Արթուր Խաչատրեան. «Շարժումը ժողովրդի ձայնն է»
«ԱԼԻՔ» – «Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանութիւններին ասում են՝ չէք կարողանում ապահովել մեր անվտանգութիւնը»։ Այս մասին երէկ՝ մայիսի 7-ին, ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամանակ յայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի «Տաւուշը յանուն Հայրենիքի» գլխաւորած շարժմանը։
Ա. Խաչատրեանն ասել է, որ շարժման մէջ շատ ակտիւ մասնակցութիւն ունի Դաշնակցութիւնը։
«Մենք միշտ յայտարարել ենք՝ աջակցում ենք շարժմանը, հիմա էլ կոչ ենք անում Հայաստանի ճակատագրով հետարքրքւած բոլոր քաղաքական ուժերին միանալ շարժմանը, որովհետեւ սա իշխանութեան համար շարժում չէ, սա Հայաստանի տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, անկախութեան եւ հայ ժողովրդի արժանապատւութեան համար շարժում է»,- ասել է նա։
Նրա խօսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանութիւններին ասում են՝ չէք կարողանում ապահովել մեր անվտանգութիւնը։
Հարցին՝ Շարժումը իշխանափոխութեան, Փաշինեանի հրաժարականի պահանջ չի դնում, հետագայում պահանջը կը վերափոխւի, նա պատասխանել է. «Ես յոյս ունեմ՝ իրենք կը հասկանան, որ չեն կարողանում լուծել ՀՀ առջեւ ծառացած մարտահրաւէրները որքան էլ ջանք են թափում։ Իրենք ասում են՝ ամէն ինչ անում են, բայց որեւէ արդիւնք չեն ապահովում»,- նշել է պատգամաւորը։
Ինչ վերաբերում է ճեպազրոյցի ժամանակ ՔՊ-ականների յայտարարութիւններին, թէ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը եւ նրան միացած գործիչները փորձում են Հայաստանը դարձնել ծայրագաւառ եւ փորձում են յեղաշրջում իրականացնել, Խաչատրեանը պատասխանել է.
«Այս իշխանութիւնները 2 փուչիկ են փչել վերջին մի քանի տարրիների ընթացքում. փուչիկներից մէկը, որը պայթեցրեց ուրբաթ օրը Աննա Վարդապետեանը, այն է, որ որեւէ օտար ուժ Հայաստանում յեղաշրջում է ուզում իրականցնել, նա հերքեց դա եւ ասաց՝ ընդհանրապէս յեղաշրջման փորձ չի եղել։
Այս իշխանութիւնները հոգով սրտով բոլշեւիկներ են՝ 37 թւին ում բռնում էին վրան մի հատ լրտեսի կնիք էին խփում, որ ցոյց չտան, հերքեն, որ երկրի ներսում կայ իրենցից դժգոհութիւն, ամէն ինչը վերագրում էին օտար ուժերին։ Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞յ ուժ որն ուզում է Հայաստանը դարձնել ծայրագաւառ, բայց տեսնում եմ, որ ՔՊ-ն ուզում է Հայաստանը դարձնել վիլայեթ, դրա համար հաճոյքով Փաշինեանը գնացել էր Էրդողանի երդմնակալութեանը նստել էր Ալիեւի յետեւը եւ նայում էր Ալիեւի ծոծորակին»։