ԱտրպատականՀամայնք

ԽԱՉԻ ԿՐԱԿԸ

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագիր

Ժամանակների դառնութիւնը բոլոր ազգերի պատմութեան ընթացքում չի՛ դադարում զգալի երեւոյթ լինելուց: Սոյն Գաղափարը սահմանելու պահին, միայն պատկերացրինք ազգերի կեանքում պատահող դէպքերին նայելով, իբրեւ ընդհանրական երեւոյթ:

Մարդկանց կեանքում պակասո՞ւմ են արդեօք նման պարագաներ, երբ որեւէ մի անհատի ապրած օրերի ընթացքում խաչի ծանրութիւնը ծունկի է բերում նրանց, նոյնիսկ հաւատացեալ մարդկանց…: Անկասկած ո՛չ, նկատի առած աղօթքների այն քանակը, որը ուղղւում է արարիչ Աստծուն, փրկութեան խնդրանօք, մահւան ճիրաններից ազատւելու համար:

Մեծ պահոց ժամանակահատւածը, եկեղեցական կեանքում, հաւատացեալներին ուսուցանում է համբերատարութիւնը եւ զսպւածութիւնը, ի դիմաց առօրեայից առաջացող դժւարութիւններին, որոնցից շատերը հասարակ մարդկանցից են պատճառւում իրենց նմաններին: Ազգերը եւս, իրենց հաւաքական տառապանքի պահերը ապրում են, որոնք այլազգից պատճառւած ցաւերով խաչելութիւններ են ուրւագծում, եւ տառապակոծ ապրումների ոլորտի մէջ են քաշում, իրենց ազգով ու հայրենիքով տագնապող հոգիներին:

Խաչելութեան սկզբնական իմաստն ու նշանակութիւնը, սկիզբ առած հռովմէական կայսրութեան դաժան ժամանակաշրջանից, վառել է անհաշիւ մարդկանց սրտերը, ե՛ւ խաչւողների ե՛ւ նրանց հարազատների: Բազմահազար ընտանիքների զաւակներ չեն ճանաչել իրենց հայրերին, ինչպէս պատերազմների ընթացքում զոհւող անձերի զաւակները, որոնք կանխահաս մահւան թակարդից չեն կարողացել ճողոպրել:

Խաչն ու դրա պատճառած տառապանքը դարերի վրայ երկարաձգւած կեանք է ունեցել, որը եթէ այսօր նոյն տեսքով չի՛ շարունակւում, սակայն ցաւով ու տանջանքով, միեւնո՛յն ծանրութեամբ է բնորոշւում, դեռեւս շարունակելով այն ցասումն ու ողբերգութիւնը, որոնք խոր են ազդել եւ այժմ եւս ազդում են մարդկային հոգու եւ կեանքի վրայ:

Անհատական խաչատեսակները յաճախ ծածուկ են մնում հանրութեան տեսողութիւնից, երբեմն դրանց գաղտնիութեան պատճառով, եւ երբեմն էլ դրանց չբացայայտւող տեսակը լինելով…: Այս արդէն կործանարար բնոյթ է կրում, երբ դրա սեփականատէր անհատը, անգիտակից իրեն շրջապատող վնասակար երեւոյթներից, ամբողջութեամբ յանձնւում է տանջալից առօրեային, իր ուսերի վրայ անտեսանելի խաչ կրելով…:

Անհատականից աւելի՛ է հաւաքական՝ ազգային ցաւը, որի անբեռելի ծանրութեան տակ կքում են ժողովրդի ոտքերը, եւ աղաչական կերպարանք են հագցնում բոլոր ազգայիններին:

Ամենաողբերգական երեւոյթը այն է, որ ցաւը դարմանւում է, սակայն հոգեկան տառապանքը դեռեւս շարունակում է իր աւերը գործել ներսում՝ մարդկային հոգում, կործանելով աստւածապարգեւ այն կեանքը, որով մարդը կարող էր հրաշքներ գործել ե՛ւ անհատական, ե՛ւ հաւաքական կեանքում:

Խաչը միայն փայտից սարքւած մահագործիք չէր, այլ սրտերն ու հոգիները վառող կրակ: Խաչը կրակ է, որը մարդ էակի կեանքը փչացնելուց եւ մահւան անդունդը գլորելուց բացի, նրա հոգին վառում է անվերջանալի հրով: Անհատներից բացի, խաչի կրակով վառւում են ազգեր, իրենց հաւատքի ու հայրենիքի սիրոյ եթերում:

Խաչ կրելը մի տանջանք, խաչով վառւելը՝ աւելի ծանր եւ դաժան տառապանք է: Քրիստոնէութիւնն էր, որը աշխարհին տւեց խաչով ո՛չ միայն հպարտանալու, այլեւ դրանով զօրանալու դասը: Այսօր, իր ծանր խաչի տակ գտնւող հայ ժողովուրդը, ունի՛ առիթ վերակազմակերպւելու, եւ խաչի ծանրութիւնից ոչ թէ թուլանալու, այլ առաւել եւս զօրանալու: Հաւատացէ՛ք դրա ոյժին:

Related Articles

Back to top button