Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը կրճատւել է՝ 28 կէտից հասցւելով 19 կէտի

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը զգալիօրէն վերանայւել է Ժնեւի բանակցութիւններում. այն 28 կէտից կրճատւել է եւ հասցւել 19 կէտի, Financial Times-ին յայտնել են քննարկումներին ծանօթ աղբիւրները: Հաղորդում է News.am-ը։
Յատկապէս որ դրոյթներն են հանւել, չի նշւում, սակայն դրանք տեղի են ունեցել այն բանից յետոյ, երբ Կիեւը եւ նրա եւրոպացի դաշնակիցները փաստաթղթում մատնանշել են մի քանի պահանջների անընդունելիութիւնը:
Այսպէս, Ուկրաինան յիշեցրել է իր «կարմիր գծերի» մասին՝ զօրքերի թւաքանակի սահմանափակման եւ տարածքային զիջումների, ներառեալ՝ Դոնբասի յանձնման վերաբերեալ: Եւրոպան աջակցել է դրան՝ ընդգծելով նաեւ իր բացառիկ իրաւունքը՝ որոշումներ ընդունելու սառեցւած ռուսական ակտիւների եւ Բրիւսէլի սահմանած պատժամիջոցների վերացման վերաբերեալ:
«28 կէտանոց խաղաղութեան ծրագիրը, այն տեսքով, որին բոլորն են ծանօթացել, այլեւս գոյութիւն չունի: Որոշ կէտեր հանւել են, միւսները՝ փոփոխւել»,- հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բեւզը: Նա ընդգծել է, որ Կիեւի ոչ մի մեկնաբանութիւն անարձագանք չի մնացել:
Աւելի վաղ Սպիտակ տունը յայտնել էր, որ նոյեմբերի 23-ին Ժնեւում անցկացւած բանակցութիւնների ժամանակ Միացեալ Նահագներն ու Ուկրաինան մշակել են պատերազմը դադարեցնելու «թարմացւած եւ կատարելագործւած» ծրագիր: Կողմերը համաձայնել են, որ ապագայ ցանկացած համաձայնագիր պէտք է պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանութիւնը եւ կայուն ու արդար խաղաղութիւն ապահովի:



