Մշակութային

Ռուբէն Մալայեան. «Մեր գենետիկան աղէտալի վիճակում է. Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը մէկն է»

Գեղագիր, Ամերիկեան համալսարանի դասախօս Ռուբէն Մալայեանն աշխատել է Աշխարհի գեղագրութեան հանրագիտարանի հայկական հատւածի վրայ, որի ընթացքում տեւական ժամանակ արտերկրում ապրելուց յետոյ հայրենիք վերադառնալու որոշում է կայացրել՝ ուսումնասիրութեան համար անհրաժեշտ նիւթեր գտնելու համար: Նա անվերջ ոգեշնչւում է հայկական մշակոյթից, որտեղ տառն ամենուր է:

«Դուք չէք գտնի մի ճարտարապետական նմուշ, որի վրայ չկայ արձանագրութիւն, եւ ամէն տեղ այդ արձանագրութիւնը գեղեցիկ է, տարբեր է: Դա խօսում է բազմաշերտ մշակոյթի մասին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:

Անդրադառնալով մշակոյթի ոլորտում առկայ իրավիճակին՝ նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում այն ոչ միայն մղւել է վերջին պլան, այլ նաեւ մշակոյթի ընկալումն է դարձել շատ պրիմիտիւ:

«Մեր մշակոյթը, որը բազմաշերտ է, հազարամեակների անցած ճանապարհի արդիւնք է, այսօր ընկալւում է շատ պրիմիտիւ ձեւաչափերի միջոցով: Այս վերաբերմունքն անարդար է մշակոյթի հանդէպ, յատկապէս, երբ քո մշակոյթն այդքան կարեւոր է քո գոյատեւման համար: Եթէ մենք մտածում ենք, որ մեր ֆիզիկական անվտանգութիւնը կարող ենք ապահովել, բայց կարող ենք ամբողջովին կորցնել մեր մշակոյթը, ապա այդ ֆիզիկական ապահովութիւնը ոչինչ չի տալու, որպէս ազգ ենք կործանւելու»,- ընդգծեց նա՝ շեշտելով՝ թշնամին առաջին հերթին մեր մշակութային բազան է վերացնում, լեզուն է վերացնում, արւեստն է վերացնում, որ յենակէտ չունենանք:

«Մշակոյթը յենակէտդ է, եթէ չունես այդ յենակէտը, դու թափառական ես դառնում, քեզ ոչինչ չի կապում այդ հողի հետ, որի վրայ դու ապրում ես: Դրա համար այդ ասիմիլիացիան այդպէս է տեղի ունենում, երբ կա՛մ բռնի ուժով, կա՛մ երկար մեթոդիկ աշխատանքով մշակութային բազադ վերացնում են: Եթէ դու դա քո ձեռքով ես անում, արդէն սուիցիդալ վիճակ է»,- ասել է նա:

Ռուբէն Մալայեանն առանձնացրել է այն հիմնական խնդիրները, որոնք արձանագրել է արտերկրում ապրելու տարիներին Հայկական սփիւռքի հետ առնչւելով. «Սփիւռքն էլ է փակւած մի շրջանակի մէջ, որտեղ Հայաստանի դրօշը թափ տալով եւ ասելով՝ հայրենիք, դրանով է փակւում ամբողջ հարցը, թէ հայրենիքն ինչ է: Հայագիտութեան հիմնական կոնֆերանսները դրսում են անցկացւում, բայց Սփիւռքն էլ դրանց հետ շատ չի առնչւում, եւ այնպիսի տպաւորութիւն է, որ օտարներն աւելի շատ են հետաքրքրւած մեր մշակոյթով, քան մենք: Իհարկէ, նաեւ հայերէնն է վտանգւած, որովհետեւ ընտանիքները ներսում քիչ են խօսում հայերէն, օտար լեզուներով են հաղորդակցւում, երեխաներն աւելի արագ են կորցնում կապը մշակոյթի հետ, որովհետեւ առաջին ֆունդամենտալ կապը մշակոյթի հետ լեզուն է: Կարեւոր է, թէ ինչ լեզւով ես խօսում եւ մտածում, որովհետեւ լեզուն ոչ միայն արտայայտւելու միջոց է, այլեւ մտածելակերպ է: Այսօր յայտնաբերւում են այնպիսի բաներ, որոնք որպէս սենսացիա կարող են հնչել, բայց դա մենք չենք ասում, օտար գիտնականներն են պնդում, որ Հայկական լեռնաշխարհը եւ հայերէնն է եղել հնդեւրոպական լեզուների մայրը, այսինքն՝ այն լեզուն, որից բխել է այդ ամբողջ ընտանիքը: Դա վերջին հետազօտութիւնն է, որն անցած տարի հրապարակւեց Լայպցիգում»:

Անդրադառնալով ադրբեջանական վանդալիզմին՝ նա ընդգծել է. «Ադրբեջանը վերացնում է հայկական խաչքարերն ու գերեզմանատները. դա նշանակում է, որ ատելութեան մակարդակը մեր ազգի հանդէպ կատաստրոֆիկ աստիճանի է, դա նշանակում է, որ դու ամբողջ կամուրջները վառում ես, ոչ մի երկխօսութիւն ուղղակի չի կարող տեղի ունենալ: Եթէ թշնամիդ ասում է՝ ես քեզ այն աստիճանի եմ ատում, որ գերեզմաններդ եմ քանդում, էլ այդ մարդու հետ ինչպէ՞ս կարող ես ուրիշ բաների մասին խօսել: Նշանակում է՝ այդ ատելութիւնը գենետիկ մակարդակի վրայ է մեր հանդէպ: Մենք Ադրբեջանին հեգնանքով ենք նայել, ինչը սխալ է եղել. մենք քնեցինք, մոռացանք, որ իրականում պատկերն այլ է: Բայց խնդիրն այն է, որ ճիշտ ձեւով չենք պատասխանում ադրբեջանական յարձակումներին»:

Նա Ճապոնիայի օրինակն է բերել, թէ ինչպէս երկու ատոմային ռումբից յետոյ կարողացաւ ոչ միայն ոտքի կանգնել, այլ նաեւ դառնալ աշխարհի ամենազարգացած երկրներից մէկը՝ վերաբերմունքի հաշւին.

«Ամէն ինչ վերաբերմունք է, սկսած նրանից, թէ ինչպէս ես բաժակի մեջ ջուր լցնում կամ կրթում երեխաներիդ: Մենք չենք փորձում ամենալաւը անել, ասում ենք՝ սա հերիք է, սրանով բաւարարւենք: Թշնամին աւելի լաւ է աշխատում, աւելի մեթոդիկ: Ես չեմ վախենում նրանց թշնամի կոչել, որովհետեւ ինձ համար մէկը, որն իմ պապերի գերեզմաններն է ոչնչացնում, թշնամի է, ուրիշ անուն դա չունի: Ես չէի անի դա, ես գերեզման չէի քանդի, ինչքան էլ ատէի: Սարսափելի է, երբ գիտակցում ես, որ այդ թշնամանքը նրանց գենետիկայի մէջ է: Դա նշանակում է, որ երկարատեւ խաղաղութեան մասին խօսելն անիմաստ է, եւ այն, ինչով պէտք է զբաղւես, բոլոր տեսանկիւններից քեզ հզօրացնելն է՝ չմոռանալով, որ մշակութային տեսանկիւնից ոչ պակաս կարեւոր է լինել հզօր: Դու կարող ես մարմինդ պահել, բայց հոգիդ եթէ չպահեցիր, այդ մարմինդ ոչ մի նպատակի չի ծառայելու: Սարսափ է լինելու, եթէ մենք Դադիվանքը, Գանձասարը, միւս բոլոր եկեղեցիները, որոնք Արցախի տարածքում են… իրենք առաջինը հայկական արձանագրութիւններն են ոչնչացնելու եւ անում են արդէն»:

Նա շեշտել է՝ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը մէկն է՝ հզօրացնել մեր պետութիւնը. «Սկսենք առաջին հերթին կրթութիւնից, ամբողջ ուժերը պէտք է դնել կրթութեան վրայ: Մասնագէտ չկա՞յ՝ դրսից բերէք, չնայած, ես գիտեմ շատ մարդկանց, որոնք կարող են մեծ փոփոխութիւններ բերել, ուղղակի իրենց ոչ ոք մօտ չի թողնում այդ համակարգին: Նրանք հեռանում են: Արտագաղթը սարսափ է, որովհետեւ շատ կիրթ մարդիկ են գնում, ինչպէս 90-ականներին: 90-ականներին Հայաստանը կորցրեց իր ինտելեկտուալ պոտենցիալի երեւի 90 տոկոսը. հիմա նոյնն է տեղի ունենում: Մարդիկ գնում են ուրիշ պատճառներով: Եթէ 10-20 տարի առաջ գնում էին, որովհետեւ այս չկար, այն չկար, հիմա ամէն ինչ կայ, բայց կարեւորը չկայ, այսինքն՝ երբ զգում ես, որ կարող ես ազատ ապրել քո հողի վրայ եւ արժանապատիւ: Զգալ, որ դու որպէս մարդ՝ կարեւոր ես: Մենք մարդուն դրել ենք վերջին տեղում, մեզ համար մնացած ամէն ինչն աւելի կարեւոր է, քան հենց բուն մարդը, մենք մարդով չենք զբաղւում, չենք կրթում, աւելի լաւ է չտանք այն կրթութիւնը, քան տալիս ենք հիմա»:

Խօսելով ատելութեան մթնոլորտի մասին, նա ընդգծել է՝ դա մեր մէջ սերմանւում է. «Մենք բարի ժողովուրդ ենք, ատելութեամբ չենք ապրում, դա մեր մէջ անվերջ քարոզւում է, որովհետեւ անընդհատ բաժանող գծերի մասին է խօսւում: Քեզ ասում են՝ սա լաւն է, սա վատն է, պիտակներով են խօսում: Այստեղ Իսրայէլի օրինակն է հետաքրքիր, որովհետեւ այդ խորը ճգնաժամը, որը կիսել է երկիրը երկու մասի, մէկ է՝ անընդհատ փորձեր են արւում միաւորել: Ես լսում եմ, թէ ինչ դիսկուրս է այնտեղ՝ նրանք անվերջ խօսում են մարդու մասին, անվերջ խօսում են մարդու կարեւորութեան մասին, ասում, որ առանց մարդ՝ չկայ պետութիւն, որ մենք բոլորս եղբայրներ ենք, ինչքան էլ տարբեր ենք: Նրանք դրանով զբաղւում են օրուգիշեր, որովհետեւ հասկանում են, որ հակառակ դէպքում ճգնաժամը չեն կարող յաղթահարել: Եթէ մենք չորդեգրենք նոյն մօտեցումը…  Այսինքն՝ քարոզչական մեքենան օգտագործենք այդ նպատակով եւ ամէն Աստծոյ օր կարեւոր առաջնահերթութիւնների մասին խօսենք: Ես դա կանէի, եւ հաւատացէք, որ մի տարի յետոյ սկսում է ահագին բան փոխւել: Մենք չենք ուզում առերեսւել իրականութեան հետ, դրա համար էլ թշնամին գալիս, դուռդ բացում է, ասում ես՝ վայ, էս ո՞նց եղաւ: Մեզ հիմա է պէտք զարթնել, պէտք է արագ աշխատել: Մենք ժամանակ չունենք: Եթէ մտածում ենք՝ ժամանակ ունենք, սխալւում ենք»:

Ռուբէն Մալայեանի խօսքով՝ եսակենտրոնութիւնը մեզանում չի վերանում, որովհետեւ դա գենետիկ կառուցւած է. «Մեր գենետիկան աղէտալի վիճակում է, գենետիկօրէն մենք սպառւել ենք: Ամենալաւ գեները 90-ականներին գնացին. յանկարծ ինձ սխալ չհասկանաք՝ ինձ համար բոլորն են կարեւոր, մարդն ինձ համար առաջին տեղում է, եթէ ինքը անկիրթ է, ես կանեմ ամէն ինչ, որ կրթեմ իրեն: Եթէ չի ուզում կրթւել, դու ունես երկու ընտրութիւն, կա՛մ յանձնւում ես, կա՛մ շարունակում ես փորձել բացատրել, մինչեւ որ հասկանայ: Մենք շատ անգամ ասում ենք՝ չի ստացւում, եւ էլ չենք փորձելու, բայց պէտք է շարունակել: Եթէ  չի ուզում կրթւել, եթէ մարդը չի օգնում, գոնէ թող չխանգարի»:

Related Articles

Back to top button