
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
Երիտասարդութիւնը հասարակութեան ամենաակտիւ հատւածն է, նրանց մասնակցութիւնը քաղաքա-հասարակական կեանքին կարեւոր է պետութիւնների եւ հասարակութեան զարգացման համար։ Սակայն 21-րդ դարում երիտասարդները յաճախ դադարում են հետաքրքրւել քաղաքականութեամբ կամ նոյնիսկ անհատական առումով ապաքաղաքականացած են: Նրանք մտածում են, որ իրենց ձայնը կամ գործողութիւններն ոչինչ չեն նշանակում քաղաքական գործընթացներում, սա, իհարկէ, վտանգաւոր երեւոյթ է, որովհետեւ նւազեցնում է հասարակութեան մասնակցութիւնը եւ թոյլ է տալիս անարդարութեան եւ արատաւոր բարքերի արմատաւորմանը:
Քաղաքական էթիկայի զարգացումը օգնում է երիտասարդութեանը ճիշտ ուղղութեամբ ներգրաււել, ենթադրում է ազնւութիւն, կանոնների եւ մարդու իրաւունքների յարգում, անձնական եւ հանրային շահերի տարանջատում եւ իհարկէ՝ պատասխանատւութիւն։
Երբ երիտասարդը տեսնում է, որ քաղաքական եւ հասարակական գործընթացները բարոյական են, նա աւելի ակտիւ է մասնակցում, սակայն արատաւոր բարքերը յաճախ յանգեցնում են հասարակական ապականման, հիասթափութեան եւ երիտասարդութեան ապաքաղաքականացման։
Այստեղ նաեւ կարեւոր է ընդգծել սոցիալական մեդիայի ազդեցութիւնը, որը փոխել է երիտասարդութեան սոցիալական կեանքը, յանգեցրել հոգեբանօրէն ընկճւածութեան: Երիտասարդները ծայրայեղ պաշտպանւածութեան անհրաժեշտութիւն են զգում իրական աշխարհում եւ անպաշտպանութիւն են զգում վիրտուալում, որը նաեւ նւազեցնում է երիտասարդների ինքնուրոյնութեան զարգացման հնարաւորութիւնները։
Միւս պատճառներից հեռանկարների անհամապատասխանութեան հարցն է, երբ նրանց ծնողները կամ հասարակութիւնը այս կամ այն կերպ խոստացել են անհոգ կեանք, բայց իրականութիւնը տնտեսական ու սոցիալական դժւարութիւններն, այլ իրողութեան մասին են վկայում։ Մտքերի եւ արժէքների փոփոխութեան հարցն եւս մէկ այլ պատճառ է: Այսինքն երբ երջանկութեան ստանդարտները, ընտանիքի եւ հաւատքի գործօնները այլեւս երիտասարդի համար էական չեն, եւ նրանք դժւարանում են գտնել իմաստ ու բաւարարւածութիւն այդ ամենում:
Կողմնակի հետազօտութիւնները, նաեւ ցոյց են տալիս, որ կան թմրանիւթեր, որոնց օգտագործող երիտասարդը յաճախ ունենում է էլ աւելի ցածր մոտիւացիա հասարակական կամ քաղաքական մասնակցութեան համար, յատկապէս եթէ արատաւորութեան՝ թմրանիւթի կիրարկումը շարունակական բնոյթ է կրել, եւ վաղ դեռահասական տարիքից է այն սկսել:
Ամփոփելով, անհրաժեշտ է յստակեցնել, որ երիտասարդների հոգեկան ու սոցիալական խնդիրները, որոնք մասնաւորապէս ընդգրկում են սոցիալական մեդիայի չարաշահումը, թմրանիւթերը եւ անյաջող տնտեսական պայմանները, ունեն անուղղակի, բայց կարեւոր կապ նրանց ապաքաղաքականացման հետ։
Այս գործօնները ստեղծում են միջավայր, որտեղ նրանք չեն տեսնում իրենց դերը քաղաքական կամ հասարակական կամ նոյնիսկ մշակութային գործընթացներում, եւ աւելի շատ կենտրոնանում են անձնային գոյութեան, կարճաժամկէտ բաւարարւածութեան եւ սոցիալական ընկալման վրայ:
Այսինքն կարելի է շեշտել, որ երիտասարդութեան քաղաքական ակտիւութիւնը կախւած է թէ՛ անձնական արժէքային համակարգից, թէ՛ հասարակութեան էթիկական որակից։ Այս գործօնների համադրութեամբ կարելի է ակնկալել առողջ, պատասխանատու եւ կայուն քաղաքա-հասարակական եւ մշակութային միջավայրի ապահովում:



