Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վիտալի Մանգասարեան. «Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող վտանգները չեն չէզոքացւել. գործողութիւններ կարող են լինել բոլոր հնարաւոր ուղղութիւններում»

Վերջին օրերին Նիկոլ Փաշինեանը Սիւնիքում էր, որտեղ համոզում էր, որ սահմանազատման եւ սահմանագծման իրենց սկսած գործընթացը, կամ՝ Ոսկեպարում տեղադրւած ինժեներական պատնէշները կարող են անվտանգութեան երաշխիք լինեն, եւ որ պէտք է հետեւութիւն անել անցած ճանապարհից, անցած 30 տարուց եւ հարեւանների հետ համակեցութեան եզրեր գտնել, չթշնամանալ եւ չտրւել թշնամացման ընդդիմադիրների փորձերին: Սրան զուգահեռ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը, պատասխանելով Ադրբեջանի՝ ֆրանսիական սպառազինութեան ձեռքբերման հետ կապւած պաշտօնական Բաքւի պահանջ-դժգոհութեանը, մասնաւորապէս, նշել էր. «Ամէն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնաւորելու մի շարք կենտրոնների կողմից արւող վերլուծութիւնները, թէ Ադրբեջանն ամէն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024 թ. նոյեմբերին Բաքւում կայանալիք COP29 գագաթնաժողովից յետոյ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Բացի այս, ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, ինչպէս արդէն նշեցինք, զուտ պաշտպանողական սպառազինութիւն չի գնում եւ երբեմն զօրավարժութիւնների մասին հաղորդագրութիւններում ակնարկում կամ նշում յարձակողական դրւագների խաղարկման մասին:

Այս ամենից ելնելով՝ Ադրբեջանից եւ Թուրքիայից ի՞նչ գործողութիւններ սպասել, ե՞րբ եւ ո՞ր ուղղութեամբ, եւ երկրորդ՝ արդեօ՞ք անվտանգային հարցերում կարող են տարաձայնութիւններ լինել Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմակիցների միջեւ:

Այս թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վիտալի Մանգասարեանի հետ:

– Չեմ կարծում, որ Փաշինեանի եւ իր թիմակիցների միջեւ լուրջ տարաձայնութիւններ կան, աւելի շուտ կասէի, որ շատ դէպքերում զուտ տարաձայնութիւն լինելու իմիտիացիա է ստեղծւում։ Այսքան ժամանակ չի եղել որեւէ դէպք, երբ Փաշինեանի թիմակիցները հակառակւեն նրան, դրա յետեւից մինչեւ վերջ գնան եւ առաւելեւս՝ յաջողեն։

Շատ դէպքերում Փաշինեանն ինքն է, այսպէս ասած, «փուռը» տւել իր թիմակիցներին եւ բոլոր դէպքերում մարսել է այդ ամէնը։ Փաստերը քիչ չեն:

Իսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող վտանգները չեն չէզոքացւել, աւելին՝ Արցախի ՊԲ կորստից յետոյ այդ վտանգներն է՛լ աւելի են մեծացել։ Եթէ մինչ այդ ՀՀ-ի հանդէպ լայնածաւալ գործողութիւններ սկսելուց առաջ ադրբեջանական կողմին անհանգստացնում էր, որ իր, այսպէս ասած, թիկունքում մարտունակ, խնդիր լուծող ռազմական միաւոր կար՝ ի դէմս ՊԲ-ի, ապա այս փուլում այդ վտանգն Ադրբեջանի համար այլեւս չկայ, եւ, բնականաբար, նրանց ձեռքներն էլ աւելի են երկարացնելու։

Ինչը վերաբերում է գործողութիւնների հնարաւոր ուղղութիւններին, ապա, ցաւօք սրտի, Տաւուշի պաշտպանական բնագծերի յանձնումից յետոյ մենք բոլոր ուղղութիւններում էլ լուրջ խնդիրներ ենք ունենում: Եւ այդ ամէնը հաշւի առնելով՝ հակառակորդը գործողութիւնների կարող է գնալ բոլոր հնարաւոր ուղղութիւներում։

Նիկոլ Փաշինեանի խաղաղութեան թէզի հաւաստիացումները ժամանակի ընթացքում հէնց իր եւ իր թիմակիցների կողմից են հերքւում։ Ասւածի վառ ապացոյցներից մէկը ՀՀ ԱԳՆ-ի տարածած վերջին յայտարարութիւնն էր, որտեղ զգուշացնում են մօտալուտ պատերազմի մասին։

