ՄիջազգայինՔաղաքական

ԱՐՏԱՔԻՆ ՃԱԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳԻՆԸ

ՀԱՏԻՍ

 

Արդէն յստակօրէն կարելի է արձանագրել, որ ԱՄՆ-ի միջանկեալ ընտրութիւնները մէկ բան յստակ ցոյց տւեցին. Թրամփի արտաքին քաղաքականութեան գինը հաշւարկւում է նաեւ ամերիկեան ընտրողի գրպանում։ Իրանի դէմ պատերազմը, էներգակիրների թանկացումը եւ տնտեսական անորոշութիւնը դարձան ներքաղաքական դժգոհութեան մաս։ Դեմոկրատների յաջողութիւնը հարւած է Թրամփի քաղաքական դիրքերին, բայց դժւար թէ Վաշինգտոնը որոշի մէկ օրում շրջադարձ կատարի իր արտաքին օրակարգում։

Իրանի դէմ պատերազմի կարգաւորման հարցում, սակայն, ընտրական ճնշումն այլեւս անտեսել հնարաւոր չէ։ Երկարատեւ պատերազմը ծախսատար է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ԱՄՆ-ի համար։ Թէեւ դրա դադարեցումը դեռ երաշխաւորւած չէ, Վաշինգտոնի համար այն կարող է դառնալ քաղաքական անհրաժեշտութիւն։

Իսրայէլի ընտրութիւնները նոյնպէս կայունութիւն չեն խոստանում ոչ մէկին: Նեթանիահուի դաշինքը մեծամասնութիւն չունի, իսկ նոր կառավարութեան ձեւաւորումը մնում է «Սիոնիսզմի ճակատ»-ի եւ արաբների անորոշութիւն խոստացող ու կոտրւող միաւորումից։ Սա կարող է աւելին բարդացնել տարածաշրջանային քաղաքականութեան կանխատեսելիութիւնը:

Նոյն այս համատեքստում պէտք է դիտարկել նաեւ տարածաշրջանային կայունութեան անունով առաջ մղւող նախագծերը։ Հայաստանում TRIPP-ը ներկայացւում է որպէս խաղաղութեան եւ տնտեսական կապերի նոր հնարաւորութիւն, սակայն դրա շուրջ ոչ միայն Իրանի մտահոգութիւնները չեն վերացել, այլեւ հայկական կողմում եւս քիչ չեն անորոշութիւնները։ Հարցը միայն ճանապարհ բացելը չէ, այլեւ, թէ ո՛վ է տնօրինելու դրա գործարկումը, եւ ինչպէ՞ս են պաշտպանւելու տարածաշրջանի երկրների շահերն ու անվտանգութիւնը։ Պարզապէս յիշել է պէտք Աֆղանստանից մէկ ակնթարթում ամերիկեան բանակի դուրս բերումը: 

Աշխարհը նոր բլոկաւորումների է գնում, եւ այդ պայքարում ճանապարհները, էներգակիրներն ու անվտանգային համաձայնութիւնները նոյնքան կարեւոր են, որքան ռազմական ուժը։

Իսկ փոքր պետութիւնների համար ամենամեծ վտանգն այն է, որ ուրիշների խաղաղութեան ծրագրերում իրենք յայտնւեն ոչ թէ որպէս որոշում կայացնող, այլ աշխարհաքաղաքական մրցակցութեան տարածք։

Related Articles

Back to top button