«Սփիւռքը չի լռելու». Մոսկւայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանութիւն Հայաստանի քաղբանտարկեալների

Յուլիսի 15-ին Մոսկւայի հայկական եկեղեցու բակում հայ համայնքի ներկայացուցիչները հաւաքւել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ի պաշտպանութիւն Հայաստանում քաղաքական բռնապետութեան զոհ դարձած հայ քաղբանտարկեալների: Հայ համայնքի ղեկավարներին էին միացել ՀՅԴ Մոսկւայի գրասենեակի ներկայացուցիչները, համայնքի մտաւորականներն ու արւեստագէտները:
Նպատակը մէկն էր. հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցաւով ապրող մարդիկ անհանգիստ են Հայաստանում տիրող բարքերի համար: Մասնակիցների պնդմամբ՝ Հայաստանում այսօր բռնապետութիւնն այն աստիճանի է հասել, որ հակաիշխանական ցանկացած խօսք բանտարկւում է: Հաւաքի մասնակիցները բարձրաձայնում էին քաղբանտարկեալներ Սամուէլ Կարապետեանի, Գագիկ Ծառուկեանի, Բագրատ Սրբազանի եւ Արմէն Աշոտեանի խնդիրները:
ՀՅԴ Մոսկւայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսեսեանը, պատասխանելով այն հարցին, թէ ովքեր են կազմակերպել հաւաքը եւ ինչ նպատակ է այն հետապնդում, նշեց.
«Եկեղեցում հաւաքւած մեր հայրենակիցները մոմավառութեամբ փորձում են յարգել եւ իրենց բողոքի խօսքն ուղղել Հայաստանի իշխանութիւնների այս բռնակալական եւ դաւադիր պլանի դէմ, որն ուղղւած է Հայաստանի ընդդիմադիր օջախների վերացմանը, որպէսզի կարողանան աւելի հեշտ ի կատար ածել եւ աւարտին հասցնել իրենց ծրագրերը: Շատ ցաւալի է, որ այս ամէնը կատարւում է մեր ժողովրդի անտարբեր հայացքների ներքոյ, ու դա վախեցնող է»:
Անդրադառնալով Հայաստանում հնչող այն տեսակէտներին, թէ ՌԴ հայերը չպէտք է խառնւեն Հայաստանի ներքին գործերին, Ներսէս Ներսէսեանն ընդգծեց, որ դա հակահայկական քարոզչութիւն է.
«Դա քարոզչութիւն է, որը տարածւում է թուրքական եւ թուրքահեն զանգւածների կողմից: Այն ուղղւած է մի հսկայ համայնքի դէմ, որն իրենից ուժ է ներկայացնում եւ վտանգ է թուրքական քարոզչական մեխանիզմին: Նրանք փորձում են ամէն գնով սեպ խրել Սփիւռք-Հայաստան կապի մէջ: Գաղտնիք չէ, որ Սփիւռքը միշտ է սպառնալիք եղել ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ադրբեջանի համար: Իսկ Սփիւռքում չգնահատել ՌԴ համայնքի դերը՝ անհնար է. այստեղ հայապահպանութեան համար կատարւող հսկայածաւալ աշխատանքները ուղղւած են մի նպատակի, որ հայրենիքից դուրս հայրենիք ձգւող արմատները միշտ ամուր լինեն»:
Խօսելով Գագիկ Ծառուկեանի ձերբակալութեան եւ դրան համայնքի մօտեցման մասին՝ գրասենեակի ղեկավարը նշեց, որ տեղի ունեցածը մի քանի նախապայման ունի.
«Առաջինը դա Նիկոլ Փաշինեանի հոգեվիճակն է, որն աւելի է սրւել վերջին շրջանում, յատկապէս ընտրութիւններից յետոյ, երբ իրեն խոստացել էին 65 տոկոս, բայց նա նոյնիսկ 50 տոկոս չհաւաքեց: Մի կերպ թւերը նկարելուց յետոյ թոյլ օղակ դարձաւ Գագիկ Ծառուկեանը, որից էլ իր վրէժն է փորձում առնել Նիկոլ Փաշինեանը: Ամէն դէպքում, ընդդիմութեան դէմ ուղղւած այս քայլերը մի նպատակ ունեն՝ իշխանութիւնները փորձում են ամէն գնով պահպանել իրենց աթոռները»:
Եկեղեցու բակում հաւաքւած մարդիկ խմբերով քննարկումներ էին անում եւ իրենց դժգոհութիւնն արտայայտում տիրող իրավիճակից. տարեց տղամարդկանցից մէկն էլ անդադար վանկարկում էր՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:
Երէկ իրենց դժգոհութեան ձայնն էին բարձրացնում հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցաւով ապրող հայերը, ովքեր հիմա մէկ այլ ճակատով էլ են կռւում՝ սեփական երկրում օտար չդիտարկւելու համար:



