Թաւրիզի «Մելիք Թանգեան թանգարան»-ի վերաբացման նախնական աշխատանքներ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ՝ հոկտեմբերի 12-ին, վաղ առաւօտեան ժամերից սկսեալ, շուրջ 40 տարիներ փակ դռների հետեւը գտնւող «Մելիք Թանգեան թանգարան»-ի գոյքերը, Ղալայի եկեղեցու շրջափակում, ազգային առաջնորդարանի «Արամեան» շէնքի պահեստամասից տեղափոխւեցին Լիլաւայի հայոց «Թամարեան» հնադարեայ շէնքի երկրորդ յարկը:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տարիների աշխատանքի արդիւնք հանդիսացած սոյն յաջողութիւնը հովանաւորւեց Իրանի Իսլամական հանրապետութեան Մշակութային ժառանգութեան տնօրէնութեան միջոցով, որը իր պաշտօնէութեամբ ներկայ էր դարաւոր գոյքերի փոխադրման դժւարին աշխատանքին:
Նշենք, որ Թեմական խորհրդի կողմից հովանաւորւած նիւթական միջոցներով, ինչպէս նաեւ ապսպրւած չորս փոխադրակառքերով ու շուրջ երկու տասնեակ բանւորներով, թանգարանի առարկաները յատուկ ապահով ծրարների մէջ ամրացւած եւ տուփերում տեղադրւած, փոխադրւեցին իրենց համար Թեմական խորհրդի որոշած նոր վայրը:
Առաւօտեան վաղ ժամերից Թեմական խորհուրդը, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, ինչպէս նաեւ նիւթերի թւագրման պատասխանատու Սեւան սրկ. Ենովքեանի, աշխատանքը սկսեց Բերդաթաղում (Ղալա), եւ շուրջ կէս օր տեւած հաւաքական խիտ ջանքերով, թանգարանի գոյքերը փոխադրւեցին Լիլաւա:
Ձեռագրերի պատառիկներ, հնատիպ մատեաններ, եկեղեցական հնադարեայ զգեստներ, կիրառական արւեստի նմոյշներ, կրօնական իւղանկարներ, հնամենի կահոյքի օրինակներ՝ նստարաններ եւ գրասեղաններ, որոնք պատկանել են թեմում գործած հոգեւորական անձանց, թեմի տարբեր գաւառներում եւ գիւղերում եկեղեցիների օրհնաձայն զանգեր, աշտանակներ, թափօրի խաչեր եւ խաչվառներ, ինչպէս նաեւ այլ թանկարժէք իրեղէններ մասնաւոր տուփերի մէջ էին ծրարւել, ապահով փոխադրման հեռանկարով: Յայտնենք, որ մինչեւ փոխադրման սկիզբը, Թեմական խորհրդի տնօրինումով, Մշակութային ժառանգութեան կենտրոնը իր մասնագէտ տեղացի նկարիչների ձեռամբ վերանորոգման էր ենթարկել 27 իւղանկարներ, առաջիկայ դարերի համար փրկելով դրանք փջացման աղէտից:
Սոյն փոխադրութիւնից յետոյ, առաջնորդ Սրբազան Հայրը ժամանեց Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցին, եւ հետեւեց գոյքերին յատկացւած նոր սենեակներում տեղադրման հսկայական աշխատանքին: Սրբազան Հօրը ժամանման պահին նաեւ ներկայ գտնւեցին Փոքրամասնութեան պատասխանատուն, ինչպէս նաեւ Պատգամաւորական ժողովի դիւանի անդամներ Արմինէ Վահրամեանը եւ Անի Մելիքեանը, մօտկից հետեւելով ցարդ իրականացւած ապահով աշխատանքին:
Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը մանրամասն բացատրութիւն տւեց առաջնորդ Սրբազան Հօրը եւ ներկաներին, ներկայացնելով այն բծախնդիր մօտեցումը, որը վաղ առաւօտից իրագործել էր աշխատանքային խումբը: Նա ներկայացրեց նաեւ շէնքի եւ թանգարանային բաժնի տեսախցիկների ապահով հսկողութեան համակարգչային ձեւաչափը, որը 24 ժամ տեւողութեամբ տրամադրելի է լինելու պատասխանատուներին:
Յայտնենք, որ Սրբազան Հայրն ու Թեմական խորհուրդը ժողովական մնայուն ընթացքի մէջ են պետական համապատասխան շրջանակների հետ, պաշտօնապէս նախապատրաստւելու «Մելիք Թանգեան թանգարան»-ի վերաբացման ծրագրին, որի դռները փակւել էին շուրջ 40 տարիներ առաջ: