Կեանքից հեռացել է 1992 թ. Շուշիի S-72 տանկի անձնակազմից հրաշքով ողջ մնացած հրամանատար Գագիկ (Գագա) Աւշարեանը

«ԱԼԻՔ» – 168.am-ը տեղեկացնում է, որ կեանքից հեռացել է գնդապետ Գագիկ (Գագա) Աւշարեանը, S-72 տանկի հրամանատարը, որը 1992 թւականին առաջինը մտաւ Շուշի։ Աւշարեանը իր տանկի անձնակազմից միակ ողջ մնացածն էր՝ երեք տասնամեակ շարունակ կրելով թէ՛ պատերազմի վէրքերը, թէ՛ իր զոհւած մարտական ընկերների յիշատակը։
1992 թւականի մայիսի 8-ի գիշերը Աւշարեանը, նշանառու օպերատոր Շահէն Սարգսեանի եւ մեխանիկ-վարորդ Աշոտ Աւանէսեանի հետ մասնակցեց Շուշիի համար վճռական տանկային մարտին։ Նրանց S-72 տանկը ոչնչացրեց երկու ծանր ամրացւած թշնամական հրետանային մարտական միաւոր, սակայն Աւշարեանը ծանր վիրաւորւեց եւ տարհանւեց մարտադաշտից։ Տանկը հետագայում պայթեցւեց, ինչի հետեւանքով Աւշարեանը մնաց անձնակազմի միակ փրկւածը։
Չնայած ծանր վնասւածքներին՝ Աւշարեանը շարունակեց ծառայութիւնը, ինչպէս նաեւ անձնուրաց ջանքերով վերականգնեց S-72 տանկը, որ հետագայում դարձաւ յուշարձան։
Յիշեցնենք, որ 2023 թւականի Արցախի հայաթափումից յետոյ Ադրբեջանն ապամոնտաժել էր Շուշի տանող ճանապարհին հայերի տեղադրած տանկ-յուշարձանը: