցիալ ագրեսիայի դէպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնները նախապէս չեն կարողանայ պայմանաւորւել ամերիկեան բիզնեսի հետ այն մասին, որ ռազմական գործողութիւնների ընթացքում ամերիկեան բիզնեսը չի տուժի։ (ԱՄՆ-ը շարունակում է նաւթի արդիւնահանման գործողութիւնները Սիրիայում, չնայած այն հանգամանքին, որ երկրում իշխանութիւնը զաւթել են ահաբեկիչները։ Նաւթի արդիւնահանումը շարունակւում էր նաեւ ահաբեկիչների կողմից Դամասկոսի վրայ յարձակման օրերին)։
Մտածէ՛ք այդ մասին…
Alphanews