Վարուժան Գեղամեան. «Մեզ տարան պարտութեան՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտութեան ու վերմարդկային գոռոզութեան պատճառով»

«ԱԼԻՔ» – «Ամէն տարի յիշեցնելու եմ այս պատմութիւնը, որ միշտ յիշէք, որ պատերազմի ու դրա պատրութեան մեղաւորը կոնկրետ մարդիկ են, որոնք դեռ անպատիժ իշխանութեան են մեր երկրում»: 44-օրեայ պատերազմի յիշատակի օրւայ՝ սեպտեմբերի 27-ի առիթով սոցցանցերի իր հարթակներում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:
«Հինգ տարի առաջ, սեպտեմբերի 26-ի երեկոյեան կառավարութեան անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտօնեայ փակ խորհրդակցութեան ժամանակ քմծիծաղը դէմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, Թուրքիայի արտգործնախարար Չաւուշօղլուի հետ իրենք դոսթ են, Ադրբեջանը վախից գլուխը կորցրել է, իսկ իմ նախազգուշացումն ու փաստարկւած հիմնաւորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիօրէն յարձակւելու է Հայաստանի վրայ, վերջինիս կողմից արժանացաւ «Պարո՛ն Գեղամեան, Դուք չափազանցացնում էք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն աւարտւեց։
Ես դուրս եկայ այդ նախարարութիւնից ու մտախոհ ուղեւորւեցի ընտանեկան փոքրիկ հաւաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտութեանը (թուրքագիտութիւն) ու չէի հասկանում իրականութիւնը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախւելու էինք, որովհետեւ դրանում մեզ առաջնորդող մարդիկ պատերազմի չեն պատրաստւում։
Վերոնշեալ հանդիպման աւարտից տաս ժամ անց սկսւեց պատերազմը, որի ընթացքում եւս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտութեան՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտութեան ու վերմարդկային գոռոզութեան պատճառով։ Նրանցից ոչ մէկ մինչ օրս չի պատժւել, աւելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դէմքին մեզ աւետելով նոր կորուստների մասին։
Երբ նորից վերականգնենք մեր պետականութիւնը, լաւ կառավարումը ենթադրելու է միայն լաւագոյն կադրերի ներգրաւում կառավարման համակարգ, իսկ պատասխանատւութիւն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կէտը, որովհետեւ միայն այդպէս է հնարաւոր ունենալ արդիւնաւէտ պետութիւն»,- շարունակել է նա: