Դաշնակցական Բեմ

Հայոց եկեղեցին եւ Հ.Յ.Դաշնակցութիւնը

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Սոյն յօդւածը գրել եմ 2007 թւին, որը լոյս է տեսել նոյն թւին «ԱԼԻՔ» օրաթերթում ապա 2008-ին, տեղ է գտել իմ հրատարակած՝ «Խոհեր եւ Մտածումներ» գրքի ա.հատորում, վերաբերում է Հայաստանեայց Առաքելական Ս.Եկեղեցու եւ Հ.Յ.Դաշնակցութեան ազգային համոզումների նմանութեանց մասին։ Արդ երբ այս օրերին, հայրենի իշխանիկները, վաչապետի աթոռն զբաղեցնողի հրահանգով ապօրինի եւ տմարդի արշաւ են իրականացնում վերոնշեալ ազգային կառոյցների դէմ, յարմար նկատեցի առ ի տեղեկութիւն եւ յաւելեալ լուսաբանութիւն, մեր հայրենի «իմաստուն» իշխանիկների, մի քանի յապաւումներով վերահրատակել նշւած յօդւածը։

Աւելի քան 1700 տարի առաջ, Թադէոս եւ Բարդուղիմէոս Առաքեալների Քրիստոնէական քարոզչութեամբ եւ Տրդատ Գ.ի թագաւորութեան օրօք, Գրիգոր Լուսաւորչի կողմից՝ Հայաստանում, որպէս պետական կրօն հիմնադրւած Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին, ոչ միայն երկիրը հասցրել է քաղաքակրթութեան նոր մակարակի եւ բարեփոխումներ կատարել ժողովրդի կեանքում եւ կենցաղում, այլ հայ ժողովրդի ինքնութութեան պահպանման տեսակէտից կարեւոր գործօն է եղել եւ միշտ «Յանուն Հայրենեայց եւ Հաւատք»ի մղւած պատերազմներում հայ եկեղեցին եւ նրա հոգեւորականները ոգեշնչել են հայ մարտնչող զինւորներին՝ մասնակցել ազատագրական պայքարներին եւ չխնայել նոյնիսկ իրենց կեանքը այդ ճամբին։

1890 թւին էլ՝ Քրիստափորի, Ռոստոմի եւ Զաւարեանի կողմից հիմնադրւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ոչ միայն հայ ժողովրդին տւել է քաղաքական վերազարթօնք եւ բարեփոխել է նրա ստրկամտութիւնը պայքարունակ ոգու, այլ հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան տեսակէտից մեծ դերակատարութիւն է ունեցել բոլոր ճակատներում եւ նրա ֆէդայիներն ու ղեկավարները ամենուրեք յառաջապահ դիրքերում են եղել եւ առաջիններից է եղել Հայ Ազատագրական շարժման արիւնոտ ճանապարհին։

Բացի վերոնշեալներից, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ ՀՅԴ-ի միջեւ գոյութիւն ունեն մի շարք զուգահեռներ եւ նմանութիւններ ըստ այսմ.

Երկուսն էլ ազգային են, մէկը Քրիստոնէական միջազգային վարդապետութեան մեջ, միւսը՝ ընկերվարական համատարած կազմակերպութեան։

Երկուսն էլ յստակ նպատակներ ունեն, մէկը իր «հաւատամք»-ի գծով, միւսը՝ իր ծրագրի ճամբով։

Երկուսն էլ կուռ կազմակերպութիւն են, մէկը իր եկեղեցական կանոններով, միւսը՝իր կուսակցութեան կանոնագրով։

Երկուսն էլ ձգտում են չարի խափանման եւ բարու տիրակալութեան՝ մէկը հոգեւոր վերածնունդով, միւսը քաղաքական պայքարի զարթօնքով։

Երկուսն էլ պաշտպանում են հայ ժողովրդի ընդհանրական շահերը եւ ձգտում են նրա բարօրութեանը, մէկը միջազգային օրէնքի ճամբով, միւսը՝յեղափոխական գործով։

Երկուսն էլ իրենց նորեկ անդամներին ընդունում են յատուկ արարողութեամբ, մէկը «մկրտութեամբ», միւսը՝ երդմամբ։

Երկուսն էլ իրենց կազմակերպական եւ վարչական աշխատանքները տնօրինում են ժողովրդվարական սկզբունքով, մէկը թեմական կառոյցներով, միւսը՝ կուսացական ժողովներով։

Երկուսն էլ առաքելութիւն ունեն ծառայելու ժողովրդին, մէկը ներքին հոգեկան աշխահին վերաբերող, միւսը՝մարդկային աշխատանքի առարկային վերբերող։

Երկուսն էլ պայքարում են արդարութեան համար, մէկը «թէոդիցիայ»ի եւ Աստծոյ թագաւորութեամբ, միւսը՝ արդար ժողովրդավար եւ ընկերվար իշխանութեամբ։

Եկուսն էլ չափաւորութիւնը համարում են մարդու հոգեկան կարողութեանց հզօրացման միջոց, մէկը «պահեցողութեամբ», միւսը անանձնականութեամբ։

Հայոց Եկեղեցին, ի սկզբանէ եռանդուն աջակցութիւն եւ մասնակցութիւն է ունեցել հայ ազատագրական շաժումներին եւ նեցուկ է հանդիսացել հայկական հարցի համար մղւող պայքարներին։

Հայոց Եկեղեցին, պայքար է մղել ցարական կառավարութեան 1903-ի յունիս 12-ի եկեղեցական գոյքի բռնագրաւման օրէնքի իրագործման դէմ։

Հայոց Եկեղեցին եւ նրա հոգեւորականութիւնը, Դաշնակցութեան կողքին, 1918-ի Մայիսեան ճակատամարտերում, քաջալերել են մարտիկներին ռազմաճակատների առաջին գծերում, նոյնիսկ որոշ հոգեւորականներ մասնակցել են հերոսամարտերին։

Հայաստանի առաջին Հանրապետութեան ժամանակաշրջանում, Հայոց Եկեղեցու իրաւական կարգավիճակի եւ պետութեան մէջ նրա դերի բարելաւման հարցի մասին, եկեղեցու եւ պետութեան միջեւ 1920-ի փետրւարին, վերստին կնքւել է դաշնագիր, որն Հայաստանի խորհրդայնացումով մնացել է անիրագործելի։

Ներկայում եւս, Հայոց Եկեղեցին եւ Դաշնակցութիւնը, հակառակ իրենց շուրջ ստեղծւած ապօրինի խոչընդոտների եւ բռնաճնշումների, հաւատարիմ իրենց սկզբունքների ու համոզումների՝ լծւած են հայ ժողովրդի իրական եւ իրաւական արդար պահանջների իրականացման եւ հայրենի անկախ պետականութեան ամրապնդման եւ հզօրացման դժւարին աշխատանքներին։

15 յուլիս 2025 թ.

Նոր Ջուղա

Related Articles

Back to top button