Անդրանիկ Թեւանեան. «Ամերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել»
«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով խաղաղութեան հասնելու նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից «բարդ փոխզիջումների գնալու» անհրաժեշտութեան մասին պաշտօնական Վաշինգտոնից հնչած տեսակէտին.
«Հայաստանի նշաձողը. չակնկալիքների քաղաքականութիւն
Երբ պաշտօնական Վաշինգտոնից հնչում է տեսակէտ, որ յանուն խաղաղութեան Հայաստանն ու Ադրբեջանը պէտք է բարդ ընտրութիւններ եւ բարդ փոխզիջումներ կատարեն, դա «թարգմանաբար» նշանակում է, որ Նիկոլ Փաշինեանին կոչ են անում գնալ հերթական միակողմանի զիջումների, որոնք, սակայն, չեն հանգեցնելու խաղաղութեան։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինեանին առաջարկում են Հայաստանի համար չակնկալիքների պայքար մղել՝ փոխարէնը խոստանալով աչք փակել ոստիկանապետութիւն կառուցելու եւ մարդու իրաւունքները բռնաբարելու վրայ։
ԱՄՆ–ը «ժողովրդավարական ռասիզմ» է բանեցնում Հայաստանի դէմ։
Վաշինգտոնի ուզածը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Դրա գինը մինչեւ 2023–ի սեպտեմբեր Արցախն էր։ Հիմա անցել են Հայաստանով վճարելու ռեժիմին։
Ո՞վ է հիմա յիշում Կիրանցի մասին։
Յ․Գ․։ Արցախը յանձնելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինեանին համարում էր համարձակ տղայ եւ խրախուսում նրան։ Շարլ Միշէլն էլ խոստանում էր Նիկոլի համարձակ քայլերի շրջանակներում պաշտպանել «Ղարաբաղի էթնիկ հայերի» իրաւունքները։ Էս երկուսով գլուխ բերեցին Արցախի յանձնումը։
Հիմա ամերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել։ Այս անգամ Հայաստանի կարգավիճակի նշաձողը։ Փոխարէնը խոստանում են «խաղաղութիւն» եւ «Հայաստանի էթնիկ հայերի պաշտպանութիւն»։
Ո՞վ է յիշում Կիրանցի ճանապարհի, չշահագործւող դպրոցի եւ այդ դպրոցին կից տնկւելիք ծառերի մասին»,- գրել է նա։