ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպանների եռակողմ հանդիպումը Վիեննայում

Քննարկւել է երեք երկրների դիրքորոշումների համակարգումը ԱԷՄԳ կառավարման խորհրդի նիստից առաջ

«ԱԼԻՔ» – Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպանները Վիեննայում եռակողմ հանդիպում են ունեցել՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) կառավարման խորհրդի առաջիկայ նիստից առաջ քննարկելու երեք երկրների դիրքորոշումների համակարգումը գործակալութեան օրակարգի շուրջ։ Այս մասն է տեղեկացնում ԻՌՆԱ գործակալութիւնը:

Ինչպէս հաղորդել է Վիեննայում ՄԱԿ-ի կառոյցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Օլիանովն իր տելեգրամեան էջում, չորեքշաբթի Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները հերթական անգամ անց են կացրել Իրանի միջուկային հարցի շուրջ եռակողմ խորհրդակցութիւն։

Օլիանովը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնեցրել եւ համադրել են իրենց դիրքորոշումները՝ ԱԷՄԳ կառավարման խորհրդի առաջիկայ նիստին պատրաստ լինելու նպատակով։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Միխայիլ Ուլիանովը Telegram-ի իր էջում գրել է.

«Այսօր Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանը անցկացրին Իրանի միջուկային հարցի շուրջ աւանդական եռակողմ խորհրդակցութիւններ: Մենք համաձայնեցրինք մեր դիրքորոշումները՝ ԱԷՄԳ կառավարման խորհրդի յաջորդ նիստից առաջ լիարժէք պատրաստութիւն ունենալու նպատակով»։

ԱԷՄԳ-ի յաջորդ նիստը նախատեսւած է նոյեմբերի 19-21-ի համար: Աղբիւրի համաձայն այս անգամ՝ նախորդ նիստերից տարբերւելով, Իրանի հարցը քննարկւելու է միայն «Համապարփակ հսկողական համաձայնագրի» շրջանակում, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի ներքոյ գործակալութեան առաքելութիւնն արդէն իսկ աւարտւած է։

Իրանը շեշտել է, որ ԱԷՄԳ-ի հետ համագործակցութեան հիմքը Իրանի խորհրդարանի ընդունած օրէնքն է, ըստ որի՝ գործակալութեան հետ փոխյարաբերութիւնները պիտի համաձայնեցւեն եւ համակարգւեն Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի միջոցով։

Այս կապակցութեամբ ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նախօրօք նշել էր, որ Իրանը կը շարունակի մնալ Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի անդամ եւ հաւատարիմ է իր պարտաւորութիւնների կատարմանը։ « Մենք մեր պարտաւորութիւնները կիրառում ենք՝ ելնելով Իսլ. խորհրդարանի որոշումից, իսկ ԱԷՄԳ-ի հետ մեր համագործակցութիւնը շարունակւում է միայն այդ հիմքով»,- նշել է նա։

ԻՌՆԱ-ն յիշեցրել է նաեւ, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը մշտապէս եղել է Արեւմուտքի ճնշումների եւ անհիմն մեղադրանքների թիրախում։ Մինչեւ «Համապարփակ միջուկային համաձայնագիրը» (ԲԱՐՋԱՄ), արեւմտեան երկրները փորձել էին հարցը անվտանգութեան դաշտ տեղափոխել՝ պատժամիջոցների եւ ռազմական սպառնալիքների միջոցով։ Սակայն 2015 թւականին «Զէնքային ենթադրեալ ծրագրի» (PMD) գործի փակումով այդ պատրւակը եւս վերացաւ:

Սա այն դէպքում, երբ Իրանը համաձայնագրի ստորագրումից յետոյ կատարել է իր բոլոր պարտաւորութիւնները, սակայն ԱՄՆ-ը 2018 թւականին միակողմանիօրէն դուրս եկաւ համաձայնագրից, իսկ Եւրոպան չկարողացաւ իրականացնել իր պարտաւորութիւնները։ Արդիւնքում՝ Իրանը համաձայնագրի սահմաններում, ձեռնարկեց օրինական քայլեր իր պարտաւորութիւնների կրճատման ուղղութեամբ։

Related Articles

Back to top button