ՄիջազգայինՔաղաքական

Պեսկովը չգիտի, թէ արդեօք նախատեսում է Պուտինը շնորհաւորել Թրամփին ընտրութիւններում յաղթանակի առիթով

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը յայտնել է, որ չգիտի, թէ արդեօք Վլադիմիր Պուտինը նախատեսում է շնորհաւորել Դոնալդ Թրամփին ընտրութիւններում յաղթանակի առիթով, բայց յիշեցրել է, որ ԱՄՆ-ը ոչ բարեկամական երկիր է, որը ներքաշւած է Ռուսաստանի դէմ պատերազմում: Հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը։

«Ինչ վերաբերում է շնորհաւորանքին, ես չգիտեմ Թրամփին շնորհաւորելու նախագահի պլանների մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նշել է. «Այնուամենայնիւ, եկէք չմոռանանք, որ խօսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղիղ եւ անուղղակիօրէն ներքաշւած է մեր պետութեան դէմ պատերազմում»։

Պեսկովին հարցրել են, թէ արդեօք նա չի մտածում, որ Թրամփը կարող է նեղանալ, եթէ իրեն յաղթանակի առիթով չշնորհաւորի Պուտինը, եւ չի վատացնի դա արդեօք  Ռուսաստանի եւ ԱՄՆ յարաբերութիւներն էլ աւելի։

«Էլ աւելի վատացնել գրեթէ անհնար է, յարաբերութիւնները գտնւում են ամենացածր մակարդակում։ Իսկ յետոյ արդէն կախւած կը լինի ԱՄՆ յաջորդ ղեկավարութիւնից։ Նախագահ Պուտինը քանցիս կրկնել է, որ բաց է կառուցողական երկխօսութեան համար՝ հիմնւած արդարութեան, իրաւահաւասարութեան եւ միմեանց մտահոգութիւնները հաշւի առնելու վրայ։ Եւ նախագահ Պուտինը պահպանում է իր այս տրամադրւածութիւնը։ Նա դա բազմիցս հաստատել է։ Ներկայ պահին ԱՄՆ վարչակազմում տրամադրւած են տրամագծօրէն հակառակ կերպով։ Ինչ կը լինի յունւարին՝ կը տեսնենք»,- ասել է Պեսկովը։

Ընդհանուր առմամբ ընտրութիւններն ըստ նրա՝ Միացեալ Նահանգների ներքին գործն են. «Մենք, հասկանալի է, ուշադիր հետեւում ենք տեղեկատւութեան հոսքին, որն այդ հաշւով գալիս է ովկիանոսի այն կողմից, մենք վերլուծում ենք խօսքերը, որոնք ասւում են եւ, իհարկէ, գլխաւորապէս եզրակացութիւններ կանենք ըստ այն յայտարարութիւնների, թեմաների, որոնք գտնւում են մեր օրակարգում, երբ դրանք ստացւեն»։

Բացի այդ, եզակացութիւնները կարւեն նաեւ ըստ առաջին կոնկրետ քայլերի, աւելացրել է Պեսկովը։

Related Articles

Back to top button