Գիւղապետի չդադարող յոխորտանքն ու նկարտումները
«ԱԼԻՔ» – Բաքւի վարչապետ Իլհամ Ալիեւը վերջին օրերին AZ.TV հեռուստաալիքին տւած հարցազրոյցում հերթական անգամ Հայաստանի ու Իրանի դէմ յայտարարութիւններ է արել:
Կովկաս եւ Եւրասիական երկրների հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդիանն իր տելեգրամեան ալիքով հրապարակած մեկնաբանութեամբ անդրադարձել է Ալիեւի հերթական յոխորտանքներին եւ ընդգծել, որ քանի դեռ Սիոնիստական յանցաւոր ռեժիմն ակնյայտ ներկայութիւն ունի «հիւսիսային Իրանի» տարածքում եւ շարունակում է ազդեցութիւն ունենալ Բաքւի կառավարութեան որոշումների վրայ, Իրանի նկատմամբ Բաքւի մօտեցումներում էական փոփոխութիւն տեղի չի ունենայ։
Փորձագէտը յաւելել է, որ առհասարակ Ադրբեջանի Հանրապետութիւնը կառավարող վարչակարգը բացայայտ թշնամութիւն ունի Իրանի նկատմամբ եւ յստակ համագործակցում է Իրանի ու Իսլամի թշնամիների հետ։ «Եթէ ինչպէս հարկն է Ալիեւին դաս տւած լինէին՝ Կասպից ծովից Շահրուդի օբիեկտը հրթիռով թիրախաւորելու համար, այսօր մենք նրա չդադարող ամբարտաւանութիւնների համբերող կողմը չէինք լինելու։ Իհարկէ, Կասպից ծովում նրա ապակէ դղեակը միշտ հասանելի է Իրանին, ինչպէս նաեւ նրա բոլոր տնտեսական կառոյցները, սակայն նրան չգիտես ինչու շարունակում են հանդուրժել»,- նշել է փորձագէտը միաժամանակ յիշեցնելով, որ իրավիճակն այսպիսին չէր լինելու, եթէ Շահչերաղի վրայ յարձակման փաստով Բաքուն կրած լինէր պատժի իրեն հասանելիք բաժինը:
Յիշեցնենք, որ Ալիեւը նշւած այդ հարցազրոյցում խօսել էր Չալդերանի նահատակներին նւիրւած միջոցառման ժամանակ Իրանի դէմ միաւորւած պետութիւնների ղեկավարներին քննադատութեան ենթարկած Արդաբիլի աղօթապետի յայտարարութիւնների մասին եւ նշել, որ Իրանի հոգեւորականներից մէկն ատելութիւն է տարածում Բաքւի նկատմամբ վիրաւորելով Ալիեւի անձը, երկիրը, եւ ազգը: «Նա պէտք է պատժւի, հեռացւի զբաղեցրած պաշտօնից եւ ներողութիւն խնդրի մեզանից։ Իսկ Իրանի հետ յարաբերութիւնների բարելաւման մասին խօսելը դեռ վաղ է։ Քանի դեռ որեւէ լուրջ շփում չենք ունեցել Իրանի ներկայիս կառավարութեան հետ»,- նշել է Իլհամը։
Նա ապա յիշեցրել է Թեհրանում Բաքւի դեսպանատան դէպքի մասին եւ նշել, որ այդ դէպքը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաքում, սակայն նրա ասութեամբ Իրանի ոստիկանութեանը չի յաջողւել ժամանակին միջամտել: «Իրանցիները մեզ խաբեցին: Նրանք ասացին, որ մահապատժի են ենթարկելու յարձակւողին, ուստի մենք վերաբացեցինք մեր դեսպանատունը։ Բայց Իրանը դեռ չի իրականացրել այդ մահապատիժը»,- մէջբերել էր նա։
Սենարը զարգացնելով Ալիեւը փորձել է կամրջել իր միւս նկրտումներին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման ցանկութեանը եւ յարմար պատրւած փնտրելով յիշեցրել է հայկական կողմի ներկայացրած «վտանգների» մասին: «Հայաստանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: «Զանգեզուրի միջանցք»-ը պէտք է բացւի ու կը բացենք այն: Մենք խաղաղութիւն ու համագործակցութիւն ենք ցանկանում Հարաւային Կովկասում, եւ նրանք (հայերը) չպէտք է կանգնեն մեր ճանապարհին։ Նրանք չպէտք է աշխարհագրական պատնեշ դառնան Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ»,- նշել է Իլհամը։
Իրանին խաբելու փորձը
Այսքանից յետոյ Իրանի Անվտանգութեան խորհրդի քարտուղարի Կովկաս կատարած այցի շրջանակներում Բաքու այցելած Ահմադիանի հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւը խօսեց այնպէս, կարծես ինքը չէ, ով նախօրէին Իրանից ներողութիւն էր պահանջում։
Միեւնոյն ժամանակ Բաքւի նախագահի պաշտօնական կայքն իր լրահոսում հրապարակել է Ալիեւի եւ Ահմադիանի դրական ազդակներով լի մանրամասներ՝ երկու երկրների միջեւ եղբայրութեան եւ մշակութային ու օրինակելի տնտեսական յարաբերութիւնների վերաբերեալ:
Մովահեդիանն այս մասին եւս յիշեցնելով նշել է, որ կարծես Ալիեւը չէր, ով նախօրէին Իրանի դէմ կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել, նոյնիսկ քողարկւած կերպով սպառնացել Իրանին:
Մովահեդիանը կարեւորելով Իրանի որդեգրած դիւանագիտութիւնը նշել է, որ Հայաստանի հարաւային շրջանից միջանցք անցկացնելու, կամ շրջանը Բաքւին յանձնելու իրաւական հիմք չկայ: Արիւնոտ պատմութիւններ յիշեցնող այդ «միջանցքի» սպառնալիքը կարող է շարունակական դարձնել Բաքւի կողմից խոշոր հակաիրանական գործողութիւններն ու ահաբեկչութիւնները: Հետեւաբար, Ադրբեջանի Հանրապետութիւնը կարող է վերածւել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային կարգի փոփոխութիւնների նոր հրապարակի»,- նշել է Մովահեդիանը:
Մովահեդիանը յիշեցրել է այն մասին, որ Ղարաբաղը գրաւելուց յետոյ Ալիեւը միտումնաւոր աւերել է մի շարք եկեղեցիներ, նոյնիսկ մզկիթներ, եւ ներկայումս Արաքսից հիւսիս գտնւող մզկիթների իրանական ճարտարապետութիւնը փոփոխութեան ենթարկելով թուրքացնում դրանց արտաքինն ու ներքինը: Էլ չենք խօսում այն մասին, որ երբ նա ու իր կինն ու դուստրերը մզկիթ են մտնում առանց պատշաճ հիջաբի: Յետոյ էլ մտահոգւում, որ հայերը չեն յարգել մզկիթները, կամ անասուններ են պահել այնտեղ…
Չնայած Ալիեւի քարոզչամեքենան թափեց իր թոյնը, Իրանի նկատմամբ հոռետեսութիւն ներշնչելու համար: Անվտանգութեան քարտուղարի Երեւան կատարած այցից առաջ, տարածւած լուրերում յիշեցրել էին Ղարաբաղն ազատագրելու կապակցութեամբ Իրանի Անվտանգութեան խորհրդի շնորհաւորական ուղերձի մասին: Իրականում չորս տարի առաջ կատարւած հրապարակումներն էին վերահրապարակւել եւ չկայ որեւէ նոր շնորհաւորական ուղերձ:
Մէկ այլ հրապարակման համաձայն, դոկտ. Ահմադ Քազեմին հրապարակած իր թւիթերեան գրառմամբ անդրադարձել է սխալների դիմաց խելամիտ քայլերի կարեւորութեանը եւ նշել. «Այն սիոնիստների աշակերտիկ Ալիեւի կողմից հասարակական կարծիքի ձեւաւորման փորձ էր։ Ահա թէ ինչու մենք կարծում ենք, որ Ալիեւը չի կարող առաջնորդւել ճիշտ ճանապարհով, եւ Նեթանիահուի ու բրիտանացի գաղութատէրերի այս մանկիկին կառավարելն ու նրա վարքագիծը վերահսկելը պահանջում է մեծ խելամտութիւն ու փորձագէտների բանիմաց վարքագիծ»,- եզրակացրել է փորձագէտը: