Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գերիների խնդրով Հայաստանն իր խաղաքարտերը զիջում է

Ալիեւն իր խաղաքարտերով գերիներին դարձրել է առեւտրի առարկայ

«ԱԼԻՔ» – Բաքւի բանտում ապօրինի պահւող Ռուբէն Վարդանեանի միջազգային իրաւական թիմի անդամ, իրաւապաշտպան եւ Ռուբէն Վարդանեանի ընտանիքի ներկայացուցիչ, Վարդանեանի միջազգային իրաւական թիմի անդամ Սիրանուշ Սահակեանը նախօրէին յայտարարութիւն է տարածել՝ նշելով, որ Վարդանեանի դէմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրաւական հիմք չունեն եւ կոպտօրէն խախտում են միջազգային իրաւունքի նորմերն ու արդար դատաքննութեան սկզբունքները։

«Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապէս ծառայում է որպէս մեղքի հիմնական ապացոյց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատութեան համակարգի հէնքը՝ nullum crimen sine lege («չկայ հանցանք առանց օրէնքի») սկզբունքը եւ անհատական քրէական պատասխանատւութեան պահանջը»,- ընդգծել է իրաւապաշտպանը:

Յաջորդ դիտարկումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մօտ 150,000 հայ։ Այս հանգամանքը մեղադրանքի մէջ որակւել է՝ որպէս յանցաւոր կազմակերպութիւն, որը հակասում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներից մէկին՝ ազգերի ինքնորոշման իրաւունքին:

«Մեղադրանքում այս իրաւունքը թիւր կերպով մեկնաբանւում է՝ որպէս ատելութեան հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրէականացնում է քաղաքական միաւորը, որը տասնամեակներ շարունակ ներգրաււած է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցութիւններում: Աւելին, Ռուբէն Վարդանեանը պատասխանատու է համարւում այն իրադարձութիւնների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչեւ 30 տարի առաջ»,- նշել է Սիրանուշ Սահակեանը:

Բաքւի ռազմական դատարանում Ռուբէն Վարդանեանի հետ միասին բազմաթիւ ծանր մեղադրանքներ է ներկայացւել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։

Արցախի Հանրապետութեան նախկին ՄԻՊ եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանի խօսքով՝ հայ գերիների ազատ արձակումը քաղաքական խնդիր է եւ քաղաքական գործիքակազմով պէտք է դա կատարւի, առաջին հերթին՝ ՀՀ իշխանութիւնների կողմից։ Ընդ որում՝ ե՛ւ ուղիղ Ադրբեջանի հետ բանակցելով, ե՛ւ միջնորդաւորւած՝ իրաւական, քաղաքական ու դիւանագիտական գործիքակազմեր կիրառելով՝ ներկայացնել միջազգային ճնշում Ադրբեջանի վրայ։

«Միանշանակ է, որ ՀՀ իշխանութեան կողմից բաւարար աշխատանք չի արւում, երբեմն ինչ-որ բաներ արւում են՝ ձեւակա՞ն կը լինի, թէ՞ ոչ։ Գուցէ կոնկրետ կառոյցների յայտարարութիւնների հետեւում որոշ պետական աշխատանք կայ, բայց այդ ամէնը բաւարար չէ։

Աւելին՝ ՀՀ իշխանութեան ներկայացուցիչների կողմից տեղի են ունենում հակառակ գործողութիւններ, որոնք այդ գործընթացին վնասում են։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ ՀՀ իշխանութիւնը մոտիւացիա չունի հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար, կամ առնւազն նրանց մի մասին վերադարձնելու։ Յատկապէս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մի մասին ՀՀ իշխանութիւնը չի ցանկանում վերադարձնել հայրենիք։ Եթէ այդպէս չլինէր, ապա իրենց վտանգաւոր յայտարարութիւնները կամ էլ անգործունեայ դիրքորոշումները չէին լինի»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Արտակ Բեգլարեանը։

Նրա խօսքով՝ արդիւնք ակնկալելու համար, այս խնդրով պէտք է զբաղւեն ՀՀ պետական ինստիտուտները, եւ այստեղ շատ կարեւոր է հանրային ճնշումը. միայն այդ դէպքում հնարաւոր կը լինի, որ իշխանութիւնները զբաղւեն գերիների խնդրով։

Արտակ Բեգլարեանը վստահ է՝ Բաքւում ընթացող կեղծ դատավարութիւնն ուղղւած է Հայաստանի դէմ, եւ այդ ամէնը ՀՀ իշխանութիւնը գիտի, հաւանաբար դրա համար են կիսատ-պռատ յայտարարութիւններ անում։

«Գուցէ հէնց այդ ընկալման պատճառով չեն ուզում այդ ուղղութեամբ լրացուցիչ գործողութիւններ անել։ Այստեղ, այո՛, որոշակի դիլեմա կայ, որքան կոնկրետ ՀՀ իշխանութիւնները գերիների ազատ արձակման համար պայքարեն, այնքան Ալիեւի համար այդ գերիների ազատ արձակման գինը կը բարձրանայ։ Իրենք, հնարաւոր է՝ աւելի շատ պահանջեն Հայաստանից։ Դրա համար իշխանութիւնները յստակ ցոյց են տալիս, որ այս թեման իրենց համար կարեւոր չէ, մտածում են, թէ մի օր Ալիեւն ազատ կարձակի գերիներին։ Ալիեւը 2 հնարաւորութիւն ունի, մէկը՝ ազատի գերիներին ինչ-որ բանի դիմաց, եւ երկրորդ՝ ազատի գերիներին՝ հնարաւոր ճնշումները նւազեցնելու համար»,- յաւելել է նա:

Նա նաեւ շեշտել է, որ հաշւի առնելով Ալիեւի վարքը միջազգային հանրութեան մօտ, աւելի հաւանական է, որ նա գերիներին կազատի ինչ-որ բանի դիմաց, եւ սա նա կարող է ստանալ թէ՛ Հայաստանից, թէ՛ միջազգային հանրութեան տարբեր դերակատարներից։

«Պայմանական, եթէ միջազգային որեւէ առաջնորդ այս հարցով դիմում է Ալիեւին, նա պահանջում է այս կամ այն բանը, ու սա քաղաքական առեւտուր է։ Ինքս հիմքեր չունեմ ասելու, որ ՀՀ իշխանութեան կողմից Ալիեւի վրայ բաւարար ճնշումներ եղել են, որ նա, օրինակ, պատժամիջոցներից խուսափելու համար գերիներին ազատ արձակի։ Ալիեւը հմտօրէն կարողանում է նոր խաղաքարտեր վերցնել ու գերիներին դարձնել առեւտրի առարկայ։ ՀՀ իշխանութիւնները պէտք է պատրաստ լինեն դաշտ գցելու այլ խաղաքարտեր, որի հնարաւորութիւնն ունեն ու անընդհատ դրանից հրաժարւում են, եւ այդ խաղաքարտերն օգտագործեն Ալիեւի դէմ։ Հայաստանն իր ունեցած խաղաքարտերը զիջում է»,- ընդգծել է Արտակ Բեգլարեանը։

Յիշեցնենք նաեւ, յունւարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարութիւնը»:

Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետութեան նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին, պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանին, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին։

Նրանք բոլորն Ադրբեջանի կողմից ապօրինի կալանաւորւել ու տեղափոխւել են Բաքու 2023 թւականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը յարձակւեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրայ, ցեղասպանութեան սպառնալիքի տակ տեղահանեց արցախահայերին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարութեանը ձերբակալեց, հակառակ պարագայում՝ կոտորելու էր խաղաղ բնակիչներին։

Related Articles

Back to top button