Իրանը ոչնչացնում է ցանկացած թշնամու կամ հակառակորդի պլանները՝ առանց ուղղակի ռազմական բախման Իրանաբնակ քաղաքական վերլուծաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
Էրդողանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի համար կարեւոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը եւ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափոյթ իրականացումը: Այս յայտարարութիւնները ին՞չ հակազդեցութեան կարող են հանդիպել Իրանի կողմից։ Եւ առհասարակ ինչպէ՞ս են գնահատում Իրանի քաղաքական դաշտում Իրան-Թուրքիա ներկայիս յարաբերութիւնները, ին՞չ զարգացումներով է այն յղի, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է Իրանում գործունէութիւն ծաւալող, մեր հայրենակից, Իրանում յայտնի քաղաքական վերլուծաբան Արտոյտ Զոհրաբեանի հետ, ով նախ արձանագրեց.
-Նախ ոչ ոքի համար գաղտնիք չէ Թուրքիայի եւ Բաքւի կառավարութեան միջեւ ներկայ յարաբերութիւնները: «Զանգեզուրի միջանցք»-ի միջոցով Իսրայէլն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն բախում հրահրել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ ցանկացած ծրագիր, որը տարածաշրջանում լարւածութիւն կառաջացնի եւ ինչ-որ ձեւով Իրանին կը խանգարի, դա ձեռնտու է Թուրքիային եւ առիթ է, որ նա հարւածի Իրանին, ի մասնաւորի՝ ճանապարհների, էներգիայի փոխանցման գծերի եւ առհասարակ անվտանգութեան ոլորտներում: Թոյլ տւէք այս առումով մէջբերում անեմ Կովկասի հարցերով փորձագէտ Հասան Բեհեշթիփուրի կարծիքը: Նա համոզւած է, որ Իրանի հանդուրժողականութիւնը Ադրբեջանի նկատմամբ չի նշանակում թոյլ դիւանագիտութիւն: Սրանք հարցեր են, որոնք սխալ են լուսաբանւում լրատւամիջոցներում եւ շահարկւում:
Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած հակամարտութիւն բխում է իսրայէլցիների, թուրքերի կամ օտարերկրացիների շահերից:
Իրականում Իրանը նման դէպքերում չի գնում ուղղակի ռազմական միջոցների:
Պարզապէս համապատասխան զօրավարժութիւնների միջոցով ցանկացած երկրի զգուշացնում է զերծ մնալ հնարաւոր գործողութիւնից, ապա ոչ թէ հրաւիրում այլ պարտադրում է սեղանի շուրջ բանակցել՝ այն էլ ամենաբարձրաստիճան քաղաքական պաշտօնեաների հետ:Իրականում նման միջոցներով է, որ Իրանը ոչնչացնում է ցանկացած թշնամու կամ հակառակորդի պլանները՝ առանց ուղղակի ռազմական բախման։
– Այնուամենայնիւ, ի՞նչ քայլեր կը ձեռնարկի պաշտօնական Իրանը Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ռազմական գործողութիւնների վերսկսման դէպքում, արդեօք կը խառնւի՞ ռազմական գործողութիւններին։
-Այս թեմայով կամ առհասարակ Բաքւի նկատմամբ Իրանը ունի նաեւ այլ միջոցներ, որոնք հարկ եղած ժամանակ կարող է օգտագործել։ Թեհրանը յստակ յայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող խանգարել Իրան-Հայաստան սահմանը, այսպէս ասած հազարամեակների ճանապարհը:
Ըստ իս՝ Բաքուն չի կարող փոխել տարածաշրջանի քաղաքական աշխարհագրութիւնը կամ այսքան հեշտ չի փոխւի: Չմոռանանք նաեւ, որ ինքը Բաքւի կառավարութիւնը 1991 թւականին Ալմա Աթայի համաձայնագրի հիման վրայ ճանաչել է Խորհրդային Միութեան սահմանները: Այն ինչ Բաքուն ձգտում է անել քաղաքական աշխարհագրութիւնը ռազմական գործողութիւններով փոխել կարող է յանգեցնել աւելի լուրջ պատասխանների ԻԻՀ-ի կողմից: Սա ասում եմ ըստ դրան, որ օտարերկրացիների հրահրմամբ վերջին ամիսներին Ադրբեջանը ռազմական բազում տեղաշարժեր է իրականացրել: Հաւանական է, որ Իլհամ Ալիեւի կառավարութիւնը, օտարների խորհրդով ձգտում է ղարաբաղեան երրորդ պատերազմին: Ինչը, որ արդէն տարբեր երկրների փորձագէտներ զգուշացրել էին եւ զգուշացնում են նման պատերազմի մասին, որ հաւանաբար տեղի կունենայ 2023-ի վերջերը կամ 2024 թ.-ին, իհարկէ յուսամ, որ նման բան չլինի: Բայց, այն ինչ Թուրքիան է փորձում աւելի խելացի ձեւով անել դա տարածաշրջանի գէռպոլիտիկայի փոփոխութիւնն է ի շահ իրեն եւ այսպէս կոչւած ի շահ պանթուրքիզմի: Խօսքս ոչ միայն հայերի ճնշման կամ զտման մասին է, այլ նաեւ գլոբալ տնտեսական լուրջ պլանների, ինչպիսին է՝ էներգետիկայի եւ տրանսպորտի փոխանցման գծերի շահագործումը եւ բնական ռեսուրսների թալանումը եւ ընդհանուր տարածաշրջանի տրանզիտի օգտագործումը, որը բոլոր ծրագրերն էլ ի վնաս Իրանին են:
Ներկայ իրավիճակում Իրանը փորձում է բոլոր հարթակներում ներկայութեան եւ ակտիւ դիւանագիտութեան միջոցով վերահսկել իրավիճակը եւ կանխել նման հնարաւոր ծրագրերի իրականացումը:
Իսկ ես պէտք է յիշեմ նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի այն խօսքը, որ նա ասաց Երեւանում տնտեսական ցուցահանդէսի ժամանակ. «Մեր սկզբունքային քաղաքականութիւնն է Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւնները զարգացնելը։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը»: Այս խօսքերը նշանակում են, որ եթէ խանգարւեն այն, ինչ որ բացէ ի բաց յայտարարում է պաշտօնական Թեհրանը՝ ապա այս անգամ պիտի ասեմ՝ այո, Իրանը մուտք կը գործի տարածաշրջանում արդէն ոչ միայն բանակցելու կամ դիւանագիտութիւն վարելու նպատակով, այլ Իրանը ներկայ կը գտնւի որպէս՝ թելադրող ուժ տարածաշրջանի կամ արտատարածաշրջանի ցանկացած երկրի կամ երկրների համար, ովքեր կը փորձեն ապակայունացնել տարածաշրջանը, ի վնաս Իրանի շահերի, նամանաւանդ, այն թեմաները, որը ԻԻՀ-ն համարում է «տարածաշրջանի անվտանգութեան երաշխիքներ», ինչպէս իր սահմանների ցանկացած փոփոխութիւն:
-Եւ վերջում, ինչպէ՞ս կը գնահատէք Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները այսօր։
-Իրանը եւ Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, յատկապէս՝ տնտեսական, ռազմական եւ անվտանգութեան յարաբերութիւններում, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկեան միակողմանիութեան դէմ պայքարը, եւ սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցութեան հիմնական գործօններից մէկն է եղել։
Վերջին տարիներում Իրան-Ռուսաստան յարաբերութիւններն ընդլայնւում են: Բացի ընդհանուր շահերից, երկու երկրները պայքարում են նաեւ բազմաթիւ ընդհանուր սպառնալիքների դէմ։
Ներկայումս առկայ են համապատասխան պայմաններ՝ գրեթէ բոլոր ոլորտներում Իրանի հետ համագործակցութիւնն ամրապնդելու համար՝ գիւղատնտեսութիւնից մինչեւ առաջադէմ տեխնոլոգիաներ, էներգետիկա, ճարտարագիտութիւն, տեքստիլ եւ զբօսաշրջութիւն։ Առկայ է նաեւ փոխադարձ ներդրումների եւ յատուկ տնտեսական գօտիներում համագործակցութեան մեծ ներուժ:
Պէտք է շեշտեմ, որ Իրանը կամուրջ է Արեւմտեան Ասիայի, Հարաւային եւ Հարաւարեւելեան Ասիայի հետ առեւտրի համար: Իրանը նաեւ Արեւմուտքի պատժամիջոցների պայմաններում առեւտրային գործունէութեան եզակի փորձ ունի, ինչը Ուկրաինայի ներկայ իրավիճակում կարող է սատար հանդիսանալ Ռուսաստանին արեւմտեան՝ ի մասնաւորի ԱՄՆ-ի պատժամիջոցների դէմ:
Այն ինչ կարելի է յստակ ասել այն է, որ Իրանի անդամակցութիւնը ՇՀԿ-ին եւ BRICS-ին, ինչու չէ նաեւ ԵԱՏՄ երկրներին մաս կազմելը, ապացոյցն է որ Ռուսաստանի համար ցանկալի են, որ նման կազմակերպութիւններում ինքը ունենայ հզօր եւ վստահելի դաշնակիցներ, ինչը Իրանը համարւում է ամենալաւ տարբերակը:
Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները արդէն կարելի է անւանել ռազմավարական, ինչը պէտք է օրինակելի դառնայ այլ երկրների համար, մանաւանդ Հայաստանի: Նկատի առնելով, որ երկու երկրները միեւնոյն ժամանակ պաշտպանում են իրենց շահերը նաեւ փորձում են կայուն պահել տարածաշրջանը եւ կանխել օտարերկրացիների եւ արտատարածաշրջանային երկրների գործողութիւնները յանուն երկկողմ շահերի:
Սա նշանակում է, որ երկու երկրները հաւատում են, որ տարածաշրջանի շահերը ապահովում են հէնց տարածաշրջանի երկրները: Միեւնոյն ժամանակ հովանաւորելով տարածաշրջանի աւելի փոքր երկրներին: Այս իրավիճակում պէտք է աւելի ուշադիր դիտել այս երկու մեծ եւ հզօր երկրների դիւանագիտութեան առաջխաղացումը, ի մասնաւորի կարելի ունենալ նրանց հովանաւորութիւնները անվտանգութեան ասպարէզում:
Անձամբ կուզեմ շատ կարճ անդրադառնալ Հայաստանի յարաբերութիւններին այս երկու պետութիւնների հետ, իհարկէ միայն տնտեսական հարցում եւ մի քանի թեմաներ, որը կարելի է ապագայում աւելի երկար խօսել նրանց մասին:
Տնտեսական ոլորտում, ես կասէի, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնները դեռ կարօտ են շատ աշխատանքների, ու Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնները պէտք է վերանայւեն եւ աւելի ընդլայնւեն նոր միջոցներով:
Օրինակ՝ աւելի լուրջ ընկալւի Հիւսիս-հարաւ մայրուղու Հայաստանի դերակատարութիւնը, կամ Իրան-Ռուսաստան տրանզիտը Հայաստանով նաեւ Վրաստան կամ ԵԱՏՄ երկրների կապը դէպի Իրաք կամ Պարսից ծոց՝ Իրանի միջոցով: Կարելի է վերանայել այլ հարցեր, ինչպէս պատժամիջոցների շրջանցելու թեմաները կամ հնարաւորութիւններ ստեղծել Իրանցի գործարարների համար, ինչը այս պահին կարօտ է լուրջ ուսումնասիրութեան եւ ոչ թէ ուղղակի ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի թելադրանքով առաջնորդւել:
Սա նշանակում է, որ Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների ներքոյ պէտք խելացի շարժւել եւ օգտւել ստեղծւած առիթներից ու փորձել միանալ եւ միացնել տնտեսական շահերը՝ այնքանով, որ հնարաւոր է: Տնտեսական բարձր մակարդակով շահերի միաձուլումը ինքնըստինքեան առաջացնում է ռազմավարական յարաբերութիւն եւ հետեւաբար ստեղծւում են անվտանգութեան ասպեկտներ: