Օրբան. «Ուկրաինայի պատերազմը կարող է վերածւել Եւրամիութեան «Աֆղանստանի»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի պատերազմը կարող է դառնալ Եւրամիութեան «Աֆղանստանը»՝ դաժան եւ ծախսատար ճակատամարտ, որից «ելք չկայ»: Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ այս մասին յայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Դուբայում անցկացւած միջոցառման ժամանակ Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնին տւած հարցազրոյցում Օրբանը նշել է, որ Եւրամիութիւնը հարիւր միլիարդաւոր եւրոներ է ծախսել՝ օգնելով Ուկրաինային դիմակայել ռուսական լայնամասշտաբ ներխուժմանը, որը Մոսկւան սկսել է երեք տարի առաջ:
«Եթէ նախագահ Թրամփին չյաջողւի լուծում գտնել, ապա այս պատերազմը կարող է հեշտութեամբ վերածւել Աֆղանստանի՝ Եւրամիութեան համար»,- ասել է Օրբանը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի երկրում ԱՄՆ 20-ամեայ պատերազմը։
«Անվերջանալի պատերազմ, անվերջանալի հակամարտութիւն, որից ելք չկայ, դրանք խլում են էներգիա, մարդկային կեանք, փող, ամէն ինչ: Եւրամիութիւնում բնականոն կեանքի շրջանակը փլուզւում է։ Մենք լուրջ վտանգի մէջ ենք»,- նշել է Հունգարիայի նախագահը:
Օրբանը յայտարարել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ փորձելով թոյլ չտալ նրան անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Ես Պուտինի կողմնակիցը չեմ, ես Հունգարիայի կողմնակիցն եմ: Դժւարութիւնն այն է, թէ ինչպէս համոզել ռուսներին դադարեցնել պատերազմը, մինչդեռ ռուսները հիմնականում յաղթում են։ Սա մեծ հարց է»,- ասել է նա: