Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արկադի Կարապետեան. «Մեզ չեն կարողանալու կոտրել, Աստծու կամոք վերադառնալու ենք Արցախ՝ որպէս տէր»

«ԱԼԻՔ» – «Արցախ անպայման վերադառնալու ենք՝ որպէս տէր, եւ դեռեւս պարզ չէ՝ Բաքուն ում տիրապետութեան տակ է լինելու։ Մարդն ունի մարմին եւ հոգի։ Այսօր դպրոցներում երեխաները չգիտեն, որ հոգի ունեն։ Ոչ ոք նրանց դա չի ասում, ծնողներն էլ ամէն ընտանիքում չէ, որ ասում են։ Շատ երեխաներ չգիտեն այդ մասին։ Այսքան վերլուծաբաններ ու քաղաքագէտներ են խօսում, ով ասես՝ խօսում է, ասում են՝ վստահութիւն, երաշխաւորութիւն։ Դրանք ինչո՞վ են չափւում՝ ո՛չ կիլոգրամներով, ո՛չ մետրերով, ոչնչով չի չափւում։ Դա մի կատեգորիա է, որը բխում է մեր հոգուց, ոչ թէ մարմնից։ Երբ Ալիեւին ես լսում, նրա հոգուց աղբ է դուրս գալիս, թափւում դէպի մեզ»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետեանը։

«Ալիեւն ասում է՝ մենք չենք ուզում հայ տեսնել։ Ինչո՞ւ չի ուզում։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ մեր գոյութիւնը ժխտում են։ Պատճառը ոչ թէ Զանգեզուրի ճանապարհն է, այլ որովհետեւ մենք՝ որպէս ազգ, քաղաքակրթութիւն, արժէք, իրենց հետ չենք բռնում։ Իրենք մեզ մօտ իրենց լաւ չեն զգում, քանի որ ցածր են մեզնից, եւ գիտեն այդ մասին։ Երբ պատմութիւնն ուսումնասիրում ենք, ակնյայտ է դառնում, որ բարբարոս ազգը գալիս ու ինչ-որ քաղաքակրթութիւն էր գրաւում, ի վերջոյ պարտւում էր այդ քաղաքակրթութեանը, փոխւում ու վերափոխւում էր։ Իհարկէ, դեռեւս մի քանի հարիւրամեակ էլ կայ, որ թուրքերը լրիւ փոխւեն, բայց նրանք արդէն նախկինում եկածները չեն։ Լրիւ ուրիշ մարդիկ են, դարեր առաջ եկածները սրանց նման չեն, բայց միեւնոյն է՝ այդ քաղաքակրթութիւնը դեռեւս նրանց մէջ չկայ։ Նոյնիսկ իրենց գրաւած օբիեկտները չեն կարողանում օգտագործել»,- ասել է ռազմական գործիչը։

«Թուրքերի մէջ թերարժէքութեան բարդոյթ կայ։ Ինչո՞ւ են այսպէս ուրախանում։ Մենք յաղթելուց յետոյ մեզ այսպէս չենք պահել, իսկ իրենց հոգեբանական բարդոյթները խանգարում են՝ հասկանալու, թէ ինչ է կատարւելու։ Դրա համար էլ պարտւելու են։ Խնդիրը ոչ թէ նրանց հզօրութեան, այլ մեր թուլութեան մէջ է։ Մեզ հասցրին փչացնել համացանցով, հեռուստատեսութեամբ, տարատեսակ կազմակերպութիւններով, աղանդներով, եւ այլն։ Ընկել ենք պատրանքների մէջ եւ ճշմարտութիւնից այնքան ենք հեռացել, որ մենք էլ ենք դառնում նրանց նման։ Մենք էլ արդէն չգիտենք՝ ով ենք»,- նշել է Արկադի Կարապետեանը։

Նախկին հրամանատարի կարծիքով՝ երբ որեւէ մէկին խաբում են, նա պարտւած է. «Մենք այդ վիճակի մէջ ենք։ Էլ չասած՝ 1915, 1917, 1920 թւականները, խորհրդային տարիները, մեր նորագոյն պատմութիւնը։ Այն, ինչ եղել ենք 1991-ին, հիմա ուրիշ ենք, 2020-ից եւ անգամ 2023-ից ենք տարբերւում։ Մենք հիմա հասնում ենք այն վիճակին, որ մեզ հետ ինչ ուզեն՝ կարող են անել՝ առանց որեւէ ջանք թափելու։ Բայց մեզ չեն կարողանալու կոտրել։ Այսօր Թադէոս Առաքեալի եւ Սուրբ Սանդուխտի տօնն է։ Սանդուխտը Սանատրուկի դուստրն էր եւ նահատակւեց։ Իսկ Թադէոսն իր նահատակութիւնից առաջ Աստծուն խնդրեց, որ իր քարոզած ազգին պահի մինչեւ աշխարհի վերջ, եւ Աստւած ասաց՝ եղիցի, այսինքն՝ կը լինի։ Եւ լինելու է»:

«Խորհրդային տարիներին Արցախում Հայաստանի մասին պատմութիւններ, դասագրքեր չկային, ասում էին՝ Ուրարտուն մերը չէ։ Ինչպէս հիմա մեր դասագրքերում Արցախի մասին ոչինչ չկայ, այն ժամանակ էլ Հայաստանի մասին չկար ԼՂԻՄ-ի դասագրքերում։ Դա չխանգարեց ժողովրդին՝ չմոռանալ եւ յաղթանակ տանել։ Այդ իմաստով՝ հիմա վիճակն աւելի ծանր է, քանի որ աճող սերնդին դաստիարակում է համացանցը։ Մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, բայց դա էլ ենք յաղթահարելու։ Աշխարհում համակարգ է փոխւելու։ Մենք բոլորս դէպի թւային ստրկութիւն ենք գնում, դա առաջնային թեմա պիտի լինի բոլորիս համար»,- իր խօսքն ամփոփել է Արկադի Կարապետեանը:

Related Articles

Back to top button