Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Սուրէնեանց. «Ձեզանից ի՞նչ քաղհասարակութիւն. դուք գրանտների դիմաց Արեւմուտքի օրակարգը սպասարկող գործիքներ էք»

«ԱԼԻՔ» – Բաքւից Հայաստան վերադարձած եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպում ունեցած քաղհասարակութեան հայ ներկայացուցիչներն նոյեմբերի 24-ի ասուլիսի ժամանակ վստահեցնում էին՝ Ադրբեջանում պահւող հայ գերիների հարցը բարձրացրել են, սակայն Բաքուն մերժել է:

«Ադրբեջանական կողմի հետ ուղիղ խօսելը նոր վիճակ էր մեզ համար, յատկապէս՝ պարոն Հաջիեւի առջեւ նստած: Մենք փորձեցինք մեր խօսքը ձեւակերպել դիւանագիտօրէն եւ հիմնաւորենք նրբանկատօրէն, որպէսզի կողմերի միջեւ առաջանայ վստահութեան եւ փոխադարձ ընկալման զգացողութիւն, ինչի հետեւանքով յոյս ունենք, որ այս խնդիրներն աւելի արագ կը լուծւեն: Ցաւով պիտի ասեմ, որ յստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թւի ու մարդկանց անունների հետ կապւած, բայց այստեղ Հայաստանի իշխանութիւններն են մեզ հաւաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիեւն էլ իր հերթին հաւաստիացրեց, որ շատ ակտիւ բանակցային գործընթացն ընթանում է»,- ասաց ասուլիսի մասնակից Բաքւից վերադարձած Նայիրա Սուլթանեանը:

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցութեան նախագահ Սուրէն Սուրէնեանցը, խօսելով այս այցի մասին, նախ կոչ է արել Հայաստանից Բաքու գնացած մարդկանց վերաբերեալ խիստ վերապահումով օգտագործել «քաղհասարակութիւն» եզրոյթը։

«Ի՞նչ քաղհասարակութիւն. այդ մարդիկ Արեւմուտքի գրանտներով ապրող եւ Արեւմուտքի գլոբալիստական շրջանակների քաղաքական ազդեցութիւնը սպասարկող գործիքներ են ընդամէնը. նրանք ոչ մի կապ չունեն քաղհասարակութիւն ասւածի հետ»,- շեշտել է Սուրէնեանցը՝ յաւելելով՝ այդ մարդիկ գրանտատուների ադեցութեան գործիք լինելով՝ Բաքու իրենց այցով լեգիտիմացրեցին այդ երկրի հռչակած կեղծ խաղաղասիրական խօսոյթը։

«Ի՞նչ խաղաղութիւն, երբ ձեզ թոյլ չեն տալիս գնալ եւ Բաքւում պահւող հայ գերիներին տեսնել՝ գոնէ մէկին։ Յիշէք՝ նրանք մարդիկ են՝ քաղհասարակութեան անւան տակ, որոնք ծպտուն չեն հանել, երբ երկրում կայ կին քաղբանտակեալ՝ Լիդիա Մանթաշեան, հետեւապէս հարց՝ ձեզանից ի՞նչ քաղհասարակութիւն, երբ դուք ծպտուն չէք հանել երկրում բանտարկւած սրբազանների հարցով, ձեզանից ի՞նչ քաղհասարակութիւն, երբ երկրի ներսում դուք որեւէ բարիկադ չէք կարողացել քանդել։

Այս մարդիկ մի հանրոյթ են, որոնք ծնւել են արեւմտեան գլոբալիստական աշխարհի եւ Նիկոլ Փաշինեանի քաղաքական ամուսնութիւնից եւ դարձել Արեւմուտքի օրակարգը սպասարկողներ։ Այդ մարդիկ են ընտրւել Բաքու գնալու համար, որովհետեւ Փաշինեանի եւ Արեւմուտքի օրակարգերից ելնելով՝ պառկած են խաղաղութեան այն մոդելի տակ, որը ենթադրում է միակողմանի զիջումներ  Ադրբեջանին»,- ընդգծել է Սուրէնեանցը։

Related Articles

Back to top button