Աշոտ Մելքոնեան. «Ոչ թէ անփորձութեամբ, այլ միտումնաւոր՝ յստակ ծրագրով, այս իշխանութիւնը վերանայում է մեր պատմութիւնը»

«ԱԼԻՔ» – Այսօրւայ իրողութիւնների արմատները շատ աւելի խորն են։ Դեռեւս մինչեւ ներկայ իշխանութեան ներկայացուցիչների՝ պետական պաշտօններում յայտնւելը, արդէն այդ աշխատանքը տարւում էր։ Պատահական չէ, որ դեռեւս 2017 թւականին յայտնւել էին մարդիկ, որոնք թուրքերի հետ միասին գրքեր էին հեղինակում, ըստ որոնց՝ մեր դպրոցական դասագրքերը շատ ազգայնական ոգով են գրւած, եւ իբր թուրքի կերպարը նախապէս մատուցւում է թշնամաբար։ Ասում էին՝ նոյնն արւում է Թուրքիայում հայերի հանդէպ, այսինքն՝ մեզ դնում էին հաւասար նժարների վրայ։ Իսկ 2018-ից յետոյ սա արդէն դարձաւ քաղաքականութիւն եւ առաջնահերթօրէն ուղղւած է հայկական ինքնութեան դէմ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը։
«Որքան էլ ոմանք մտածեն, թէ սա անփորձութեան հետեւանք կարող է լինել, գնալով համոզւում ես, որ միտումնաւոր է արւում՝ կոնկրետ ծրագրի շրջանակում։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ հէնց այս փուլում Հայրենական պատերազմի պատմութեան վերանայման հարց ծագեց։ Աւանդաբար պատմագիտութեան մէջ քաղաքացիութիւն ստացած տեսակէտները սրանք սկսել են վերանայել եւ դրանով խարխլում են մեր ինքնութեան ձեւաւորման համակարգը։ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի մեր փառայեղ գաղափարախօսն ու ռազմական-քաղաքական գործիչն է, բայց յանկարծ նրա հետ կապւած խնդիրներ են ծագում, եւ մարդիկ յայտարարում են, թէ Նժդեհը ֆաշիստ է։
Նրան դնում են կոլաբորացիոնիստների կողքին, Վլասովի հետ են համեմատում։ Ադրբեջանում բազմաթիւ յայտնի գործիչներ կան, որոնք ֆաշիստների հետ համագործակցել են, իսկ Գարեգին Նժդեհի, Դրոյի, Արտաշէս Աբեղեանի պարագան միանգամայն այլ է։ Բայց դնում են նրանց կողքին, որպէսզի ցոյց տան, թէ իբր մեր մէջ հաւասարապէս դաւաճաններ են եղել, երբ այդ պատերազմը Հայրենականի հետ որեւէ կապ չունի»,- ասել է պատմաբանը։
«Ադրբեջանցի Ռասուլզադէն 44 հազարանոց մուսուլմանական կորպուսի հրամանատարն էր։ Իսկ մեր ազգային լեգէոնը խորհրդային զօրքերի դէմ բացարձակապէս չի կռւել։ Այն բերել-հասցրել են Ռոստով, կապեր են հաստատել 89-րդ Թամանյան դիւիզիայի մեր զինւորների հետ։ Երկուստեք հասկացել են, որ միմեանց դէմ չեն կռւելու։ Հայկական ազգային լեգէոնի մի մասը տեղափոխել են Հարաւսլաւիա, միւս մասը՝ Ֆրանսիա։ Ե՛ւ Հարաւսլաւիայում, ե՛ւ Ֆրանսիայում փախուստի դիմելուց յետոյ նրանք միացել են Դիմադրական շարժմանը, արժանացել բազմաթիւ շքանշանների։ Մէկը միւսի հետ բնավ համեմատելու բան չէ»,- նշել է Աշոտ Մելքոնեանը։
Ակադեմիկոսի կարծիքով՝ Արծրուն Յովհաննիսեանի շուրթերով հնչում են կեղծ «յայտնագործութիւններ», միֆերը մերժող եւ նոր տեսակէտներ առաջադրող մօտեցումներ, որոնք մերժելի են․
«Լիտւան, Լատւիան եւ Էստոնիան, որոնք ընդամէնը երկու տարի առաջ էին կորցրել իրենց պետական անկախութիւնը՝ 1939-ի ամռանը, երբ խորհրդային զօրքերը Մոլոտով-Ռիբենտրոպ համաձայնագրով մտել էին այդ տարածքներ, վերցրել իրենց հսկողութեան տակ եւ բռնութեամբ խորհրդայնացրել, ինչո՞ւ ֆաշիստական Գերմանիան այդ տարածքները գրաւելուց յետոյ նրանց անկախութիւն չտւեց, չվերականգնեց ընդամէնը երկու տարի առաջւայ անկախութիւնը։ Ինչո՞ւ նոյնը չարեց Մոլդովայում 1940-ին:
Ինչո՞ւ Ուկրաինայի կամ Բելառուսի տարածքը գրաւելուց յետոյ ֆաշիստներն այնտեղ պետականութիւն չստեղծեցին։ Ռուսաստանի եւրոպական հատւածի մեծագոյն մասը գրաւելուց յետոյ ինչո՞ւ չվերականգնեցին Դենիկինի, Կալեդինի, Իւդենիչի ռուսական պետութիւնը։ Ծիծաղելի է, երբ ասում են՝ Արեւմտեան Հայաստանում ֆաշիստներն ազատ, անկախ եւ միացեալ Հայաստան պիտի ստեղծէին»,- ամփոփել է Աշոտ Մելքոնեանը: