Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանը շարունակում է զինւել Փաշինեանի նշած երկրներից եւ փոխել հրետանու տրամաչափը՝ խորհրդայինից ՆԱՏՕ-ականի

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Այս տարւայ յունիս ամսին Ադրբեջանը եւ Սլովակիան որոշեցին ուժեղացնել համագործակցութիւնը պաշտպանութեան բնագաւառում՝ ռազմատեխնիկական եւ ռազմարդիւնաբերութեան ոլորտներում:

Այսօր արդէն ադրբեջանական լրատւամիջոցները, յղում անելով թուրքական աղբիւրներին, գրել են, որ Ադրբեջանի զինւած ուժերը ստացել է Սլովակիայից պատւիրւած L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։

Նշւում է, որ Ադրբեջանը ստացել է TATRA T815 8×8 յարթակի վրայ տեղադրւած հաուբիցների վերջին արդիականացւած տարբերակը:

Զինատեսակը յագեցւած է կրակի կառավարման աւտոմատ համակարգով, այս մոդելի կրակային հզօրութիւնն ու մանեւրելու ունակութիւնն աւելի բարձր են, քան նախորդ տարբերակներում: Հաուբիցի անձնակազմը բաղկացած է միայն վարորդից եւ հրամանատարից։

Յաւելենք, որ DITA L-45 հաուբիցը մշակւել է դեռ Չեխոսլովակիայում արտադրւած DANA ինքնագնաց հաուբիցի բազայի հիման վրայ:

Նշենք, որ աւելի վաղ Ադրբեջանը պայմանագիր էր կնքել Սերբիայի հետ 48 միաւոր Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանքի ձեռքբերման վերաբերեալ՝ ոչ պաշտօնական տւեալներով՝ 311 մլն. եւրօ ընդհանուր արժէքով:

168.am-ը գրել էր, որ այս տարւայ ապրիլին Իլհամ Ալիեւն ընդունել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդիւնաբերութեան կոմիտէի պատւիրակութեանը, որի կազմում են եղել թուրքական ռազմական արդիւնաբերութեան շուրջ մէկ տասնեակ խոշոր ձեռնարկութիւնների գլխաւոր տնօրէններ:

Ադրբեջանական աղբիւրների փոխանցմամբ, բաւականին ինտենսիւ բանակցութիւններ էին վարւել REPKON, MKE & ASFAT ընկերութիւնների հետ, յատկապէս հարց էր բարձրացւել Ադրբեջանում հրետանային 155 մմ զինամթերքի արտադրութեան հետ կապւած:

Ադրբեջանական լրատւամիջոցներից մէկն ապրիլի դրութեամբ յայտնել էր, որ 155 մմ-ն ադրբեջանական հրետանու հիմնական տրամաչափը չէ, հրետանային նման տրամաչափի զինամթերք կիրառող համակարգ, ըստ ադրբեջանական կայքի, երկրի բանակում շատ չէ, այս համատեքստում յիշատակւել է իսրայէլական САУ ATMOS 2000-ը, որը մշակւել է 1999 թւականին, եւ, որ 155 մմ-ն թուրքական հրետանու հիմնական տրամաչափն է, խօսքը, մասնաւորապէս, T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգի մասին է:

Այսինքն, 44-օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանն աստիճանաբար իր հրետանային ստորաբաժանումները սկսել է վերափոխել 155 մմ տրամաչափի՝ հրաժարւելով խորհրդային 152 մմ-ից:

Յիշեցնենք, որ անցած տարի տեղեկութիւններ եղան, որ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի հաուբիցներ:

Ինչ վերաբերում է Սլովակիային, ապա այս տարի մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պատւիրակութիւնը՝ պաշտպանութեան նախարարի տեղակալ Կարէն Բրուտեանի գլխաւորութեամբ, Սլովակիայի պաշտպանութեան նախարարութեան հրաւէրով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդէսին, որի շրջանակում ՀՀ պաշտպանութեան փոխնախարարը հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրաստիճան պաշտօնաների հետ, այդ թւում՝ պաշտպանութեան նախարար Ռոբերտ Կալինեակի հետ, հանդիպումներում անդրադարձ է կատարւել Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական եւ ռազմատեխնոլոգիական համագործակցութեանը վերաբերող հարցերի, եւ ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ձեռք էին բերւել մի շարք պայմանաւորւածութիւններ: Թէ ինչ փուլում են այդ պայմանաւորւածութիւնները, յայտնի չէ:

Իսկ նախորդ շաբաթ Ադրբեջան մի քանի չւերթով ռազմական բեռ է տեղափոխւել նաեւ Իտալիայից:

Այսինքն, Հայաստանի սպառազինութեան ձեռքբերումներից դժգոհող եւ ՀՀ Զինւած ուժերի նկատմամբ սահմանափակումներ պահանջող Ադրբեջանը շարունակում է զինւել, ընդորում, ՆԱՏՕ-ական չափանիշերով արտադրւած զինատեսակներով: Հայաստանը, որը պէտք է յստակ փաստերով այս թեման մշտապէս «տաք» պահի, չի անում:

168.am-ը գրել էր, որ Բաքու էր ժամանել ԱՄՆ բանակի հետախուզութեան պատասխանատուներից մէկը, ով աւելի ուշ հանդիպել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւին եւ քննարկել պաշտպանութեան բնագաւառում երկկողմ համագործակցութեան հարցը:

Related Articles

Back to top button