Արաղչի. «Չպէտք է թոյլ տանք, որ Սիրիան ապահով վայր դառնայ թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների համար»
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ դեկտեմբերի 2-ին, Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանային իրադարձութիւնները, մասնաւորապէս՝ Սիրիայի զարգացումները:
Հանդիպման աւարտից յետոյ երկու գործընկերները հանդէս են եկել համատեղ մամլոյ ասուլիսով, որի ըթնացքում տեղեկացրել են, որ սիրիական ճգնաժամի հարցի կարգաւորմանն ուղղւած Աստանայի ձեւաչափը (Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիա մասնակցութեամբ-ԽՄԲ.) կրկին կակտիւանայ: Նրանք նշել են, որ Աստանայի ձեւաչափի յաջորդ հանդիպումը նախատեսւում է անցկացնել ԱԳ նախարարների մակարդակով:
Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծւած իրավիճակին եւ Սիրիայում ահաբեկչական խմբաւորումների ակտիւացմանը, Արաղչին նշել է. «Տարածաշրջանային շատ խնդիրներ արտաքին միջամտութեան հետեւանք են: Սիրիայում թաքֆիրական ուժերը սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի եւ Սիոնիստական ռեժիմի հետ: Ահաբեկիչների վերադարձը վտանգել է Սիրիայի անվտանգութիւնը: Այս իրավիճակի շարունակումը կազդի Սիրիայի հարեւանների վրայ»:
Նա նշել է, որ իր թուրք գործընկերոջ հետ քննարկել են Սիրիայում կայունութեան հաստատման ուղիները.
«Չպէտք է թոյլ տանք, որ Սիրիան ապահով վայր դառնայ թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների համար: Համակարծիք ենք, որ Սիրիան պէտք է շարժւի խաղաղութեան ուղղութեամբ, եւ պէտք է պահպանւի Սիրիայի ինքնիշխանութիւնը»,- ասել է Արաղչին՝ նշել, որ խնդրի հետ կապւած կողմերի միջեւ կան որոշակի տարակարծութիւն, բայց, նաեւ, ընդհանուր մօտեցումներ: