Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը վերադարձաւ թեմ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, կիրակի, յուլիսի 13-իին վերադարձաւ Իրան, Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ անցած ամիս տեղի ունեցած ժողովական հանդիպման ներկայ գտնւելուց յետոյ:
Երկրում տիրող ռազմական դէպքերի ընթացքին օդանաւակայանների փակւած լինելու պատճառով, Սրբազան հայրը չէր կարողանում վերադառնալ թեմ, սակայն գլխաւոր քաղաքներում օդանաւակայանների բացումից անմիջապէս յետոյ, նա Թեհրան ժամանեց Արաբական Էմիրութեանց Դուբայ քաղաքի վրայով: Թեհրանում հիւրընկալւելով տեղի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի բնակարանում, Սրբազանը յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած, Թեհրանի հայոց առաջնորդի շուտափոյթ առողջութեան համար: Նոյն վայրում Գրիգոր Սրբազանի հետ հանդիպեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, որ ողջունեց նրա վերադարձը:
Յաջորդ օրը՝ յուլիսի 14-ին, Գրիգոր Սրբազան ցամաքի ճանապարհով ուղեւորւեց Թաւրիզ, եւ երեկոյեան ժամը 7:30-ին մուտք գործեց ազգային առաջնորդարան: Ազգային Իշխանութիւնը բարի գալստեան անակնկալ հաւաք էր կազմակերպել առաջնորդարանի մուտքին, դիմաւորելով Սրբազան հօրը: Ապա, «Էմիլ Յակոբեան» դահլիճում յատուկ խօսքերով Սրբազան հօր իրենց ջերմ ողջոյնը հաղորդեցին ներկաները՝ Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի գլխաւորութեամբ:
Առաջնորդ Սրբազանը բոլոր ժողովականների եւ թեմի ժողովրդի զաւակների ներողամտութիւնը խնդրեց օդային ճանապարհների փակ լինելու պատճառով իր բացակայութեան համար, յիշեցնելով, որ Անթիլիասի մայրավանքից ամենօրեայ կապի մէջ էր եղել Թեմական խորհրդի հետ, հետեւելով բոլոր անցուդարձերին:
Դիմաւորութեան կարճ հանդիպումը առիթ հանդիսացաւ, յառաջիկայ օրերին թեմում տեղի ունենալիք ծրագրերի նախապատրաստական աշխատանքների վերատեսութիւնը կատարելու: