Ասողիկ աբեղայ. «Միակ խնդիրն այդ մի քանի եպիսկոպոսների քայքայիչ անգործունէութիւնն է եւ մահացու ագահութիւնը»

«ԱԼԻՔ» – «Սուրբ Պատարագի արարողութիւնը Ս. Եկեղեցու «Խորհուրդ խորին»-ն է: Սուրբ Պատարագի արարողութիւնն այն աղբիւրն է, որը կեանք, յոյս, յարութիւն, քաւութիւն եւ թողութիւն է շնորհում Տիրոջն ապաւինած եւ ապաշխարող հաւատաւոր անձին»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիւի եւ Թանգարանների տնօրէն Ասողիկ աբեղայ Կարապետեանը։
Նա շարունակել է.
«Սուրբ Պատարագն այն արարողութիւնն է, որով Ս. Եկեղեցին՝ որպէս մէկ միտք, մէկ հոգի, մէկ մարմին, մէկ անձ՝ իր ողջ նւիրապետութեամբ եւ հաւատացեալ ժողովրդով, դաւանում է իր սուրբ եւ ուղղափառ հաւատքը, յիշատակելով Ս. Եկեղեցու Հայրապետին եւ թեմակալ առաջնորդին՝ սահմանադրում եւ հռչակում է Ս. Եկեղեցու Առաքելական ծագումն ու նւիրապետական միութիւնը, ճաշակելով Տիրոջ Ս. Մարմինն ու Ս. Արիւնը՝ Ս. Հաղորդութիւնը, կազմաւորում է Տէր Յիսուս Քրիստոսի խորհրդական մարմինը:
Եւ ահա այս ահեղ խորին խորհուրդը մի քանի նենգադաւ ու դաւաճան եպիսկոպոսներ վերածել են խելայեղ արկածախնդրութեան: Բայց Սուրբ Պօղոս Առաքեալի խօսքը, արդարեւ, վկայում է, որ Ամենակալ Աստւած արժանին է հատուցելու բոլորին՝ ամբարտաւան ու ամբարիշտ եպիսկոպոսներին, նրանց կամակից մի քանի անարժանապատիւ քահանաներին եւ անզգամ պաշտօնեաներին. «Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են, որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտւի» (Ա. Կորնթ. ԺԱ. 28-31):
Սիրելի հաւատաւոր ազգակիցներ,
Արթո՛ւն մնացէք եւ անսասա՛ն, ի սրտէ աղօթեցէ՛ք՝ ընդմիշտ փարւած մեր Սրբութիւն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Թող ոչ ոք Ձեզ չխաբի եւ չմոլորեցնի՝ ինչպէս սատանան, որ հայրն է ստութեան, ապստամբութեան եւ կործանման. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընտրւած Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովով, ցկեանս է, ուստի որեւէ ոտնձգութիւն Հայրապետի նկատմամբ՝ բացառապէս օրինազանցութիւն է, նւիրապետական սուրբ կարգի դէմ ապստամբութիւն է, աստւածուրաց բռնութիւն է:
Ամէն թէզ ու խօսք, որ այսօր նենգաբար շրջանառւում է՝ բացարձակ սուտ է եւ աստւածհայհոյութիւն, քանզի Հայոց Եկեղեցում ամէն բան կարգաւորեալ է, Հայոց Եկեղեցում գոյութիւն չունեն հիմնախնդիրներ (իսկ ընթացիկ հարցերն էլ միշտ ստացել, ստանում եւ ստանալու են իրենց պատշաճ լուծումները):
Հայոց Եկեղեցու Հովւապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենայն իմաստութեամբ եւ շնորհալի առաջնորդութեամբ շէնութիւն ու պայծառութիւն է բերել մեր եկեղեցական կեանքին ու անդաստանին: Մեր հոգեւոր կեանքում միակ եւ հիմնական խնդիրն այդ մի քանի եպիսկոպոսների քայքայիչ անգործունէութիւնն է եւ մահացու ագահութիւնը՝ անձնական շահով խարանւած, որոնք էլ նրանց մղել են այս պախարակելի ու դատապարտելի արարքին՝ ընդդէմ Հայոց Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Առաջ Աստւած, սա՛ էլ, նրա՛նք էլ կանցնեն»։



