Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մուրադ Փափազեան. «Ազգային անվտանգութեան հարցերում մենք չենք կարող վստահել Նիկոլ Փաշինեանին»

Ստորեւ ներկայացնում ենք Aravot.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

 

– Պարո′ն Փափազեան, ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային միջանցքը։ Այս հնարաւոր գործարքում վտանգներ տեսնո՞ւմ էք։ Դրա իրականացումը չի՞ նշանակի նաեւ ՀՀ-ի տարածքով Թուրքիայի կապը Կենտրոնական Ասիայի հետ։

– Ձեր բարձրացրած հարցն առնչւում է Հայաստանի անվտանգութեանը։ Թշնամական աշխարհաքաղաքական միջավայրում ցամաքային հաղորդակցութեան հարցերը կենսական նշանակութիւն ունեն։ Հայաստանը պէտք է վերահսկի իր սահմանները։ Հարեւանների հետ յարաբերութիւնները չեն կարգաւորւի այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանի բոլոր դերակատարները չեն հասկանայ, որ տեւական խաղաղութիւնը պէտք է հիմնւած լինի արդար խաղաղութեան վրայ։ Խաղաղութեան հարցը առաջնային է։ Այո՛, մենք պէտք է ստեղծենք պայմաններ, որպէսզի խաղաղութիւնը լինի տեւական։ Իսկ որպէսզի լինի տեւական, այն պէտք է լինի արդար։ Ցանկանում եմ յատկապէս ընդգծել սա, քանի որ այստեղ չէ, որ մի կողմում նրանք են, որոնք ուզում են խաղաղութիւն, իսկ միւս կողմում՝ նրանք, որոնք ուզում են պատերազմ։ Կան կողմեր, որոնք շտապում են խաղաղութեան գործընթացում ունենալու արագ, բայց խոցելի խաղաղութիւն։ Եւ կան նրանք, որոնք ուզում են արդար եւ հետեւաբար տեւական խաղաղութիւն։ Պանթիւրքիզմի ճանապարհը չի նպաստի խաղաղութեանը։ Այն աւելի է թուլացնելու Հայաստանը։ Քանի դեռ այս հարցը չի դարձել համապարփակ խաղաղութեան համաձայնագրի մաս, որը հաշւի է առնում նաեւ Հայաստանի շահերը, այն չի կարող համընդհանուր համաձայնութեան առարկայ դառնալ։ Բայց, ցաւօք սրտի, ներկայիս կառավարութիւնը մտադիր չէ պաշտպանել Հայաստանի շահերը։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը յայտարարել է, որ ճանապարհի վարձակալութեան տարբերակ հնարաւոր չէ․ «Հայաստանը չի քննարկել եւ չի քննարկում որեւէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողութիւնն արտապատւիրակելը։ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցւածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապէս Հայաստանի ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան համատեքստում»։ Այս վստահեցումները համոզի՞չ են՝ նաեւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, որ պատրաստ է Ադրբեջանին տրամադրել Իրանի ձեւով անցում, սակայն հիմա խօսւում է երրորդ կողմի արտապատւիրակման մասին, ինչը չկայ Իրանի տարբերակում։

– Ազգային անվտանգութեան հարցերում մենք չենք կարող վստահել Նիկոլ Փաշինեանին։ Ցաւով եմ դա ասում, սակայն նա իր իշխանութեան գալուց ի վեր ցոյց է տւել իր անկարողութիւնը՝ ապահովելու Հայաստանի սահմանների ամբողջականութիւնն ու հայ ժողովրդի անվտանգութիւնը։ Վերջին 7 տարիների ընթացքում նա արել է իր ասածների հակառակը։ Երկրի անվտանգութիւնը եւ պետականութեան ամրապնդումը նրա առաջնահերթութիւններից չեն։ Սա ասում եմ մեծ դառնութեամբ, բայց անկեղծօրէն կարծում եմ, որ 2018-ից յետոյ Հայաստանն աւելի թոյլ եւ աւելի խոցելի է, քան 2018-ից առաջւայ Հայաստանը։

– Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ի առաջարկած տարբերակը համընկնում է նաեւ Թուրքիայի՞ հետ։ Վարչապետի խօսնակի մակարդակով այն մերժւել է, հետեւաբար ի՞նչ զարգացում էք հետագայում տեսնում։

– Այս հարցը հիմնարար է, այն առնչւում է երկրի անվտանգութեանը, բայց պէտք է լուծւի աւելի համընդհանուր շրջանակում։ Հայաստանը պէտք է դիմի միջազգային հանրութեանը՝ արդար եւ տեւական խաղաղութեան ծրագիր իրականացնելու համար։ Կրկնում եմ՝ արդար եւ տեւական խաղաղութեան ծրագիր։ Հայաստանը ունի պաշտպանելու շահեր, եւ նա պէտք է դրանք պաշտպանի։ Հայաստանի կառավարութիւնը պէտք է պահանջի կազմակերպել միջազգային գագաթնաժողով՝ արդար խաղաղութեան համար Հարաւային Կովկասում։ Այդ գագաթնաժողովի օրակարգում պէտք է դրւեն հայերի անվտանգ վերադարձի իրաւունքի հարցը Արցախ, Բաքւում պահւող պատանդների ազատ արձակումը, Հայաստանի Հանրապետութեան սահմանների ամբողջականութիւնը եւ բնակչութեան անվտանգութիւնը։ Իրական խնդիրն այն է, որ այս կառավարութիւնը չի պաշտպանում Հայաստանի շահերը։

Զրոյցը՝ ՏԱԹԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button