Պաշտպանութեան նախարարութեան զօրավարժութեան համատեքստում ձեր նշած ակնարկներին, կարծում եմ, որ իրականացւող գործողութիւնները բաւարար չեն: Որպէսզի կարողանանք դիմակայել սպասւող մարտահրաւէրներին գուցէ արժի, որ պաշտպանութեան նախարարութիւնը փորձի լոկոմոտիւի դեր ստանձնել, այն է՝ բարձրացնի զինւած ուժերի մարտական պատրաստւածութեան աստիճանը, վերականգնի բարոյահոգեբանական վիճակը, դրան զուգահեռ նաեւ հասարակութեան ինքնագնահատականի բարձրացման հարցը ուշադրութեան կենտրոնում պահի:

– Արդէն նշեցիք՝ ինչ պէտք է անի պաշտպանական գերատեսչութիւնը, ամէն դէպքում, այսօր կարո՞ղ ենք ասել, որ բանակը պատրաստւում է պատերազմի: Այլ կերպ՝ միայն սպառազինութեան գնման պայմանագրերի կնքումը, մասնաւորապէս վերջինը KNDS ֆրանսիական ռազմարդիւնաբերական ընկերութեան հետ, ինչը դժգոհութեան ալիք բարձրաձրեց ադրբեջանական եւ ռուսական կողմում, բաւարար հի՞մք է նման եզրակացութիւն անելու համար:

– Եթէ ադրբեջանական կողմի դժգոհութիւնները տրամաբանական են եւ ինչ-որ տեղ նաեւ սպասելի, ապա ռուսական կողմի դժգոհութիւններն առնւազն հարցեր են առաջացնում։

Մերօրեայ իրականութեան մէջ զէնքի ձեռքբերումը ոչ միայն թանկ հաճոյք է, այլ նաեւ շատ դէպքերում նաեւ անհնարին: Եւ Հայաստանը պէտք է կարողանայ աշխատել զէնք վաճառող բոլոր երկրների հետ։ Միւս կողմից, միայն զէնք գնելը բաւարար չէ, անհրաժեշտ է նաեւ համակարգային մօտեցում՝ սկսած այդ զէնքերի սպասարկումից, մեր ԶՈՒ-ի ինտեգրումից, վերջացրած այդ զէնքերի վրայ ՄՈԲ ռեսուրսի ուսուցանումից։

Ցաւօք, այդ ամէնը բաւարար արագութեամբ տեղի չի ունենում, եւ ասել, որ այս փուլում մեր պետութիւնը պատրաստւում է պատերազմի, մեղմ ասած, տեղին չէ։

– Անուղղակի կերպով լոգիստիկ խնդիրների թեմա շօշափեցիք, հիմա Նիկոլ Փաշինեանն ասում է, որ հարեւանների հետ պէտք է լաւ յարաբերութիւններ ունենալ՝ հաշւի առնել նրանց շահերը, տրամադրութիւնները: Աւելին, նա մի ժամանակ ասում էր, թէ պէտք է հաշւի առնենք, որ Վրաստանը ԵՄ տարածք է, այսօր այդ երկիրը խնդիրներ ունի ԵՄ-ի հետ: Սրանից բացի, Իրանը չի ողջունում ՀՀ արեւմտեան ծրագրերը, հետին մտքերը, մինչդեռ Վրաստանը եւ Իրանը կարեւոր ճանապարհ են գնւած զէնքի տեղափոխումն ապահովելու հարցում:

– Ինչպէս վերեւում արդէն նշեցինք, Նիկոլ Փաշինեանը մի կողմից յայտարարում է, որ հարեւանների հետ պէտք է լաւ յարաբերութիւններ ունենալ, միւս կողմից՝ նոր թշնամիներ է ձեռք բերում։ Արդեօ՞ք ՀՀ շահերից է բխում այս դժւարին իրավիճակում նոր հակառակորդներ եւ թշնամիներ ունենալ։ Այս փուլում յատկապէս Իրանի հետ մեր շահերը խաչւում են, եւ պէտք է այն հնարաւորինս արդիւնաւէտ օգտագործել, եւ իսկապէս անկեղծ ու վստահելի յարաբերութիւններ կառուցել, ոչ թէ բարեկամութեան իմիտացիա անել։

Մենք իրաւունք չունենք մեզ նման ճոխութիւն թոյլ տալու, մեր բարեկամների թիւը աւելացնելու փոխարէն՝ նւազեցնելու։ Դա չափազանց բարդ եւ վտանգաւոր հարց է, եւ պէտք է զերծ մնալ «վայրի» լուծումներից։

– Ի դէպ, ՀՀ ԶՈՒ ղեկավարութիւնն ասում է, որ ՆԱՏՕ–ի, ԱՄՆ-ի, արեւմտեան երկրների հետ համագործակցութեան շնորհիւ ՀՀ բանակը կերպափոխւում է, բայց երբ քննում ենք ծրագրերը, դրանք խորհրդատւական բնոյթ են կրում, կամ՝ պաշտպանական քաղաքականութեանն ու կրթութեանն են վերաբերում: Այո, դրանք կարող են ազդել կերպափոխման, կերպարանափոխման վրայ, միւս կողմից՝ այսօրինակ համագործակցութիւնը նորութիւն չէ, մեծ հաշւով: Իսկ Ադրբեջանը բռնեց թուրքական մոդելի բանակ ունենալու ճանապարհը, եւ դա նկատելի է: Որքանո՞վ է մեր բանակի այս կերպափոխումը, բարեփոխումները համահունչ Ադրբեջանի զինւած ուժերում տեղի ունեցողին:

– Բանակի կերպարանափոխումը պէտք է նկատելի լինի։ Ի՞նչն է փոխւել, մեր անվտանգութի՞ւնն է մեծացել, մարտունակութեան աստիճա՞նն է անգամներով բարձրացել, շաբաթը մէկ զօրավարժութիւն ենք իրականացնո՞ւմ, որպէսզի դիմակայենք մարտահրաւէրներին… Բանակում շատ գործ կայ անելու, եւ պէտք է ինտենսիւ աշխատել, ոչ թե ականջահաճոյ յայտարարութիւններ անել։ Կերպարանափոխման, կերպափոխման տրամաբանութեան մէջ շատ է խօսւում ատեստացիայի մասին, սակայն մինչեւ հիմա այդ գործընթացի կազմակերպման մէջ բազմաթիւ խնդիրներ կան։ Մարդիկ ամիսներով սպասում են, մինչեւ իրենց ատեստաւորման հերթը հասնի։

– Անվտանգային հարցերի համատեքստում չանտեսենք ՀԱՊԿ-Հայաստան, ՌԴ-Հայաստան յարաբերութիւնները: Փաշինեանը ժամանակ առ ժամանակ մեղադրանքներ է հնչեցնում ՀԱՊԿ-ի հասցէին, բայց այսօր Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերեալ Երեւանը պաշտօնական դիմումներ չի ուղարկել, հետեւաբար՝ այդ հարցը եւ հանրապետութեան դուրս գալու հնարաւոր հետեւանքները ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում չեն քննարկւել։ Աւելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ակնարկել էր, թէ այստեղ քարոզչական տարր կայ՝ յիշեցնելով Հայաստան-ՌԴ ռազմական պայմանագրերը եւ այլն:

– Հայաստան-ՀԱՊԿ եւ Հայաստան-ՌԴ յարաբերութիւնները, կարելի է ասել, պատմական անկում են գրանցել, եւ այստեղ մի քանի օբիեկտիւ պատճառներ կան։

Առաջին, հայաստանեան հասարակութեան շրջանում ձեւաւորւած ակնկալիքներ կային ՌԴ-ից, յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ, երբ ՌԴ խաղաղապահները տեղակայւեցին Արցախում։

Երկրորդ, ՀՀ-ում գործող ռազմաքաղաքական ղեկավարութիւնը վերջին տարիներին, մեղմ ասած, չէր ցանկանում յարաբերութիւնները բարելաւելուն միտւած քայլեր իրականացնել, եւ իրականացւած քայլերի մեծ մասն էլ, իմ կարծիքով, զուտ իմիտացիա էր։ Եւ տպաւորութիւն ունեմ, որ անկախ երկուստեք իրար հանդէպ հնչող մեղադրանքներից, ստեղծւած իրավիճակը ձեռնտու է թէ՛ հայկական կողմին, թէ՛ ռուսական։

Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, որ դեռեւս 2018 թւականին էր պէտք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական կողմը զուգահեռ իր գազն Ադրբեջանի միջոցով վաճառում է։ Ինչպէս ասում են՝ բոլորը գոհ ու շնորհակալ են, Ադրբեջանը ստացաւ Արցախն առանց հայերի, Ռուսաստանը ստացաւ հնարաւորութիւն՝ գազ վաճառել Ադրբեջանի միջոցով, իսկ Նիկոլ Փաշինեանն էլ դեռեւս 2018 թւականից ունեցած իր համոզմունքները կեանքի կոչեց՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։ Այլ հարց է՝ այս մօտեցումները բխո՞ւմ են արդեօք ՀՀ պետական եւ անվտանգային շահերից, իմ գնահատմամբ՝ ոչ։

– Վերադառնանք սահմանազատման գործընթացին, արդեօ՞ք յաջորդ փուլը Սիւնիքում է լինելու, ինչպէս չի բացառում Նիկոլ Փաշինեանը:

– Նախ արձանագրենք՝ Տաւուշում տեղի ունեցած գործընթացը սահմանազատման պրոցես չէր, քանի որ սահմանազատման դասական սահմանման տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում։ Այդ պրոցեսն ուղղակի միակողմանի զիջում էր մեր կողմից, ինչի դիմաց հայկական կողմը ոչ մի բան չստացաւ։

Հետեւելով իրադարձութիւնների զարգացումներին եւ ադրբեջանական կողմից հնչող պահանջատիրական յայտարարութիւններին, եւ այդ ամէնը համադրելով նախորդ շրջափուլերում տեղի ունեցածի հետ, դժւար չէ գալ այն եզրայանգման, որ յաջորդիւ, այսպէս կոչւած, սահմանազատման պրոցեսը տեղի է ունենալու այնտեղ, որտեղ կը պարտադրի հակառակորդը։ Փաշինեանի մարտավարութիւնը հետեւեալն է՝ տեսնել, թէ ինչ է ուզում հակառակորդը, այնուհետեւ տարբեր ձեւերով փաթեթաւորել այն եւ ներկայացնել՝ որպէս հայկական կողմի մօտեցում։ Այդ ճանապարհով բարդ խնդիրների լուծումը ես նորից կորակեմ՝ «վայրի» լուծում, որը ո՛չ բանական մարդու տրամաբանութեան մէջ է տեղաւորւում, ո՛չ էլ միջազգային յարաբերութիւններում նման պրակտիկա կայ։

– Նիկոլ Փաշինեան-Էրդողան հեռախօսազրոյցից յետոյ ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել, որտեղ նշւում է, որ ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետութիւնը, սրանից յետոյ Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայէլի ԱԳՆ: Արդեօ՞ք Իսրայէլը սա չի օգտագործի Ադրբեջանի «ձեռքով»: Յիշենք, որ ժամանակին Իրանի «դէմ դուրս եկանք» եւ Իսրայէլում դեսպանատուն ունենալու որոշում կայացրեցինք:

– Պաղեստինի պետութեան ճանաչումը ՀՀ-ի կողմից այս փուլում նպատակայարմար չէր, քանի որ իր մէջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում: Մենք գիտենք, որ իսրայէլական կողմը տարբեր ձեւերով աջակցում է Ադրբեջանին, եւ 44-օրեայ պատերազմի օրերին մեծ աջակցութիւն է ցուցաբերել՝ ե՛ւ զէնքի, ե՛ւ մասնագէտների ու փորձի փոխանակման տեսքով: Եւ այս իրավիճակում բոլորից առաջ ընկնել եւ ճանաչել Պաղեստինի պետութիւնը, կարծում եմ, ոչ մի լաւ բանի չի տանի:

Այո, ինչպէս նշեցիք, այս պրոցեսը տեղի ունեցաւ Թուրքիայի նախագահի հետ Փաշինեանի  հեռախօսազրոյցից յետոյ: Չգիտեմ՝ որքանով այդ հեռախօսազրոյցը կապ ունի այս որոշման հետ, յամենայնդէպս, մինչ այս պահը տրամաբանական բացատրութիւն պատկան մարմինների կողմից չի տրւել: Կրկնում եմ՝ ինչպէս շատ հարցերում, այս դէպքում եւս առաջ ենք ընկնում եւ մեզ ոչինչ չտւող որոշումներ ենք կայացնում:

Related Articles

Back to top button