ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին Լիբանանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը. «Իրանը զօրակցում է Լիբանանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը»

«ԱԼԻՔ» – Սէյէդ Աբբաս Արաղչին Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր գործընկերոջը եւ ընդգծել հարեւան երկու երկրների յարաբերութիւնների ներքոյ տնտեսական կապերն ընդլայնելու կարեւորութիւնը եւ նշել, որ Իրանը զօրավիգ է Թել Աւիւի նկրտումների դիմաց Լիբանանի տարածքային ամբողջականութեան պահպանմանը: ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ Իրանը Լիբանանի ներքին խնդիրներում գնահատում է այդ երկրի միասնութեանն ուղղւած ջանքերը, յատկապէս քաղաքական տարբեր խմբաւորումների ու կուսակցութիւների համագործակցութեամբ գոյացող կայունութիւնը: Տեղեկացում է ԻՍՆԱ-ն:

Արաղչին կարեւորել է կայունութեան հաստատման հարցում տնտեսութեան զարգացման նախագծերը եւ ընդգծել Իրան-Լիբանան տնտեսական համատեղ յանձնաժողովի ստեղծման ու աշխատանքների կարեւորութիւնը, այն համարելով ժամանակի հրամայական:

Լիբանանի ԱԳ նախարար Իւսոֆ Ռաջին եւս բարձր գնահատելով Արաղչիի այցը Լիբանան անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական եւ մշակութային կապերին եւ այն համարել է տնտեսական եւ քաղաքական կապերի ու յարաբերութիւնների խորացման գործում՝ լաւագոյն գործօնը:
Աւելի ուշ ԱԳ նախարար Արաղչին հանդիպել է նաեւ Լիբանանի վարչապետ Նուաֆ Սալամիին:

Հանդիպմանը ԱԳ նախարարը յիշեցրել է, որ այցը վերջին 16 ամիսների ընթացքում ձեռքբերւած փոխվստահութեան ու համատեղ ջանքերի արդիւնքում է իրականացւում եւ, յատկապէս, ուղղւած է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ համատեղ տնտեսական յանձնաժողովի ստեղծմանն ուղղւած երկկողմ ջանքերը այն համարելով՝ անհրաժեշտութիւն եւ տարածաշրջանային կայունութեանն ուղղւած լաւագոյն միջոց:

Այցի շրջանակներում երէկ՝ ուրբաթ, յունւարի 9-ին, տեղի է ունեցել նաեւ Իրանի ԱԳ նախարարի եւ Լիբանանի Հանրապետութեան նախագահի հանդիպումը:

Ժոզէֆ Աունի հետ Արաղչիի հանդիպմանը կարեւորւել են երկու երկրների միջեւ դիւանագիտական կապերի խորացմանն ուղղւած քայլերը:

 

Related Articles

Back to top button