«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ Այաթ. Խամենէին, երկրում տեղի ունեցած ցոյցերի եւ իրավիճակի համար մեղադրելով ԱՄՆ նախագահին եւ ժողովրդի կամքով գահընկեց արւած թագաւորական ռեժիմի մնացորդներին, երէկ՝ Իսլ. յեղափոխութեան կարեւորագոյն դէպքերից մէկի ամեակի առիթով՝ Ղոմում կազմակերպւած ժողովրդական հանդիպման ժամանակ նշել է, որ Իսլամական յեղափոխութիւնը արդիւնք է հարիւր հազարաւոր նահատակների արեան, եւ բողոքի ցոյցերի լուսանցքում կատարւած անկարգութիւններով ու պետական գոյքի աւերմամբ չես կարող վնասել նրա մեծութեանը:
Գերագոյն առաջնորդը նշել է նաեւ, որ Թրամփի ձեռքերը թաթախւած են նաեւ 12-օրեայ պատերազմի ընթացքում հազարաւոր իրանցիների արեամբ, սա այն դէպքում, երբ անամօթաբար յայտարարում է՝ «Ես Իրանի ժողովրդի կողքին եմ, իսկ մի քանի խաբւած ու միամիտ անհատներ նրա կոչերին արձագանքելով փողոց են դուրս գալիս ու աղբաման այրում կամ հանրային գոյքն են վնասում»:
Գերագոյն առաջնորդը կոչ է արել երիտասարդութեանը չտրւել Իրանի անվտանգութիւնը թիրախաւորող կոչերին եւ խելամտօրէն հեռու մնալ հասարակութեան անվտանգութիւնը վնասող քայլերից: