ԹեհրանՀամայնք

Սրբազահ Հօր նախագահութեամբ՝ Սուրբ Սարգիս Զօրավարի տօնի առիթով Սուրբ Պատարագ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Շաբաթ՝ յունւարի 31-ին, Հայ Առաքելական Ս. եկեղեցին իր հոգեզմայլ եւ հոգեզւարթ շարականների ու աղօթքների միջոցով, նշեց եւ ոգեկոչեց Ս. Սարգիս Զօրավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինւորների յիշատակը:

Այս առիթով, Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը։

Հայր Սուրբն իր քարոզի սկզբին Ս. Սարգիս Զօրավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինւորների յիշատակի տօնի խորհրդին անդրադառնալով նշեց, որ նրանք իրենց կեանքով, գործունէութեամբ եւ նահատակութեամբ հաւատացեալներիս համար դարձան հաւատքի խորհրդանիշ, կենդանի օրինակ եւ ներշնչման աղբիւր: Նրանք աւետարանական ճշմարտութիւններով լուսաւորեցին իրենց կեանքի ճանապարհը, չվախեցան հալածանքներից ու նեղութիւններից եւ նոյնիսկ իրենց արեամբ վկայեցին Քրիստոսի աստւածութեան մասին: Հայր Սուրբը յայտնեց. «Ս. Սարգիսը բարեպաշտ եւ հաւատացեալ մի իշխան էր, ով իբրեւ զօրավար գործում էր Կապադովկիայում Մեծն Կոստանդիանոսի եւ նրա որդու օրօք: Սուրբը օգտւելով Կոստանդիանիոսի քրիստոնէական կրօնի հանդէպ ցուցաբերած ազնիւ վերաբերմունքից, քանդում էր հեթանոսական տաճարները եւ նրանց փոխարէն եկեղեցիներ էր կառուցում: Արագահաս սուրբը նաեւ իր ունեցւածքը սիրայօժար կերպով բաժանում էր աղքատներին եւ կարօտեալներին: Սակայն, երբ Յուլիանոս Ուրացող կայսրը գահ բարձրացաւ, նա սկսաւ սուրբին հալածել, որի պատճառով Ս. Սարգիսը նախ անցաւ Հայաստան, ապա՝ Պարսկաստան»:

Նա շարունակեց. «Այսօր Ս. Սարգիսը իր տօնի առիթով, գալիս է մեզանից իւրաքանչիւրին ասելու. «Աստծու հանդէպ զօրաւոր, անսասան եւ ամուր հաւատք ունեցէ՛ք: Հաւատացէ՛ք Աստծու ամենակարողութեանը, Տիրոջ ամենակալութեանը, Բարձրեալի ամենատեսութեանը, Արարչի ամենասրբութեանը եւ Քրիստոսի ամենազօրութեանը: Ձեր կեանքը ապրէ՛ք Տիրոջ հանդէպ տածւած անսահաման սիրով, անվերջ յոյսով եւ անշեղ վստահութեամբ: Ճիշտ է, որ այսօր դուք դժւար, նեղ եւ անորոշ օրեր էք ապրում, բայց եւ այնպէս, ոչ մի պահի չմոռանաք, թէ Աստծու անսուտ խոստումի համաձայն, դուք որ Նրա զաւակներն էք, ձեր կեանքում պիտի վայելէք Իր օգնութիւնը, հաւատարմութիւնը, միջամտութիւնը եւ առաջնորդութիւնը: Հետեւաբար, մի՛ վախեցէք, այլ հաւատացէ՛ք, մի՛ կասկածէք, այլ վստահեցէք, մի՛ յանձնւէք, այլ յուսացէք: Տիրոջ օրհնութեամբ եւ նախախնամութեամբ ամէն ինչ լաւ պիտի լինի»»:

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց եկեղեցու բարերարներին, Սարգսեան գերդաստանի արժանաւոր զաւակներին եւ եղբայրական շնորհակալութիւն յայտնեց եկեղեցու ներկայ հոգեւոր հովիւներին՝ Տ. Սահակին եւ Տ. Արիստակէսին եւ նրանց երէցկիներին, Ս. Խորանին սպասարկող նախկին թէ ներկայ սարկաւագներին, կիսասարկաւագներին եւ դպիրներին, անցեալի թէ ներկայի դպրաց երգեցիկ դասերին եւ եկեղեցական խորհուրդներին, որոնք իրենց հաւատքով, ծառայութեամբ ու սիրով միշտ պայծառ պահեցին ու տակաւին պահում են Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների ու յարակից հանգուցեալ բարեկամների համար:

Կրօնական արարողութեան աւարտին Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն ազգային առաջնորդարանի դահլիճում, որին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ատենադպիր Հայրիկ Աղանեանը, քահանայ հայրերը, ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button