Քաղաքական

Փաշինեանը մէկ այլ մոլորեցնող հարցազրոյց է տւել. նա չի կարող բերանը փակ պահել

Ամէն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տալիս, նա անտեղի մի բան է ասում։ Իր մտերիմ խորհրդականներից մէկը պէտք է նրան խորհուրդ տայ պարզապէս լռել։

Չեմ ուզում ընթերցողներին ձանձրացնել Փաշինեանի շարունակական բացասական յայտարարութիւններով, սակայն կարծում եմ, որ նրա խօսքերն ու գործողութիւնները չպէտք է անպատասխան մնան։

2025 թւականի մարտի 21-ին Փաշինեանը 45 րոպէանոց հարցազրոյց տւեց, այս անգամ Հայաստանի Հանրային հեռուստատեսութեանը, հարկատուների կողմից ֆինանսաւորւող լրատւամիջոցին, որը վարչապետը շահագործում է որպէս իր քարոզչութեան գործիք: Եւս մէկ անգամ նա կրկնեց իր սովորական անհիմն յայտարարութիւնները: Այնուամենայնիւ, ուզում եմ գովեստի խօսքեր ասել լրագրող Տաթեւ Դանիէլեանի հասցէին՝ Փաշինեանին հարցաքննելու իր յամառ ճիգերի համար:

Փաշինեանը կրկին պարծեցաւ, որ իր սիրելի «Խաղաղութեան համաձայնագիրը» ամբողջական է եւ ընդունւած է երկու կողմերի կողմից, չնայած Ադրբեջանը հրաժարւում է ստորագրել այն, պահանջելով Հայաստանից անվերջ զիջումներ, ինչպիսիք են՝ սահմանադրական փոփոխութիւններ կատարելը, 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, վերջերս Հայաստանի կողմից ձեռք բերւած զէնքից ազատւելը, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը եւ այլն:

 «Խաղաղութեան համաձայնագիրը», որը վարչապետն անդադար առաջ է քաշում, ոչ այլ ինչ է, քան միակողմանի կապիտուլիացիա: Փոխարէնը բացատրելու, որ 2020 թւականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտութիւնն իրեն այլընտրանք չի թողնում, քան զիջումներ անել Ադրբեջանին, Փաշինեանն այս պարտւողական փաստաթուղթը ներկայացնում է որպէս մի մեծ նւաճում: Սա նոյն մարդն է, որը 2018 թւականին Հանրապետութեան հրապարակում մեծ բազմութեան առջեւ կանգնած խոստանում էր ոչ մի համաձայնագիր չստորագրել առանց նախապէս նրանց համաձայնութիւնը ստանալու: Այժմ նա պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակութիւնը գաղտնի է պահւում:  «Խաղաղութեան համաձայնագիրը» Ալիեւի համար թղթի մի անարժէք կտոր է, որը նրան չի զսպելու Հայաստանի վրայ ապագայ յարձակումներից։

Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է Հայաստանին՝ նրան անւանելով «Արեւմտեան Ադրբեջան»։ Փաշինեանը լրջօրէն պնդում է, որ երբ խաղաղութիւն հաստատւի, Հայաստանը կազատւի ԵՄ դիտորդներից, քանի որ նրանց կարիքն այլեւս չի լինի։

Փաշինեանը նոյնիսկ առաջարկեց, որ ինքը կարող է միակողմանի ստորագրել «Խաղաղութեան համաձայնագիրը»՝ չսպասելով Ադրբեջանի ստորագրութեանը, միաժամանակ խոստովանելով, որ չգիտի՝ «մարդկութեան պատմութեան մէջ նման պրակտիկա եղե՞լ է, թէ՞ չի եղել»։

Միակ ճիշտ յայտարարութիւնը, որ Փաշինեանն արեց իր ծաւալուն հարցազրոյցի ընթացքում՝ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մերժումն էր Հայաստանում, որը նախագահ Ալիեւն անւանում է «Արեւմտեան Ադրբեջան»։ Սակայն, հաշւի առնելով Փաշինեանի մշտական հակասական յայտարարութիւնները, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նա հաւատարիմ կը մնայ իր խօսքին այս կամ որեւէ այլ հարցում։ 

Փաշինեանը եւս մէկ անգամ պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանաւորւել են «ճանաչել միմեանց տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը, չունենալ տարածքային պահանջներ միմեանց նկատմամբ եւ պարտաւորւել են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել»։ Սա իրականութեանը չի համապատասխանում: Փաստն այն է, որ չնայած Փաշինեանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, Ալիեւը դեռ չի ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։

Հանրային հեռուստաընկերութեան թղթակիցը Փաշինեանին հարցրեց՝ ինչպէ՞ս կարելի է հասնել խաղաղութեան, երբ կողմերից մէկը խաղաղութիւն չի ուզում եւ շարունակում է զիջումներ պահանջել։ Մինչեւ ո՞ւր զիջել։ Փաշինեանն անհաւատալիօրէն արձագանգեց. «Ի՞նչն ենք զիջել»։

Փաշինեանը յարմար կերպով անտեսեց բազմաթիւ խոշոր զիջումներ, որոնք նա արել է Ադրբեջանին, ներառեալ Արցախի յանձնումը, 2021 թւականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան որոշ հատւածների գրաւումը Ադրբեջանի կողմից, մինչդեռ Փաշինեանը յայտարարում էր, որ ոչ մի քայլ չի ձեռնարկի ադրբեջանական զօրքերը դուրս մղելու համար, Մինսկի խմբի լուծարումը, ԵՄ դիտորդների հեռացումը Հայաստանի սահմաններից՝ յայտարարելով. «Մենք կարող ենք [եւրոպական] դիտորդներին այլեւս նեղութիւն չտալ»,  Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը, միաժամանակ խոստովանելով, որ Ադրբեջանի Սահմանադրութիւնը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Փաշինեանի յայտարարութեամբ, որ ինքը չի պահանջի, որ Ադրբեջանը փոխի իր Սահմանադրութիւնը, Հայաստանի կողմից Ադրբեջանի դէմ ներկայացւած միջազգային իրաւական հայցերի յետկանչումը, ինչը յանգեցրեց միջազգային դատարաններում Հայաստանը ներկայացնող փաստաբանի հրաժարականին. հազարաւոր հայ զինւորների եւ հազարաւոր վիրաւորների կորուստը, ոչինչ չձեռնարկելը Բաքւի բանտում կալանաւորւած հայ բանտարկեալների ազատ արձակման համար, որտեղ նրանք ենթարկւում են խոշտանգումների եւ շինծու դատավարութեան, արցախահայութեան վերադարձի իրաւունքին աջակցելուց  հրաժարւելը եւ առաջիկայ շատ այլ զիջումներ:

Հարցին, թէ ով է երաշխաւորելու «Խաղաղութեան համաձայնագիրը», Փաշինեանը պատասխանեց՝ ոչ ոք՝ «Խաղաղութիւնն է երաշխաւորը»: Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի վարչապետը նման միամիտ յայտարարութիւններ է անում:

Մինչդեռ, Ադրբեջանի դաժան բռնապետ Ալիեւը շարունակում է իր ատելութեան հռետորաբանութիւնը՝ Հայաստանն անւանելով «ֆաշիստական պետութիւն»: Մարտի 27-ին Աղդամում իր 15 րոպէանոց ելոյթի ընթացքում Ալիեւը 11 անգամ օգտագործեց «թշնամիներ» բառը՝ նկարագրելով հայերին, առանց մի անգամ իսկ յիշատակելու խաղաղութիւնը: 2024 թւականին Ալիեւը հայերին անւանել է «շակալներ», «արիւնախում թշնամիներ» եւ «վանդալներ»։ Սրանք ոչ թէ խաղաղութեամբ շահագրգիռ մարդու, այլ պատերազմ հրահրողի խօսքեր են։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button