ԹեհրանՀամայնք

Գաղափար, որը դարձաւ համայնքի տունը

Հ. Մ. «Արարատ» Կ.-ն դարձաւ 82 տարեկան

ՀԱՏԻՍ

 

Կան վայրեր, որոնց նշանակութիւնը չի չափւում միայն իրենց պատերով, մարզահարթակներով ու դահլիճներով։ Դրանք յիշողութեան տարածքներ են, վայր, որտեղ ժամանակի ընթացքում կուտակւում են մարդկանց ձայները, քայլերը, յաղթանակներն ու կորուստները։

Երբ քաղաքներն անցնում են քաղաքական ցնցումների, անորոշութիւնների եւ պատմական շրջադարձերի միջով, նրանց իրական դիմագիծը երբեմն պահպանւում է հէնց այդպիսի վայրերում։ Այնտեղ, որտեղ մարդիկ սովորում են միասին ապրել՝ մրցել առանց ատելութեան, վիճել առանց բաժանւելու, ստեղծագործել առանց վախի եւ պատկանել՝ առանց պարտադրանքի։

1940-ականների իրանահայ կեանքը վերակազմաւորման շրջան ապրեց։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի դժւար տարիներին, երբ տարածաշրջանը ապրում էր մեծ փոփոխութիւնների մէջ, միաժամանակ վերակենդանանում էին ազգային կրթական եւ մշակութային նախաձեռնութիւնները․ վերաբացւում էին դպրոցներ, հիմնւում նոր օջախներ, լոյս էին տեսնում գրքեր։

Այս շարժման մէջ 1944 թւականին ծնւեց Հ. Մ. «Արարատ» Կ.-ն։

Այն ստեղծւեց ոչ միայն որպէս Մարզական միութիւն, այլ որպէս մի միջավայր, որտեղ համայնքը կարող էր հանդիպել ինքն իր հետ։ Մի վայր, որտեղ սպորտը, թատրոնը, երաժշտութիւնը, գրականութիւնն ու հասարակական կեանքը պիտի դառնային մէկ ամբողջութեան մաս։

Այդ գաղափարի հիմքում մի պարզ գիտակցում կար՝ համայնքները գոյատեւում են ոչ միայն իրենց անցեալը պահպանելով, այլեւ նոր յիշողութիւններ ստեղծելով։

Տասնամեակների ընթացքում «Արարատ»-ը դարձաւ այն վայրը, որտեղ սերունդներ հանդիպեցին միմեանց։ Այստեղ երիտասարդները սովորեցին մրցակցել եւ համագործակցել, այստեղ արւեստն ու սպորտը դարձան ոչ միայն զբաղմունք, այլեւ ինքնութեան փոխանցման լեզու։

Բայց «Արարատ»-ի պատմութիւնը միայն ստեղծագործութեան եւ յաջողութիւնների պատմութիւն չէ։

Նրա պատերը նաեւ կրել են պատերազմի օրերի ծանրութիւնը։ 2025 թւականի Իրան-Իսրայէլ 12-օրեայ պատերազմի օրերին, եւ ամիսներ անց՝ 2026 թւականի նոր ագրեսիայի ընթացքում, «Արարատ»-ը եւս յայտնւեց պատերազմի ազդեցութեան տակ։

Այն իր վրայ կրելով ժամանակի ծանր ու ցաւոտ հետքերը՝ չդադարեց լինել այն, ինչ եղել էր իր հիմնադրման օրից՝ համայնքի հանդիպման, դիմադրութեան եւ յոյսի վայր։

Գուցէ հէնց այստեղ է բացայայտւում «Արարատ»-ի իրական նշանակութիւնը։ Այն ստեղծւել էր ոչ միայն այն օրերի համար, երբ կարելի էր տօնել, մրցել եւ ստեղծագործել, այլեւ այն պահերի համար, երբ համայնքին անհրաժեշտ է մի վայր, որտեղ կարելի է պատկերել միասնութիւնը։

«Արարատ»-ի պատմութիւնը, հետեւաբար, միայն հայկական համայնքի պատմութիւնը չէ։ Այն նաեւ պատմութիւն է այն մասին, թէ ինչպէս փոքր համայնքները մեծ քաղաքներում ստեղծում են իրենց մշակութային տարածքները՝ պահպանելու յիշողութիւնը, զարգացնելու ստեղծագործելու ներուժը եւ ապագային փոխանցելու իրենց արժէքները։

82 տարի անց Հ. Մ. «Արարատ» Կ.-ի պատմութիւնը միայն անցեալի յիշողութիւն չէ։ Այն շարունակւող պատմութիւն է՝ մի գաղափարի մասին, որ համայնքը պահւում է ոչ միայն շէնքերով, այլեւ մարդկանց միջեւ գոյութիւն ունեցող կապերով…

…Նման կենտրոնների ամենամեծ ուժը՝ պատերի ամրութեան մէջ չէ…

…Այլ այն, որ ինչքան էլ ժամանակը փորձի այն խոցել, այնտեղ կը շարունակի ապրել համայնքի շունչը…

Related Articles

Back to top button