Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «ՀՀ իշխանութիւններն իրենց անհեռատես քայլով Հայաստանը դարձնում են տարածաշրջանային հզօր երկրների շահերի բախման կիզակէտ»

«ԱԼԻՔ» – Յուլիսի 17-ին, Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարը հիւրընկալել էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանին: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարւել Ադրբեջանը Թուրքիային կապող անխոչընդոտ ճանապարհի տրամադրման հարցի պատմութեանը եւ դրա մերօրեայ մեկնաբանութեանը, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք» փաթեթաւորմամբ:

Արթուր Խաչատրեանի կարծիքով՝ արդէն իսկ յայտարարւած պայմաններով նման ճանապարհի տրամադրումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ստրատեգիական մեծ նշանակութեան նոր տարածքային զիջում:

«Դրա արդիւնքում խախտւում է Հայ-իրանական սահմանը, անհասկանալի է, թէ ինչ իրաւունքներ պէտք է ունենայ Հայաստանն իր սուվերեն տարածքի այդ հատւածում, ոչինչ չի ասւած, թէ ինչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց»,- նշել է նա:

Արթուր Խաչատրեանը նաեւ ընդգծել է, որ ՀՀ իշխանութիւններն իրենց հերթական անհեռատես քայլով Հայաստանը դարձնում են տարածաշրջանային հզօր երկրների շահերի բախման կիզակէտ, ինչը յղի է անվտանգային բազմաթիւ մարտահրաւէրներով:

«Մեր պատմութեան ընթացքում մենք միշտ տուժել ենք, մասնատւել, երբ այստեղ բախւել են հզօր կայսրութիւնների շահերը՝ Յունաստան-Պարսկաստան, Թուրքիա-Պարսկաստան, Ռուսաստան-Թուրքիա-Պարսկաստան եւ այլն: Մինչդեռ այսօր էլ տարածաշրջանային շատ խաղացողներ՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Չինաստան, ԱՄՆ, այստեղ ունեն ընդհանուր շահեր, որոնք կարող են նրանց մերձեցնել: Հէնց դրա վրայ պէտք է խաղալ եւ ոչ թէ նրանց միջեւ հակասութիւնները խորացնելու եւ սրելու»,- ասել է Արթուր Խաչատրեանը:

Անդրադարձ է կատարւել նաեւ ներհայաստանեան քաղաքական կեանքին եւ մասնաւորապէս վերջին շրջանի քաղաքական ռեպրեսիաներին, որոնք, ըստ Արթուր Խաչատրեանի, հետապնդում են իշխանութեան դիրքերն ընտրութիւններից առաջ ամրապնդելու, քաղաքական հակառակորդներին վախեցնելու եւ լռեցնելու նպատակներ: Նրա կարծիքով՝ Փաշինեանը պատրաստ է Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական խամաճիկ պետութիւն, միայն թէ ինքն այնտեղ կարողանայ իշխել:

Հարցին, թէ ինչ վիճակ է ընդդիմադիր դաշտում, եւ արդեօք առաջիկայ սեպտեմբերից ընդդիմութիւնը պատրաստւում է դիմադրութեան նոր ալիք բարձրացնել, Արթուր Խաչատրեանը պատասխանել է. «Ես չեմ կարող ողջ ընդդիմութեան անունից խօսել, քանի որ ընդդիմադիր դաշտում այսօր կան ամենատարբեր քաղաքական ուժեր ու միաւորներ, որոնք նոյնիսկ միմեանց դէմ են պայքարում: Իսկ ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին եւ Դաշնակցութեանը, կարող եմ ասել, որ համագործակցութիւնը շարունակւում է, իսկ ներքին պառակտումների մասին ասէկոսէները չեն համապատասխանում իրականութեանը»:

Related Articles

Back to top button