Իրանը եւ Ռուսաստանը 8 նոր ատոմակայանների կառուցման մասին համաձայնագիր կը ստորագրեն

«ԱԼԻՔ» – Իրանը եւ Ռուսաստանը 8 նոր ատոմակայանների կառուցման մասին համաձայնագիր կը ստորագրեն: Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, Մոսկւայում, յատարարել է Ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Էսլամին:
«Երկու կառավարութիւնների միջեւ կնքւած պայմանագիրը նախատեսում է, որ Ռուսաստանը կը կառուցի 8 ատոմակայան, որոնցից 4-ը գտնւում են Բուշեհրում, եւ ըստ պայմանագրի՝ Իրանը պարտաւոր էր տեղեկացնել ռուսական կողմին լրացուցիչ ատոմակայանների կառուցման մասին»,- ասել է Էսլամին:
Նա նշել է, որ այս համաձայնագրի երկրորդ մասի իրականացման համար անհրաժեշտ բանակցութիւններն ու հետազօտութիւններն աւարտւել են, եւ ատոմակայանների համար հողամասերն ընտրւել, պատրաստւել եւ սարքաւորման են ենթարկւել:
«Աւելի վաղ այցելութիւններ են կատարւել այդ ատոմակայանների շինհրապարակներ, պայմանագրային բանակցութիւններ են անցկացւել, եւ այս շաբաթ համաձայնագրի ստորագրմամբ այն աւտոմատ կերպով կը մտնի շահագործման փուլ՝ նախագծման, ինժեներական եւ լրացուցիչ գործունէութեան առաջխաղացման համար»,- յաւելել է նա:
Էսլամին նաեւ պատասխանել է Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան միջեւ համագործակցութեան հեռանկարների վերաբերեալ հարցին։
«Մշտապէս ընդգծել ենք, որ երեք եւրոպական երկրները (մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա-ԽՄԲ.) եւ սիոնիստական ազդեցութիւնը չպէտք է աւելի վնասեն ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպութիւնների հեղինակութեանը, եւ որ նրանք պէտք է թոյլ տան այդ կազմակերպութիւններին արդար եւ պրոֆեսիոնալ կերպով կատարել իրենց պարտականութիւնները՝ կանոնադրութեան շրջանակներում»:
Անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան կողմից ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի կողմից մեր երկրի միջուկային օբիեկտների վրայ յարձակումները դատապարտելու մերժմանը՝ Էսլամին ասել է. «Այն փաստը, որ Իրանի միջուկային օբիեկտների ռմբակոծութիւնը, որոնք գտնւում են վերահսկողութեան տակ եւ գրանցւած են ՄԱԳԱՏԷ-ում, չի դատապարտւում այս կազմակերպութեան կողմից, ցոյց է տալիս Գործակալութեան վրայ ապակառուցողական հոսանքի ազդեցութեան խորութիւնը»։
Նա ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ պահպանել է երաշխիքները եւ ՄԱԳԱՏԷ-ի պահանջները իր հաստատւած ծրագրերի շրջանակներում, եւ հետապնդում է խաղաղ ծրագրեր միջուկային ոլորտում:
Երբ զգանք եւ ընկալենք, որ Գործակալութիւնը գործում է անաչառ, եւ խորհրդարանական նոր օրէնքի, որը, մենք պարտաւոր ենք կատարել, պայմաններն ու պահանջները կատարւած են, մեր համագործակցութիւնը կը շարունակւի»: