Արտակ Բեգլարեան. «Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները պատանդներ են. Ալիեւի գործողութիւնների գինը պէտք է բարձրացնել»
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը խօսելով Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական նախկին ղեկավարութեանը հայրենիք վերադարձնելու քայլերի մասին, ասաց, որ նրանք իրականում պատանդներ են։
«Ոմանք կարող են մեկնաբանել՝ որպէս քաղաքական բանտարկեալներ, բայց ըստ էութեան նրանք քաղաքական պատանդներ են։ Նրանց վերադարձը հայրենիք պէտք է ապահովել քաղաքական գործիքակազմով, իրաւական գործիքակազմերը զուտ միջոց են նրանց ֆիզիկական պաշտպանութեան համար եւ որոշ չափով սպասարկում են քաղաքական օրակարգին։ Քաղաքական մասով կրկին գլխաւոր բանակցողը եւ գլխաւոր դերակատարը պէտք է լինի Հայաստանի Հանրապետութիւնը։ Առանց Հայաստանի գործուն ակտիւութեան, ճնշման սատարման՝ ե՛ւ իրաւական, ե՛ւ քաղաքական գործիքակազմերով, ես չեմ հաւատում, որ իրենք վերադառնալու են»,- շեշտեց Արտակ Բեգլարեանը։
Նա վստահ է, որ Ալիեւը պատանդներին պահելու է՝ առաւելագոյնս «օգտագործելու» ե՛ւ ներքին նպատակների, ե՛ւ Հայաստանի հետ յարաբերութիւններում մաքսիմալը պոկելու համար։
«Երբ պատանդներն իրենց «դերը» կատարած լինեն, եւ Ալիեւը մեծ բան չունենայ ստանալու եւ, այսպէս ասած՝ հիմնական ու ակնկալած արդիւնքները ստացած լինի, այդ ժամանակ գուցէ «բարի կամք» կը դրսեւորի եւ կը վերադարձնի կա՛մ բոլորին, կա՛մ մի մասին։ Այստեղ շատ կարեւոր է միջազգային ճնշումը, այսինքն՝ Ալիեւի գործողութիւնների գինը պէտք է բարձրացնել, նա միայն այդպէս է հասկանում։ Որեւէ արժեհամակարգային, դրական կողմ ինքը չունի, շատ ռացիոնալ պէտք է իր գործողութիւնների կամ անգործունէութեան գինը բարձրացնել, իսկ դա պէտք է անի Հայաստանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա յիշեցրեց, որ ամերիկեան կողմը, որը ողջունել էր համաներման վերաբերեալ մայիսի 28-ի Ալիեւի յայտարարութիւնը, մեծ անելիք ունի։ Իսկ ամերիկեան կողմից Հայաստանը պէտք է կոնկրետ գործողութիւններ պահանջի։
«Ռուսական կողմը եւս մեծ անելիք ունի, որովհետեւ իրենց բացթողման եւ ձախողման հետեւանքով էլ է, որ մեր քաղաքացիները պատանդառւել են։ Այս տեսանկիւնից Հայաստանը փակ եւ հրապարակային անելիքներ ունի։ Չեմ կարող ասել, թէ փակ ինչ է արւում, հրապարակային կերպով այդ ակտիւութիւնը չի երեւում, տեսանելի չէ։ Միայն տեսանելի է, որ դատական հայցերում եւ Արդարադատութեան միջազգային դատարանում Հայաստանը ներկայացրել է նման պահանջներ մեր պատանդների համար։ Դրանից աւելին, այո՛, տեսանելի չէ»,- եզրափակեց Արտակ Բեգլարեանը։