Հայաստան - Արցախ

Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Դեկտեմբերի 13-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Սէյրան Օհանեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով:

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Կարծում եմ, որ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանութիւնները չունեն եւ հրաժարւում են ծրագիր կամ ռազմավարութիւն մշակել Արցախի ապագայի համար՝ փաստօրէն հրաժարւելով Արցախից։ Այս քառօրեայի ընթացքում նրանք նաեւ հրաժարւեցին ընթացք տալ «Հայաքւէ» քաղաքացիական նախաձեռնութեան օրինագծին, որով Քրէական օրէնսգրքում լրացումներ էին նախատեսւում՝ յատուկ նորմով քրէօրէն պատժելի արարք որակել ՀՀ անունից Արցախը որեւէ պետութեան կազմում ճանաչելը եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից հրաժարումը կամ դրա վտանգաւորութեան նսեմացումը»,-ասել է Սէյրան Օհանեանը:

Ըստ Սէյրան Օհանեանի՝ իւրաքանչիւր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակւել։ «Միայն անհայրենիք մէկը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործւած ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից աւելի հէնց Արցախն է եղել Հայաստանի ազատութեան, անվտանգութեան երաշխաւորը, սահմանապահը։ Եւ Արցախեան ազատագրական պայքարը մեր նորօրեայ պատմութեան ամենասուրբ մաքառումն էր։ Իսկ դա նշանակում է, որ այսօր պէտք է շարունակել այդ պայքարը, քանի որ, խնդրում եմ ուշադրութիւն դարձրէք այս երեք կէտերի վրայ, հակամարտութիւնն աւարտւած չէ, այն աւելի է խորացել, Ադրբեջանի յանցագործ գործունէութիւնն այն աւելի է սրել, եւ Ադրբեջանը դրա համար պէտք է պատասխան տայ։ Երկրորդ, Արցախը եղել է գործօն, եւ այսօր նրա սուբիեկտայնութեան պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պէտք է գործեն՝ ներառեալ ժողովրդի ճակատագրի եւ ժողովրդի հետ վերադարձի պայմանների լուծումը։ Եւ այս պարագայում բանակցութիւնները միջազգային հարթակում՝ ընդունւած կամ որեւէ ընդունելի նոր ձեւաչափով, այլընտրանք չունեն։ Այս ռազմավարութեան պատասխանատուն ՀՀ եւ Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն են, առաւելապէս ՀՀ իշխանութիւնները, որոնք իշխանութեան գալու առաջին օրւանից վերցրել են իրենց վրայ պատասխանատւութիւնը, իսկ հիմա կամաց-կամաց այդ պատասխանատւութիւնը գցում են Արցախի իշխանութիւնների կամ այլ մարդկանց վրայ։ Սա նշանակում է, որ եթէ նրանք հրաժարւեն որեւիցէ ռազմավարութիւնից, մեր բազմադարեան պատմութեան ընթացքում հէնց նրանց ճակատին գրւած է լինելու Արցախի հայաթափման փաստը»,- ասաց Սէյրան Օհանեանը։

Արթուր Խաչատրեանի խօսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից յետոյ, խախտելով այդ փաստաթղթի դրոյթները, Ադրբեջանը հայ զինծառայողներ է գերեվարել, միջազգային կազմակերպութիւնների, տարբեր երկրների կոչերն արհամարհել է։

«Ապօրինի գերեվարւած մարդկանց փոխանակում է երկու յանցագործի հետ, դրանից բացի քաղաքական զիջում է պահանջում Հայաստանից, եւ դա մի հատ էլ ցոյց է տալիս որպէս բարեգթութեան ժեստ։ Եւ այստեղ ինչ-որ մարդիկ այդ նոյն երգը երգում են, որ՝ տեսէք, Ադրբեջանը զիջման գնաց, նշանակում է՝ մենք իր հետ կարող ենք խաղաղութիւն էլ կնքել»,- ասաց նա։

«7 օր է մարդկանց չի վեադարձնում պատկերցնո՞ւմ էք անունները կան, սպասողական վիճակ է, բայց սա ցոյց է տալիս, որ Ադրբեջանի հետ որեւէ համաձայնութիւն գալուց առաջ պէտք է լինի համաձայնութեան ապահովման երաշխիք»:

«Խաղաղութեան պայմանագիրը խաղաղութիւն չի բերելու։ Իմ խորին համոզումով այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, լինելու են շատ անորոշ ձեւակերպումներ»,-ասաց Արթուր Խաչատրեանը։

Նրա խօսքով՝ այդ ձեւակերպումները Բաքւին հնարաւորութիւն կը տան սեփական մեկնաբանութիւններով նոր պատերազմի առիթ ստեղծել։

«Ադրբեջանը Հայաստանի կողմից ցանկացած զիջումից յետոյ նոր զիջումներ է առաջ բերում, բայց ես կարծում եմ կամ գոնէ յոյս ունեմ, որ մնացած այս 17 օրերի ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրւի»,-ասաց ընդդիմադիր պատգամաւորը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցութիւնների անցկացման վայրին վերաբերող հարցին՝ Խաչատրեանն ասաց. «Կարեւոր չէ, թէ սեղանը որտեղ է դրւած, կարեւորն այն է, թէ այդ սեղանի շուրջ ով է նստած եւ ինչ է բանակցում։ Փաշինեանը ձախողել է բոլոր բանակցութիւնները, սկսած 2018 թւականից բոլոր բանակացութիւններին գնալով զիջումների»։

Նրա խօսքով՝ արեւմտեան հարթակներում Փաշինեանը կատարել է ամենամեծ զիջումը՝ ճանաչելով Ադրբեջանի գերիշխանութիւնը Արցախի նկատմամբ՝ դրա համար չունենալով որեւէ լիազօրութիւն եւ խուսափում է ռուսական հարթակներում բանակցութիւնների գնալուց։

Յայտնելով, որ Ադրբեջանը պահանջում է տետ-ա-տետ բանակցութիւններ՝ ընդդիմադիր պատգամաւորը՝ յայտնեց, որ ուժեղի եւ թոյլի միջեւ նման ձեւաչափով բանակցութիւն չի լինի, այլ կը լինի պարտադրանք։

Arfd.am

Related Articles

Back to top button