
Յիսուս Քրիստոսն իր համբարձումից առաջ պատւիրեց Իր առաքեալներին գնալ եւ քարոզել Աստծու խօսքը աշխարհով մէկ։ Ս. Հոգու շնորհներով օժտւած առաքեալները շրջելով տարբեր երկրներ եւ քաղաքներ քարոզում ու տարածում էին Աւետարանի լոյսը։ Ս. Թադէոս առաքեալը Յիսուսի տասներկու առաքեալներից մէկն էր, որը քրիստոնէութիւնը քարոզելու համար նախ գնաց Եդեսիա քաղաքը,որտեղ իշխում էր Աբգար Թագաւորը, որը հիւանդ էր։ Առաքեալը Ս. Հոգու շնորհքով բժշկեց թագաւորին,որից յետոյ նաեւ Եդեսիայում բնակւող բազմաթիւ մարդիկ ընդունեցին քրիստոնէական կրօնը եւ մկրտւեցին։ Ապա նա գնաց Հայաստան եւ զանազան քաղաքներում քարոզեց քրիստոնէութիւնը եւ հաւատացեալներին մկրտեց Յիսուսի անունով։ Այն ժամանակ Հայաստանի թագաւորն էր Սանատրուկը,որի դուստրը Սանդուխտ կոյսը, լսեց առաքեալի քարոզները, հաւատաց Քրիստոսին եւ մկրտւեց առաքեալի ձեռքով։ Սանատրուկ թագաւորը, տեսնելով այս բոլորը, հրամայեց ձեռբակալել Ս. Թադէոս Առաքեալին եւ չարչարանքների ենթարկելուց յետոյ,նահատակեց նրան։ Ս. Թադէոս Առաքեալից բացի, Հայաստան է գնում Յիսուսի առաքեալներից եւս մէկը Բարթուղիմէոսը, որն իր քարոզչութիւնը սկսել էր Պարսկաստանի կողմերից եւ հասել մինչեւ Հնկաստան։ Հայաստան գնալով նա շրջում է տարբեր քաղաքներ եւ քարոզում Աւետարանը, Քրիստոսի զօրութեամբ հրաշքներ գործում եւ բուժում մարդկանց։ Նրա շնորհիւ եւս բազմաթիւ մարդիկ քրիստոնէութիւնը ընդունեցին այդ թւում նաեւ Սանատրուկի քոյրը։ Սանատրուկ թագաւորը, երբ տեսաւ ժողովուրդը կռապաշտութիւնը թողնելով քրիստոնեայ են դառնում, հրամայեց չարչարանքների ենթարկելով նահատակել Բարթուղիմէոս առաքեալին։ Հետագսյին, Թադէոս եւ Բարթուղիմէոս առաքեալների գերեզմանի վրայ կառուցւում են Ս. Թադէի եւ Ս. Բարթուղիմէոսի վանքերը։ Թադէոս եւ Բարթուղիմէոս առաքեալները հայ ժողովրդի առաջին լուսաւորիչներն են։ Մինչեւ Հայաստանում քրիստոնէութեան պետական կրօն հռչակւելը,նրանց շնորհիւ է մեր երկրում տարածւել քրիստոնէութիւնը։ Յիսուսի առաքեալների անունով է Հայոց Եկեղեցին կոչւում՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ ամէն տարի մեծ հանդիսութեամբ նշում է նրանց յիշատակը։
Նիւթը տրամադրել Է Տ. ՎՐԹԱՆԷՍ ՔՀՆՅ. ԲԱԲԱԽԱՆԵԱՆԸ