Փուեա Հոսէյնի. «Իրանը պատրաստ է հակաքայլերի, եթէ փոխւի Հայաստանի ողջ սահմանը, այլ ոչ միայն Սիւնիքը»
Նրանք փորձում են Իրանին ներքաշել պատերազմի մէջ, իսկ Թեհրանը դա դիտարկում է որպէս դաւադրութիւն եւ փորձում է հարցերը լուծել դիւանագիտական ճանապարհով, բայց պատրաստ է հակաքայլերի՝ Հայաստանի ողջ սահմանի հնարաւոր փոփոխութիւնների, այլ ոչ թէ միայն Սիւնիքի համար: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Իրան-Հայաստան համագործակցութեան զարգացման հիմնադրամի ղեկավար Փուեա Հոսէյնին։
Նրա խօսքով՝ Իրանը մտահոգւած է, որ Հարաւային Կովկասը կարող է հակաիրանական գործողութիւնների ցատկահարթակ դառնալ։
Հոսէյնին նշել է, որ Իրանն առաջին հերթին անհանգստացած է Ադրբեջանում Իսրայէլի ներկայութեամբ։
«Իրանը մերժում է Ադրբեջանի կողմից ցանկացած հնարաւոր ագրեսիա եւ յայտարարում է, որ կողմերը (Երեւանն ու Բաքուն) պէտք է իրենց հարցերը լուծեն բանակցութիւնների միջոցով։ Տարածաշրջանում լարւածութիւնն ուղղւած է ոչ միայն Հայաստանի անվտանգութեան, այլ նաեւ Իրանի դէմ։ Տարածաշրջանում երրորդ ուժերի, այդ թւում՝ ԵՄ դիտորդների առկայութիւնը Հայաստանում, խորացնում է հակասութիւնները եւ առաջացնում տարածաշրջանի երկրների շահերի բախում։ Թեհրանը մտահոգւած է, որ այդ դիտորդները կարող են տւեալներ հաւաքել Իրանի վերաբերեալ, ինչի մասին զեկուցւել է հայկական կողմին։ Հայաստանն իր հերթին վստահեցրել է, որ հակաիրանական գործողութիւններ չի ձեռնարկում։ Բայց Իրանը չի վստահում Արեւմուտքին»,- ասել է փորձագէտը։
Նա ընդգծել է, որ գոյութիւն ունեցող ձեւաչափերից միայն «3+3» ձեւաչափով Իրանը կարող է աջակցել Հայաստանի դիրքորոշմանը, ինչի մասին են վկայում վերջին հանդիպմանը յաջորդած յայտարարութեան հայանպաստ կէտերը, որտեղ խօսւում է ագրեսիայից զերծ մնալու անհրաժեշտութեան մասին։