Հայաստան - ԱրցախՔաղաքական

Չպատրաստւել նախորդ ընտրութիւններին

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Ընտրութիւններին գնալիս կարող ենք թոյլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ յայտնի սխալն ու պատրաստւել «նախորդ մարտին»։

Նրանք

Իշխանութիւնը եկաւ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացաւ պատմական ողբերգութիւն, իսկ առաջիկայ ընտրութիւններին գնալու է «Իրական Հայաստան»-ի գաղափարով, որի տոտալ քարոզարշաւն է տանում հիմա։ Իրականում իշխանութիւնը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակութեանը։

«Իրական Հայաստան»-ը շատ կոնկրետ գաղափար է. դա Երեւանի ագլոմերացիան է։ Դատարկւող մարզեր, կէս միլիոնի չափ ներքին գաղթեալներ Երեւանի մերձակայքերում։ Այս իշխանութիւնն ակնկալում է Ալիեւի եւ Էրդողանի ուղիղ աջակցութիւնը վերընտրւելու հարցում. գինն այս նախագիծն է։

Մեր անելիքը

Յաղթելու եւ Հայաստանում իրավիճակ փոխելու պայմանն այն է, որ միւս ուժերը Հայաստանին եւ հայ հասարակութեանն ուրիշ առաջարկելու բան ունենան։ Կոնկրետ, յստակ ասելիք։ Առանց սեթեւեթանքների։

Նախկին նախագահները կամ այլ յարգարժան դէմքեր խօսում են նախկինում իրենց կառավարման ժամանակահատւածների առաւելութիւններից, բերում են բանակցային տարբեր փաթեթների, նախագծերի օրինակներ եւ այլն։ Այդ ամէնում իհարկէ ճշմարտութեան մեծ տոկոս կայ, բայց այսօր հայ հասարակութեանը դրանով ոչինչ չի առաջարկւում։

Իհարկէ, 1991-1998 թւականները համեմատութեան եզր չունեն այսօրւայ հետ, իհարկէ Քի-Վեսթը պատմական փաստաթուղթ էր, իհարկէ Մադրիդեան սկզբունքները խոշոր ձեռքբերում էին, իհարկէ Կազանը խաղաղ լուծման հնարաւորութիւն էր, փառք ու պատիւ դրանք կերտողներին, բայց դրանք չեն ստորագրւել, չեն կիրառւել, եւ արդէն պատմութիւն են, ու այսօրւայ ելակէտից գրեթէ ոչինչ չեն կարող տալ հայ ժողովրդին։

Ժողովուրդը ելքեր է ուզում այսօրւա´յ վիճակից։

Շեշտը դնել մինչեւ 2018 ձեռքբերումների վրայ, նշանակում է՝ պատրաստւել նախորդ ընտրութիւններին։

Քւէարկելու է այսօրւայ հասարակութիւնը

Փոփոխութիւններ ուզող հասարակութեան 70 տոկոսն ուզում է լսել նոր առաջարկ՝ իր առաջիկայ կեանքի, իր ընտանիքի մասին, ներառեալ՝ հարցեր անվտանգութեան, տնտեսութեան, սոցիալական երաշխիքների, ոլորտային ռեֆորմների շուրջ՝ այն ամէնի, ինչը մարդու վաղւայ կեանքի համար կարեւոր է։ Էլ չասած, որ քւէարկելու իրաւունք ունեցող սերունդ կայ, որն ընդհանարպէս տեղեակ չէ եւ չի էլ ուզում տեղեակ լինել, թէ ղարաբաղեան բանակցութիւններից որը ինչ էր, եւ ինչ եղաւ։

Յաղթելու է այն ուժը, որը հանդէս կը գայ ու կը կոնսոլիդացնի Հայաստանը առաջ գնալու համար։ Ընտրողը դարձել է շատ պրագմատիկ, տեղ-տեղ՝ մերկանտիլ։ Դա լաւ կեանքից չէ, բայց դա փաստ է։

Մենք գործ ենք ունենալու մի հասարակութեան հետ, որը.

ա. Տասնեակ հազարներով փախցնում է իր զօրակոչային տղաներին:

բ. Հարիւր հազարներով դիմում է Գրին-քարտի:

գ. Այնուամենայնիւ՝ սիրում է իր հայրենիքը:

Զուգահեռ ունենք հասարակութիւն, որտեղ.

– Կան տասնեակ հազարաւոր պատերազմի մասնակից տղաներ, ովքեր լաւ չհասկացան, թէ ինչ կատարւեց, եւ որոնք իրենց պարտւած չեն զգում, որովհետեւ մի քայլ չեն վարանել երկիր պաշտպանելուց:

– Կայ մի մեծ շերտ, որի արժանապատւութիւնը խիստ վիրաւորւած է, եւ որոնք կեանքը միայն «ուտել եւ ֆռֆռալը» չեն պատկերացնում։

– Կայ լիդերների շքախմբերից դուրս հանրային շերտ, առաւելապէս կրթւած, ովքեր շատ լաւ հասկանում են, ինչ եղաւ 2018-ից յետոյ, բայց նաեւ կոշտ հարցեր ունեն մինչեւ 2018-ը բոլոր իշխանութիւններին։

Այս իրողութիւնները հաշւի առնելով է պէտք գնալ ընտրութիւնների, եւ եթէ կայ յաղթելու վճռականութիւն, ապա այս իրողութիւնները շրջանցել չի լինելու. այս հասարակութիւնն է քւէարկելու։ Պէտք է գտնւի բովանդակութիւն, որն այս հակասութիւններով հանդերձ կը կոնսոլիդացնի անհրաժեշտ քանակ՝ յաղթելու ու այս մղձաւանջից դուրս գալու համար։

Related Articles

Back to top button